Մեկնաբանություն

28.09.2012 10:41


«Փչացած» հասարակությունը՝ Սերժի բնական դաշնակից

«Փչացած» հասարակությունը՝ Սերժի բնական դաշնակից

Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը շատ հաճախ չի տեղավորվում բարոյականության և արժանապատվության մասին շատերիս պատկերացումներում։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ամենակարևորը՝ ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարն իր երեսին թքածների հետ համագործակցել ու դեռ մի բան էլ առաջ քաշել։

Արտաշես Գեղամյանը հայհոյում էր Սերժին, իսկ հիմա հայտնվել է վերջինիս ղեկավարած կուսակցության ցուցակում։ Վիկտոր Դալլաքյանը խաղամոլության և գանձագողության մեջ էր մեղադրում ՀՀԿ ղեկավարին, իսկ այժմ ԱԺ–ում ներկայացնում է Սերժ Սարգսյանին։ Արթուր Բաղդասարյանը Ազատության հրապարակի հարթակից գոռում էր, թե իրեն ուզում են սպանել սերժականները, իսկ այժմ միայն քնած ժամանակ չի հայտարարում, որ սատարում է Սերժ Սարգսյանին (ով գիտե, միգուցե քնած ժամանակ էլ է ՕԵԿ ղեկավարը Սերժի օգտին քարոզ տանում)։

Հաշվի առնելով «նախաձեռնող» նախագահի կադրային քաղաքականության առանձնահատկությունները՝ կարող ենք ասել, որ խնդիր է դրված «փչացնել» ամեն ինչ և ամենքին։ Միայն «փչացած» քաղաքական դաշտի պարագայում հասարակությունը կդառնա բազմակի քվեարկություններ իրականացնող շրջիկ խմբերում ընդգրկված զանգված։ Միայն «փչացած» հասարակությունը կծախի իր ձայնը։

Սերժ Սարգսյանը, թերևս, բնազդով է զգում, որ պետք է դեգրադացնել հասարակությանը մինչև վերջ, քանզի միայն այդ դեպքում ինքը շանս կունենա իշխելու։ Առողջ հասարակությունը Սերժ Սարգսյանի բնական թշնամին է, իսկ հիվանդ հասարակությունը՝ բնական դաշնակիցը։ «Փչացածների» հասարակության մեջ ուրիշ էլ ով, եթե ոչ Սերժ Սարգսյանը նախագահ պետք է լինի։

«Եթե բոլորին կեղտոտենք, մեր կեղտոտվածությունը չի երևա ու նույնիսկ ներդաշնակ կդառնա ամբողջ հասարակության հետ»,–մտածում են Սերժը և իր շրջապատն ու անցնում գործի։

Պատահական չէ, որ իշխանություններն իրենց լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերում վխտացող «ստատուսչիներով» և «ֆեյքերով» հետևողականորեն քարոզում են մեր վատը լինելու թեզը։ Լրահոսին ու քննարկվող թեմաներին հետևելիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ժողովրդի մի մասը Սերժի դհոլն է, մեկ այլ մասը զբաղված է արձաններ կոտրելով, երրորդները զբաղված են բնությունը կեղտոտելով։ Մի խոսքով՝ վատն ենք, վատը, վատը...

Նկատենք, որ նույնիսկ թշնամու դիվերսանտները այսպիսի հարված չէին կարող հասցնել Հայաստանին, ինչպես որ դա անում են Բաղրամյան 26–ում հայտնված «ֆուտբոլասերները»։ Սրանց քարոզչությունը համահունչ է ադրբեջանական ինֆորմացիոն հարձակումներին։ 

Եվ այսպես, Սերժ Սարգսյանն ուզում է մեռած ու «փչացած» հասարակություն ստանալ, և դրա համար էլ քաղաքական դիակների ու «փչացածների» ինտենսիվ գովազդ է իրականացվում իշխանության կողմից։ Մեր ժողովրդին ամեն կերպ համոզում են, որ դրական փոփոխության հույս չունենա, քանզի շուրջ բոլորը ծախված են կամ ծախվելու են՝ հրեն Վիկտոր Դալլաքյանի օրինակը։

Սերժը դիտմամբ է «սպանել» իր հաճախորդներին ու համառորեն չի թաղում, այլ դնում է երկրի կենտրոնում, որպեսզի մեռելահոտը տարածվի ամբողջ երկրով մեկ, մտնի բոլորի քթի մեջ, ու մարդիկ գարշահոտությունից փրկվելու համար փախչեն երկրից ու համալրեն «Հայկական աշխարհը»։

Սերժի բնական դաշնակիցը նաև դատարկված Հայաստանն է։ Նա այդպես չի ուզում, բայց այդպես ստացվում է։ Սերժը ենթագիտակցորեն զգում է, որ միայն դատարկ Հայաստանում իրենից դժգոհ չեն լինի ու վարչապետի բերանից թռած «Բա մնան այստեղ, հեղափոխությո՞ւն անեն» ձևակերպումն ըստ Ֆրեյդի ստացվեց։

Այս ամենն արձանագրելով հանդերձ՝ պետք չէ Սերժ Սարգսյանին մեղադրել։ Նա անում է այն, ինչ կարող է և ինչին ընդունակ է։ Եթե մեր հասարակության իմունային համակարգը դեռ վերջնականապես շարքից դուրս չի եկել, պետք է ուժ գտնի և առաջիկա ընտրությունների ժամանակ պետական օրգանիզմից դուրս շպրտի քայքայիչ տարրերին, այլապես մի քանի տարի անց անկախ Հայաստանի մասին ստիպված կլինենք խոսել անցյալ ժամանակով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը