Մեկնաբանություն

30.09.2012 11:57


Հաճախորդների շքահանդեսն սկսված է. Սուրի՛կ, «на выход!»

Հաճախորդների շքահանդեսն սկսված է. Սուրի՛կ, «на выход!»

Վարդան Օսկանյանի դեմ կազմակերպած արշավում մենակ չմնալու համար՝ Բաղրամյան 26–ը խաղի մեջ է մտցրել իր հաճախորդներին։ Սրանց վրա խնդիր է դրված «ընդդիմադիր» դիրքերից քննադատել նախկին արտգործնախարարին՝ առաջնորդվելով «սարերի օրենքով»։

Ինչպես և սպասվում էր, Սերժ Սարգսյանի «գեբեշնիկական» քայլերը «տակից» պաշտպանելու գործում առաջին գծում հայտնվեց Նեմեց Ռուբոյի կուռացիայի տակ «թունդ ընդդիմադիրություն» անող Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը։ Այդ կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը միշիկական կայքերից մեկին տված հարցազրույցում  նշել է հետևյալը. «Վարդան Օսկանյանն իր մաշկի վրա պետք է զգա այն, ինչ մենք ենք զգում, առհասարակ, 10 տարի շարունակ։ Հատկապես «Մարտի 1»–ին ռեժիմի պաշտպանելու իր անբարո վարքագծի ու անմարդկային դրսևորումների համար պետք է Վարդան Օսկանյանն այս ամենը զգա իր կաշվի վրա։ Սա պետք է դաս լինի մնացած բոլորի համար, ովքեր նման վարքագիծ են դրսևորել՝ կուրորեն ծառայելու ռեժիմին։ Իրենք բոլորն այդ բախտին են արժանանալու»։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե Աբրահամյանը խիստ ընդդիմադիր կեցվածք է որդեգրել և մարտի 1–ի դեպքերի համատեքստում է ճիշտ համարում Օսկանյանին պատժելը, թեկուզև շինծու մեղադրանքով։ Իրականում, սակայն, Աբրահամյանն ամբողջությամբ շարժվում է իշխանության կողմից շրջանառության մեջ դրված քարոզչակոդերից մեկով, ըստ որի՝ «ընդդիմադիր» դիրքերից Օսկանյանին քննադատողներն ու Սերժի քայլերը պաշտպանողներն իրենց գործողությունները լեգիտիմացնելու համար պետք է արցունքներն աչքերին խոսեն մարտի 1–ից և դրա թիվ 1 պատասխանատու ներկայացնեն ... այդ օրն ասուլիս տված Վարդան Օսկանյանին։ Այսինքն՝ Սուրեն Աբրահամյանի ու նրա նմանների վրա դրված է Արտաշես Գեղամյանի ֆունկցիան, որը «Ազգային միաբանության» առաջնորդը կատարում էր մինչև վերջնականապես «կուսազրկվելը»։

Սուրիկն ու մյուսները, չբացահայտվելու համար, պետք է կոկորդիլոսի արցունք թափեն մարտի 1–ի թեմայով ու ... մարտի 1–ի թիվ 1 շահառու Սերժ Սարգսյանի համար դհոլություն անեն, ինչով էլ, մասնավորապես, զբաղված է Սուրեն Աբրահամյանը։ Բայց դե ամեն ինչ այնքան ակնհայտ երևում է, որ անգամ «աղվես» մականունը կրող նախկին ոստիկանապետն է զույգ ոտքով թակարդն ընկնում։

Սպասվում է, որ Սուրիկի պես դեռ շատերն իրենց փայ դհոլությունը կանեն։ Իսկ ամենամեծ դըմբլդոցը կլինի երկուշաբթի օրը, երբ ԱԺ–ում իր առաջադրանքը կկատարի ամենաճղճղան ձայնով դհոլը։ Խոսքս տվյալ դեպքում Գեղամյանի մասին չէ։ «Յուղը» վրան նոր դհոլ կա իշխանության ձեռքի տակ, ու այն օգտագործվելու է անողոքաբար։

Եվ այսպես, Հայաստանում հիմա հաճախորդների շքահանդես է։ Աշուն–ձմեռ հավաքածուն արդեն վաճառքում է։ Հայտարարված են մեծ զեղչեր։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը