Մեկնաբանություն

02.10.2012 09:18


Նիկոլ Փաշինյանը վերցնում է «փոխանցիկ դհոլը» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը վերցնում է «փոխանցիկ դհոլը» (տեսանյութ)

Ինչպես և սպասվում էր, Վարդան Օսկանյանի դեմ Բաղրամյան 26–ն օգտագործելու է ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները։ Խորհրդարանում տեղի ունեցած քննարկումները ցույց տվեցին, որ Արտաշես Գեղամյանը կարող է հանգիստ լինել, քանի որ իր գործի շարունակողը կա։ Դա Նիկոլ Փաշինյանն է։

Սերժ Սարգսյանին ու նրան կից գործող երիտօլիգարխիային օդ ու ջրի պես պետք էր ԲՀԿ–ի ու մասնավորապես Վարդան Օսկանյանի դեմ սարքած գործի «գաղափարական» ու «հասարակական» ֆոն ապահովել, և այդ ֆունկցիան իր վրա վերցրեց Նիկոլ Փաշինյանը: Նա իր դերը կատարեց ՀՀԿ ղեկավարի հաճախորդների համար դասական դարձած սխեմայով՝ խոսքով քննադատել իշխանությանը, բայց փաստացի ծառայելով Սերժին։

Եթե մի կողմ դնենք Նիկոլի դալլաքյանատիպ քննադատությունը Աղվան Հովսեփյանի հասցեին և «ա լյա» Գեղամյան կուրծք ծեծելը մարտի 1–ի թեմայով, ապա տակը կմնա չոր փաստը, ըստ որի՝ Նիկոլն ու Աղվանը նույն գծի վրա են և տարբեր ձևակերպումներով պաշտպանում են Սերժ Սարգսյանի քաղաքական պատվերը։ Վե՛րջ։ Մնացածը բառեր են, բառեր, բառեր...

Սերժ Սարգսյանի անցած ուղին վկայում է, որ արժանապատվության մասին նրա պատկերացումները ստանդարտից դուրս են, և եթե պետք է, ապա «նախաձեռնող» նախագահը կարող է իրեն կամ իր թիմակիցներին հայհոյելու «քարտ–բլանշ» տալ տարատեսակ ժողգործիքներին (հիշե՛ք Գեղամյանի հայհոյանքները Սերժի հասցեին), որպեսզի վերջիններս հասարակական լեգիտիմություն ստանան և ընդդիմադիրի կարգավիճակով խաղան իշխանության խաղը։  Փաշինյանը հստակ տեղավորվում է այդ մոդելի մեջ։ Նա կոկորդիլոսի արցունքներ է թափում մարտի 1–ի թեմայով և... կողմ արտահայտվում մարտի 1–ից օգտված ու դրա միջոցով նախագահականում հայտնված Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը։

Եվ այսպես, Նիկոլը նախ քրեական հանցագործության (թանկարժեք ավտոմեքենայի յուրացում) ու տարատեսակ մահացու մեղքերի մեջ մեղադրեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որպեսզի կարողանա յուրօրինակ քաղաքական ալիբի ապահովել իր համար և ցույց տալ, թե ինչպիսի «թունդ ընդդիմադիր» է ինքը (նույն ձևով, օրինակ, Վիկտոր Դալլաքյանը մեղադրում էր Սերժ Սարգսյանին՝ կազինոյում 50 հազ. դոլար կոն դնելու համար, իսկ հիմա որտե՞ղ է այդ «միամիտ» լոռեցին)։ Հաճախորդները, որպես կանոն, հենց այդպես էլ վարվում են։

Ա. Հովսեփյանի դեմ հանդես գալուց հետո Փաշինյանն անցավ իր բուն առաջադրանքին ու փաստացի ներկայացավ որպես Վարդան Օսկանյանի «գործով» գլխավոր մեղադրող։ Ու որպեսզի լեգիտիմացվի իր խոսքը, և չերևան Բաղրամյան 26–ի ականջները, «ընդդիմադիր» Նիկոլը թաքնվեց «Մարտի 1»–ի հետևում։ Դրանից հետո ակնհայտ դարձավ, որ իշխանության հարվածային ուժն ԱԺ–ում ոչ թե Աղվան Հովսեփյանն է, ում ուղարկել էին «փչանալու», այլ Սերժի հետ «երկխոսության» կողմնակից Փաշինյանը։ Պարզապես նողկալի էր հետևելը, թե ինչպես է մարտի 1–ի 10 զոհի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանի շահերը պաշտպանում և Աղվանի միջնորդությանը «գաղափարական» հիմնավորում տալիս Փաշինյանը՝ առևտրի առարկա դարձնելով նույն այդ 10 զոհերին։

Եթե Հովսեփյանը զուտ իրավական մառազմն էր բարձրաձայնում ԱԺ ամբիոնից, ապա Փաշինյանը ստանձնել էր «հասարակական մեղադրողի» ֆունկցիան ու փաստացի ընդունելով, որ Օսկանյանի «գործը» շինծու է՝ կողմ էր արտահայտվում մի միջնորդության, որը թխվել է Բաղրամյան 26–ում։ Փաշինյանն ավելի հեռուն գնաց ու գլխավոր դատախազի ներկայացրած մեղադրանքներին ավելացրեց իրենը՝ ամբողջությամբ տեղավորվելով «անկախ» լրատվամիջոցների տարածած կոդերի մեջ։

