Մեկնաբանություն

29.09.2012 00:29


«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան»–ի ապահովման մեխանիզմը

«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան»–ի ապահովման մեխանիզմը

Առիթ ունեցել եմ նշելու, որ Վարդան Օսկանյանի դեմ «թխած» գործը պետք է կանգնի Սերժ Սարգսյանի կոկորդին։ Քաղաքական, իրավական և մարդկային հարաբերությունների էթիկան խախտած Սերժը միայն դրան է արժանի։

ԲՀԿ–ն բարձրացնում է ձեռնոցը

Դժվար է ասել, թե ինչը կամ ով դրդեց Սերժ Սարգսյանին այսպիսի էժանագին քայլի, բայց նա պետք է լավ իմանա, որ ազդեցությունն առաջացնում է հակազդեցություն, և ՀՀԿ ղեկավարը կստանա այն։

ԲՀԿ քաղխորհրդի տարածած հայտարարությունից պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի թիմը վճռական է տրամադրված և մինչև վերջ սատար է կանգնելու իր կուսակցին ու բոլոր օրինական միջոցներով հասնելու է արդարության վերականգնմանը։

Հայտարարության մեջ հստակ նշված է, որ Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործը ԲՀԿ–ն համարում է անհիմն, ինչպես նաև խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը։  

ԲՀԿ–ի համար հիմա եկել է ճշմարտության պահը։

Ով ով է

Ճշմարտության պահ է նաև խորհրդարանում ներկայացված ոչ կոալիցիոն ուժերի՝ ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի ու «ժառանգության» համար։ Օսկանյանի հետ կապված քաղաքական հետապնդմանը «Ո՛չ» ասելը կարող է լավ հիմք դառնալ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը կյանքի կոչելու համար, եթե, իհարկե, բոլորն անկեղծ են իրենց ընդդիմադիր լինելու, իշխանափոխության գնալու և երկրում դրական փոփոխությունների հասնելու հարցերում։

Ոչ պակաս ճշմարտության պահ է խորհրդարանական մեծամասնության մաս կազմող մի շարք պատգամավորների համար։ Ժամանակն է, որպեսզի նրանք, ովքեր մասնավոր զրույցներում լուրջ մտահոգություն են հայտնում երկրում տիրող վատ վիճակի կապակցությամբ և շան լափ թափում Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան–Միքայել Մինասյան «տրոյկայի» վրա, վերջապես հրապարակավ հայտնեն իրենց դիրքորոշումը։ Ի վերջո, խորհրդարանը մի օր պե՞տք է գործադիրի դակիչից վերածվի իշխանության լիարժեք և ինքնուրույն գործող ճյուղի, թե՞ ոչ։

Շատ չմնաց։ Շուտով կերևա, թե ով ով է։

Քվեարկությունը՝ լակմուսի թուղթ

Եվ այսպես, երկուշաբթի սկսվող քննարկումները կարմիր գիծ են քաշելու քաղաքական սուբյեկտների միջև։ Մի կողմում հայտնվելու են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած Սերժը, Սերժի փեսան ու Տիգրան Սարգսյանն իրենց կամակատարներով, իսկ մյուս կողմում՝ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի և Հայաստանում համակարգային փոփոխությունների կողմնակիցները։

Քաղաքական ուժերի և անհատ պատգամավորների իրական դիրքորոշման լավագույն ինդիկատորը լինելու է քվեարկությանը մասնակցել–չմասնակցելու փաստը։ Պետք է չմասնակցել քվեարկությանը, որպեսզի Սերժն ԱԺ–ում քվորումի ապահովման խնդրի առաջ կանգնի։

Եթե որևէ ուժ կամ անհատ պատգամավոր քննադատի իշխանության քայլերը, բայց միևնույն ժամանակ մասնակցի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությանը, ապա իմացած եղեք, որ գործ ունենք Սերժի հաճախորդի հետ։ Ու արդեն կապ չի ունենա, թե տվյալ ուժը կամ անհատ պատգամավորը «դե՞մ», «կո՞ղմ», թե՞ «ձեռնպահ» է քվեարկել։ Քվեարկությանը մասնակցելն արդեն իսկ իշխանության օգտին խաղալ է նշանակում, քանզի այդպիսով լեգիտիմացվում է այդ ֆարսը, ինչպես նաև քվորում է ապահովվում։

ՀՀԿ–ն և ՕԵԿ–ն ԱԺ–ում ունեն անհրաժեշտ ձայներ Աղվանի ներկայացրած միջնորդությունը բավարարելու համար, սակայն Օսկանյանի «գործն» այնպիսին է, որ բազում անակնկալներ կարող են լինել և եթե որևէ ոչ կոալիցիոն ուժի ներկայացուցիչ մասնակցի քվեարկությանը, ապա ակնհայտ կդառնա, որ դա դհոլություն է։ Մեր գործն այդ ժամանակ կլինի այդ «ընդդիմադիր» ուժին կամ պատգամավորին այնպիսի օրը գցելը, որ Արտաշես Գեղամյանը կամ Վիկտոր Դալլաքյանը համեմատության մեջ բարոյականության մարմնավորում ընկալվեն։

Կրկնեմ, քվեարկությունը պետք է բոյկոտել։ Թող սերժականներն իրենք իրենցով, իրենց կից գործող զուռնա–դհոլներով «ջա՛ն» ասեն, «ջա՛ն» լսել։ ԲՀԿ–ականների և մյուսների գործն այդ ժամանակ պետք է լինի այն, որ թույլ չտան ուրիշի փոխարեն քվեարկելու փորձերը։ Գործը կարող է հասնել անգամ ձեռնամարտի, բայց դե խորհրդարանական գործունեության պրակտիկայում այդպիսի դեպքեր էլ են պատահում։

Պետք է հասնել նրան, որ գլխավոր դատախազի (իմա՝ Սերժի) միջնորդությունը տապալվի, ինչը գալիք նախագահական ընտրություններից առաջ շատ լավ ստարտ կլինի միասնական գործող ընդդիմադիր դաշտի ձևավորման համար։

Քվեարկության ցանկացած ելքի դեպքում պետք է խորացնել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանը» և նախապատրաստվել հանրահավաքային հզոր ալիքի միջոցով քաղաքական պայքարի։

Նահանջի տեղ չկա։ Հետևում Հայաստանն ու Արցախն են։

Կարեն Հակոբջանյան 

Այս խորագրի վերջին նյութերը