Մեկնաբանություն

30.09.2012 14:27


Օսկանյանի դեմ կիրառվող միշիկական քարոզչամեքենայի մարտավարությունը

Օսկանյանի դեմ կիրառվող միշիկական քարոզչամեքենայի մարտավարությունը

Վարդան Օսկանյանի «գործով» գլխավոր դատախազին ԱԺ գործուղելուն զուգընթաց, Բաղրամյան 26–ը զբաղված է նաև գործընթացին համապատասխան տեղեկատվական ու «գաղափարական» ֆոն ապահովելով։

Միշիկական թերթերն ու կայքերն աշխատում են մի քանի ուղղություններով և շրջանառության մեջ են դրել հետևյալ թեզերը.

Ա. «Արևմտամետ» Սարգսյանն ընդդեմ «ռուսամետ» Օսկանյանի

Ըստ իշխանական լրատվամիջոցների մատուցվող «վերլուծության»՝ Վարդան Օսկանյանի դեմ արշավը գլոբալ՝ Արևմուտք–Ռուսաստան հակամարտության արդյունք է, և այդ հակամարտության մեջ առաջադեմ ու արևմտամետ Սերժ Սարգսյանը պայքարում է հետադիմական ու ռուսամետ ԲՀԿ–ականների դեմ, ուստի Հայաստանի առաջադեմ հասարակությունը պետք է  աչք փակի (իսկ ավելի լավ կանի, եթե աջակցի) գործ սարքոցիի վրա, քանզի մեծ ու բարի նպատակներն արդարացնում են բոլոր միջոցները։

Նկատենք, որ իշխանական քարոզչամեքենան հայ–թուրքական տխրահռչակ «ֆուտբոլից» սկսած Սերժին ներկայացնում է որպես արևմտամետ։ Ճիշտ է, «արևմտամետ» Սերժն այդ ընթացքում հասցրերց ռուսական ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում 49 տարով երկարաձգելու մասին պայմանագիր կնքել, իսկ Արևմուտքի մաս կազմող Հունգարիան, օգտվելով Սերժի «նախաձեռնողականությունից», Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան ուղարկեց, բայց դա չազդեց պատվերով համերգ տվողների էնտուզիազմի վրա։

Թե քանի հոգի կարող է հավատալ «Անասնաֆերմայի» ոգով ներծծված «Արևմտամետ Սերժի» մասին թխվող միֆին, թողնում ենք նախագահականի քարոզչաթիմի երևակայությանը։

Անգամ պարզունակ վերլուծություններ անելու ունակության տեր մարդու համար պարզ է, որ սովետական տարիներին Ադրբեջանի կոմունիստական ու չեկիստական ղեկավարության, իսկ ՍՍՀՄ փլուզումից հետո արդեն Ռուսաստանի Դաշնության գաղտնի ծառայությունների սիրելին դարձած և անգամ ռուսական «ԳՌՈՒ»–ից վերջերս մեդալ ստացած Սերժ Սարգսյանը ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, ո՛չ թուրքամետ և ո՛չ էլ առավելևս հայամետ։

«Օրվա կուրսից» կախված՝ ՀՀԿ ղեկավարը և՛ «արևմտամետ» է, և՛ «ռուսամետ», և՛ թուրքամետ։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն, իրականում, աթոռամետ է և Օսկանյանի դեմ գործ է պատվիրել՝ Գագիկ Ծառուկյանից զիջումներ կորզելու նպատակով, սակայն փոխարենը կստանա «բուբլիկի անցք»։

Բ. «Օտար խաղեր» ընդդիմության համար

Սերժ Սարգսյանի քարոզչաթիմը ջանք ու եռանդ չի խնայում տարածելու համար, թե  Վարդան Օսկանյանի դեմ գործը ներիշխանական «ռազբորկայի» արդյունք է, ուստի իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը չպետք է խառնվեն այս ամենի մեջ։

Այս թեզի օգնությամբ փորձ է արվում լուծել հետևյալ խնդիրը. հնարավորինս մեծ թվով հավի ուղեղ ունեցողների համոզել, որ ԲՀԿ–ն իշխանության մաս է և կոալիցիայից դուրս է եկել ընդամենը խաղի համար և չարժե, որպեսզի ընդդիմությունն էներգիա ծախսի ներիշխանական խաղերի մեջ։ Պատկերացնու՞մ եք, Սերժ Սարգսյանն այնքան է մտահոգված ընդդիմության էներգիայի պահպանմամբ, որ էլ դու սուս։