Պատկերացնո՞ւմ եք, թե դեմագոգիան և փարիսեցիությունը ինչ աստիճանի են հասել, որ «Հայկական ժամանակ» թերթով տարիներ շարունակ քիրվայություն քարոզող, հակաղարաբաղցիական ու հակաղարաբաղյան տրամադրություններ տարածող Նիկոլը Օսկանյանից հաշիվ է պահանջում, օրինակ, Քելբաջարն օկուպացված տարածք անվանելու համար։ Ով ով, բայց Նիկոլն իրավունք չունի խոսել Մեղրիից կամ Քելբաջարից, քանզի դավանում է թրքաբոլշևիկյան գաղափարախոսություն։  Մարդ, ով իր խմբագրականներում գրում էր, թե Հայոց ցեղասպանությունը պետք է մոռացության տալ Թուրքիայի հետ սահմանը բացելու դիմաց, մարդ, ով գրում էր, թե Ղարաբաղը պետք է զիջել Ադրբեջանին՝ հայ–ադրբեջանական սահմանը բացելու դիմաց, այսօր «հայրենասիրություն» է խաղում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Ուշագրավ է, որ իրեն ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ջատագով հռչակող Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի քայլերն արդարացնում է բոլշևիկների սիրած «քաղաքական նպատակահարմարության» սկզբունքից ելնելով։ Ու արդեն կապ չունի, որ նա կրքոտ խոսում է մարտի 1–ի զոհերից։ Գեղամյանն էլ 2003թ. նախագահական ընտրությունների քարոզչության փուլում, թաքցնելու համար սեփական դհոլությունը, ավելի կրքոտ էր խոսում Հոկտեմբերի 27–ի զոհերից ու թափված արյունից, քան նախագահի մյուս թեկնածու Ստեփան Դեմիրճյանը, ում հորն էին սպանել։ Հիշե՛ք Գեղամյանի «բրոնեժիլետը», հնդկական կինո հիշեցնող լալահառաչ ելույթները և այն խոսքերը, թե ով Սերժ Սարգսյանի կողքը կանգնի՝ անմիջապես կվարկաբեկվի։

Գեղամյանն էլ էր ճղճղան ձայնով քննադատում իր իսկ բնութագրմամաբ «Քոչարյան–Սարգսյան հանցավոր զույգին» ու սարսափելի մեղադրանքներ ներկայացնում նրանց, իսկ հիմա, ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք, Գեղամյանն ու Փաշինյանը, ուս–ուսի տված, Սերժ Սարգսյանի քաղաքական փաստաբանի դերն են ստանձնել։ Բայց արժե առանձնահատուկ ընդգծել, որ Գեղամյանը տվյալ պարագայում իրեն ավելի բարոյական է պահում, քանզի քաղաքական կոմերցիայի մեջ չի օգտագործում մարտի 1–ի զոհերին, իսկ ահա «թունդ ընդդիմադիր» Նիկոլը, անտեղյակներից ու միամիտներից էմոցիա խլելով, անում է այն, ինչն ընդունված է դհոլություն համարել։ Իսկ եթե ոմանք խափնվում են սուր խոսքով, ապա հիշեցնեմ նաև, որ Արթուր Բաղդասարյանը Սերժին մեղադրում էր իրեն սպանելու փորձի մեջ, և որտե՞ղ է հիմա ՕԵԿ առաջնորդը։  

Իրական ընդդիմադիրներին հաճախորդներից տարբերելու մի ձև կա. պետք է նայել, թե մարդը սկզբունքո՞վ է առաջնորդվում, թե՞ անձնական համակրանք–հակակրանքով, ինչպես նաև պետք է նայել, թե ով ինչ է անում, այլ ոչ թե՝ ինչ է ասում։

Նիկոլն այժմ իրեն պահում է հայտնի «Մաֆիա» խաղի այն սև խաղացողի պես, ով կարմիրներին մոլորեցնելու համար քննադատում է մյուս սև խաղացողներին ու նույնիսկ կողմ լինում, որպեսզի սևերից մեկը հեռացվի, բայց գիշերը կրակում է կարմիրների վրա։

Ինձ համար վաղուց էր պարզ, բայց հիմա բոլորին է տեսանելի, թե ինչով է զբաղված կալանավայրից «երկխոսությամբ» ազատ արձակված Նիկոլ Փաշինյանը։ Արձանագրենք, որ մի շարք գործոնների ազդեցության տակ նա  ընտրություն է կատարել Սերժ Սարգսյանի դաշտում խաղալու օգտին։ Պատահական չէ, որ Նիկոլը դարձել է միշիկական լրատվամիջոցների սիրելին։ Նրան ցիտում են, նրա մասին դրական լույսի ներքո վերլուծություններ են գրվում և այլն։ Մի խոսքով՝ նա ՀԱԿ–ում մնացած «ական» է, որը, սակայն, մեծ գմփյունով պայթեց խորհրդարանի դահլիճում։

Թե ինչու է այսքանից հետո Նիկոլը մնում ՀԱԿ–ում, կարելի է միայն կռահել։ Տրամաբանորեն նա պետք է դուրս գար այդ կառույցից և միանար դավիթշահնազարյաններին, արամսարգսյաններին ու Սերժի մյուս հաճախորդներին, բայց Բաղրամյան 26–ում, թերևս, այլ ծրագրեր ունեն Նիկոլի մասով։ Ամեն դեպքում, ափսոս էր տղան։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Կից տեսանյութերում ներկայացված է Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի, Վիկտոր Դալլաքյանի «թունդ ընդդիմադիր» պահվածքը չբացահայտված փուլում։ Կարծում եմ, որ Նիկոլն իր կատարողական վարպետությամբ չի զիջում նրանց և արժանի է «փոխանցիկ դհոլի»։

  

Այս խորագրի վերջին նյութերը