Մեկնաբանություն

29.09.2012 16:55


Իշխանական համակարգը և Պարկինսոնի հիվանդությունը

Իշխանական համակարգը և Պարկինսոնի հիվանդությունը

Երկրում տեղի ունեցած վերջին` ոչ միայն քաղաքական, այլ նաև հասարակական զարգացումները ցույց են տալիս, որ մեր իշխանական համակարգը լուրջ հիվանդության վերջին փուլն է վերապրում: Այն կոչվում է Պարկինսոնի հիվանդություն և շատ լավ նկարագրվել է պատմաբան, տնտեսագետ և քաղաքագետ Սիրիլ Պարկինսոնի «Պարկինսոնի օրենքները» գրքում:

Ըստ Պարկինսոնի՝ համակարգի հիվանդության առաջին փուլը սկսվում է նրանից, որ այնտեղ հայտնվում է մի մարդ, ով ունակ չէ կատարել իր պարտականությունները, սակայն լինելով շատ նախանձող այլ մարդկանց հաջողությունների նկատմամբ՝ անընդհատ խառնվում է մարդկանց գործերի մեջ և ձգտում զբաղեցնել կառավարող պաշտոն:

Հիվանդության երկրորդ փուլը սկսվում է այն ժամանակ, երբ ինչ–ինչ միջոցների շնորհիվ անտաղանդ ու նախանձ այդ մարդը կարողանում է հասնել իշխանության: Նման մարդուն շատ հեշտ է  ճանաչել իր գործողություններից. ինքը չի հանդուրժում այն մարդկանց, ովքեր իրենից  ավելի տաղանդավոր են, խելացի և ունակ: Դրա համար մեր «հերոսը» անում է ամեն ինչ, որպիսի վերացնի իր ճանապարհից իրեն խոչնդոտող մարդկանց:  Արդյուքնում համակարգը լցվում է այն մարդկանցով, ովքեր ավելի ցածր մակարդակի են, քան ղեկավարը, և «եթե ինքը երկրորդ կարգի է, ապա իրենք լինելու են երրորդ կարգի, և կանեն ամեն ինչ, որ իրենց ենթակաները լինեն չորրորդ կարգի»:  Այդ իրավիճակը բերում է նրան, որ շուտով սկսվում է անհեթեթության մրցակցությունը, իսկ մարդիկ ձգտում են երևալ ավելի տգետ, քան կան իրականում:

Հիվանդության երրորդ և վերջին փուլում համակարգում այլևս չես հանդիպի նույնիսկ մեկ կաթիլ խելքի և պատասխանատվության: Այսուհետ համակարգը կարելի է համարել համարյա թե մահացած:  Այդ իրավիճակում այն կարող է գոյատևել տասնյակ տարիներ, բայց վերջ ի վերջո մահանում է:

Եվ եթե երկրորդ փուլում հիվանդությունը դեռ կարելի է բուժել՝ «վերացնելով վարակված մասերը», ապա երրորդ փուլում այն բուժմանը ենթակա չէ: Պետք է փոխել համակարգի բոլոր անդամներին և անունը, քանի որ վարակված է ամեն ինչ, իսկ դա նշանակում է, որ հին համակարգից չի կարելի վերցնել ոչինչ, իսկ եթե նույնիկ ուզում ենք վերցնել ինչ–որ մի բան, ապա միայն խիստ կարանտինից և ախտահանման շրջանից հետո:

Վերը նկարագրվածը տեղայնացնելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանում, ցավոք, մեր իշխանական համակարգը գտնվում է երրորդ փուլում: Դժվար չէ զուգադիպություններ անցկացնել նկարագրվածի և մեր իշխանության ու տարբեր վիկտորդալլաքյանների միջև:

Շարունակվող տնտեսական անկումը, հասարակության բարոյազրկումը հուշում են, որ մեր իշխանական համակարգը ենթակա չէ բուժման, իսկ այն բոլոր բուտաֆոր երևույթները՝ տարբեր «Սեյրա՛ն ջան, սիրո՛ւն չէ», «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չէ», «Տիգրա՛ն ջան, սիրո՛ւն չէ» դրսևորումներով, միայն ու միայն խորացնում են երրորդ փուլի հիվանդությունը:

Դե ինչ, Պարկինսոնը նկարագրել է հիվանդության երրորդ փուլում գտնվող համակարգից դուրս գալու ելքը: Մեզ մնում է միայն հասկանալ` արդյուք մենք ցանկանո՞ւմ ենք բուժվել, թե՞ գերադասում ենք դանդաղ, տանջվելով հաշվել մեր համակարգի վերջին օրերը: Մտածելու ժամանակ դեռ կա` մինչև 2013թ. փետրվար ամիսը:

«Քաղաքացիական հասարակություն»

Այս խորագրի վերջին նյութերը