Ակնհայտ է, որ սա դեմագոգիա է, և շատ շուտով նույնիսկ հավի ուղեղ ունեցողները կհամոզվեն դրանում։

Գ. «Օսկանյան» օպերացիան և իշխանության հաշվարկները

Հաշվի առնելով, որ մեր հասարակությունը դալլքայաններ, գեղամյաններ ու արթուրիկներ է տեսել՝ Բաղրամյան 26–ի գրչակները «մուտիլովկան» «մուտիլովկայի» հետևից են տարածում և փորձում տեղ հասցնել մի «միտք», ըստ որի՝ իշխանությունները, գործ սարքելով Օսկանյանի դեմ, արհեստականորեն բարձրացնում են նրա վարկանիշը, որպեսզի նախագահական ընտրություններում նա կարողանա խլել ընդդիմության ձայներն ու հեշտացնել Սերժի վերընտրությունը։

Գեբելսյան քարոզչության սկզբունքներով ծնված այս «միտքը», ինչպես ասում են, կաղում է երկու ոտքից։ Միայն բանից անտեղյակները չգիտեն, որ եթե  ԲՀԿ–ն նախագահական ընտրություններում հանդես գա սեփական թեկնածուով, ապա դա Վարդան Օսկանյանը չի լինելու, հետևաբար՝ վերջինս չի կարող որպես նախագահի թեկնածու ձայներ խլել ընդդիմությունից ու այդպիսով ապահովել Սերժի նախագահության երկրորդ շրջանը։

Դ. Օսկանյանը մեղավոր չէ «փողերի լվացման» գործում, բայց մեղավոր է մարտի 1–ի համար

Նմանատիպ քարոզ անելով՝ իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս իր փարիսեցիությունն ու բոլշևիկյան մտածողությունը։ Սերժ շրջապատը հետևյալ «մեսիջն» է ուզում փոխանցել. «Ճիշտ է, Վարդան Օսկանյանի դեմ գործը սարքած է և ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը քաղաքական հետապնդման է ենթարկում իր հետ պայմանավորվածության չեկած ԲՀԿ–ին, բայց դե Օսկանյանին «հասնում» է, քանի որ նա մարտի 1–ի դեպքերի ժամանակ ասուլիս տվեց ու պաշտպանեց իշխանության քայլերը, հետևաբար՝ Սերժն այնքան էլ վատ բան չի անում»։

Սա ամենանուրբ և միևնույն ժամանակ ամենանողկալի տեխնոլոգիան է, որը կիրառվում է Բաղրամյան 26–ի կողմից։ Փաստորեն ստացվում է, որ մարտի 1–ից օգտված և 10 զոհի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը վերածվել է արդարադատության ոչ ստանդարտ մեթոդի կիրառման առաջամարտիկի և պայքարում է մարտի 1–ի մեղավորների, մասնավորապես՝ Օսկանյանի դե՞մ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Նման քարոզչակոդով փորձ է արվում նախ ՀԱԿ–ի զանգվածի վրա ազդել, ինչպես նաև «գաղափարական» դաշտ ստեղծել Սերժի նորաթուխ «դհոլների» համար։ «Դհոլներ», որոնց վրա դրված է Վարդան Օսկանյանի դեմ հանդես գալու և Սերժ Սարգսյանի կազմակերպած «մուտիլովկաներին» աջակցելու ֆունկցիան։

«Մարտի 1»–ի հետևում թաքնվելով ու 10 զոհերին առևտրի առարկա դարձնելով՝ «ընդդիմադիր» գործիչները փորձում են թաքցնել իրենց բուն էությունը, սակայն դա հնարավոր չէ։ Բա մենք հո քնա՞ծ չենք, որպեսզի թողնենք Սերժի հաճախորդները գեղամյանական հռետորաբանությունը կիրառելով փող աշխատեն։

. . .

Ահա այս 4 հիմնական ուղղություններն են որդեգրել Սերժ Սարգսյանի շրջապատում՝ Վարդան Օսկանյանի դեմ սարքած գործին քարոզչական աջակցություն ապահովելու համար։ Թե քանի հավ կուլ կտա իշխանության նետած «կտերը»՝ պարզ կդառնա առաջիկայում։

Մեկ բան ակնհայտ է. Բաղրամյան 26–ի ստի մեքենան ու չարիքի կայսրությունը պայթելու է այնպես, ինչպես բոլշևիկյան համակարգի հետ դա տեղի ունեցավ։ Խնդիրն այն է, որ այդ ամենի հետևանքով հանկարծ պետությունը տանուլ չտանք այնպես, ինչպես բոլշևիկները։ Սա՛ է խնդիրը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը