Մեկնաբանություն

01.10.2012 22:42


ՀՀԿ–ն ու Աղվան Հովսեփյանը «պոդստավկա» եղան

ՀՀԿ–ն ու Աղվան Հովսեփյանը «պոդստավկա» եղան

Վարդան Օսկանյանի «գործով» ԱԺ–ում տեղի ունեցած քննարկումները և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագիրը ցույց տվեցին, որ իշխանությունները շատ ավելի փնթի են աշխատել, քան կարելի էր պատկերացնել։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ կարող ենք ասել, որ ԲՀԿ–ի դեմ քաղաքական պատվեր իջեցնելով՝ Սերժ Սարգսյանը, ըստ էության, «պոդստավկա» է արել և՛ ՀՀԿ–ին, և՛ Աղվան Հովսեփյանին։

Խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՀԿ–ականների երեսին գույն չկար, և նրանք իրար մեջ քչփչում էին ու հայհոյանքներ տեղում Բաղրամյան 26–ի ուղղությամբ։

Հանրապետականների տառաճանաչ զանգվածը լրագրողների հետ «փակ» զրույցների ժամանակ ընդունում է, որ Օսկանյանի դեմ ներկայացրած մեղադրանքներն անհիմն են ու աչքի են ընկնում իրավական անգրագիտությամբ։ Նրանք ընդունում են, որ զավեշտ է, երբ «Սիվիլիթաս» հիմնադրամի և հիմնադրամին փող հատկացրած Հանցմանի շահերը դատախազությունը պաշտպանում է նույն այդ հիմնադրամի հիմնադիրից, և դա այն դեպքում, երբ ո՛չ «Սիվիլիթասը», ո՛չ Հանցմանը չեն բողոքում, թե իրենց շահերը ոտնահարված են։

Որոշակի կրթական ցենզ ունեցող ՀՀԿ–ականները հասկանում են, որ Աղվանի միջնորդությանը կողմ քվեարկելով՝ իրենք պարզապես «կփչանան»։

Ծանր վիճակի մեջ է նաև ՀՀԿ–ի կիսագողական զանգվածը։ Նրանց համար Օսկանյանի դեմ քվեարկելը «զապադլո» է և գործ տալու պես մի բան։ Այս զանգվածից առանձնացավ միայն Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, ով Սերժ Սարգսյանին քծնելու առիթը բաց չթողեց՝ լրագրողների հետ զրույցում հայտարարելով, թե  Օսկանյանի դեմ է քվեարկելու, քանի որ նախկին արտգործնախարարը... ոտքի չի կանգնել այն ժամանակ, երբ ՀՀԿ ղեկավարը եկել է ԱԺ. սա արդեն լրիվ մառազմի ոլորտից է։

Իսկ, ընդհանուր առմամբ, իշխող ուժը ներկայացնող պատգամավորները մտահոգված են երկրում ստեղծված ռեպրեսիվ մթնոլորտից։

 «Մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ վաղն էլ մեր հետևից չեն գա և որևէ շինծու մեղադրանքով մեզ էլ չեն կալանավորի ու նախընտրական շոու չեն սարքի»,–մեզ հետ զրույցում նկատեց հնաբնակ ՀՀԿ–ականներից, ով, հասկանալի պատճառներով, խնդրեց չհրապարակել իր անունը։

Բավական անհարմար վիճակի մեջ է հայտնվել նաև Աղվան Հովսեփյանը։ Նրան իշխանություններն այժմ երկշերտ «փչացման» են ենթարկում։ Հանձնարարելով գործ թխել ամեն գնով՝ Բաղրամյան 26–ը իրավական տեսանկյունից ծիծաղի առարկա դարձրեց գլխավոր դատախազին։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի շուրթերով ձեռքի հետ նվաստացրեց իր կամակատար դատախազին՝ առաջնորդվելով ստալինյան սկզբունքով։

Ահա այսպիսի մթնոլորտում խորհրդարանը հոկտեմբերի 2–ին քվեարկություն է իրականացնելու և որոշելու է Աղվան Հովսեփյանի միջնորդության հարցը։ 

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի կոպիտ սխալի արդյունքում «պոդստավկա» եղավ ՀՀԿ–ն, իրավապահ համակարգը, իսկ Հայաստանի Հանրապետության իմիջին լուրջ հարված հասցվեց, քանզի ադրբեջանցիները հիմա ամենուրեք հայտարարելու են, թե Հայաստանի արտաքին գերատեսչությունը 10 տարի ներկայացրել է փողերի լվացմամբ զբաղվող մարդը։ Բայց Սերժին նման բաները չեն հետաքրքրում։ Նա տառապում է վերարտադրվելու իդեա–ֆիքսով, ինչն էլ սխալների պատճառ է դառնում։ Ի վերջո՝ Սերժն ու իրեն կից գործող երիտօլիգարխիան սեփական ագահության զոհ են դառնալու։

Կորյուն Մանուկյան 

Այս խորագրի վերջին նյութերը