Լրահոս

09.06.2009 13:37


Հովսեփ Խուրշուդյան. «Շատ վնասակար հետևանքներ կարող է ունենալ Փաստահավաք խմբի գործունեության դադարեցումը»

Հովսեփ Խուրշուդյան. «Շատ վնասակար հետևանքներ կարող է ունենալ Փաստահավաք խմբի գործունեության դադարեցումը»

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը սպասելի էր համարում Փորձագետների փաստահավաք խմբի գործունեությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Սերժ Սարգսյանի որոշումը։   

-Դա կարելի էր սպասել արդեն վերջին զարգացումների արդյունքում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի և իշխանությունների մեկական ներկայացուցիչները դուրս եկան խմբի կազմից։ Կարծում եմ, որ դրա թույլտվությունը նրանք ոչ միայն ստացել էին, այլև նման վարքագիծն ուղղորդված էր նախագահականից։ Ամեն դեպքում, վրդովմունքով ենք արձագանքում, քանի որ Փաստահավաք խումբն իր խնդիրը ամբողջապես դեռ չի լուծել, աշխատանքներն ընթացքի մեջ էին և բավականին արդյունավետ էին ընթանում։ Մանավանդ՝ մինչև այս վերջին մեկ ամիսը։ Եվ հասարակությունը սպասում էր Փաստահավաք խմբի որոշումներին, որոնք որ հուզում են բոլորին. թե ովքե՞ր են, ի վերջո, 10 խախաղ ցուցարարներին սպանած մարդասպանները։ Կարծում եմ, որ շատ վնասակար հետևանքներ կարող է ունենալ Փաստահավաք խմբի գործունեության դադարեցումը նաև հասարակական տրամադրությունների, Հայաստանի միջազգային հեղինակության առումներով։ Եվ, ամենակարևորը, չեն բացահայտվի այդ մարդասպանները, ինչն անպատժելիության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հերթական քայլը կարող է լինել,- «7օր»-ին ասել է Հ. Խուրշուդյանը։

Նա դժվարացել է պատասխանել, թե ինչ ճակատագիր կունենան Փաստահավաք խմբի՝ մինչ այս հավաքած փաստերը, սակայն, ըստ Հ. Խուրշուդյանի, արդեն ամբողջությամբ իրավազոր են բացահայտելու դեռևս չհրապարակված փաստերը, քանի որ կարգադրության ուժը կորել է, չհրապարակելու արգելքն էլ չկա։ 

Այս խորագրի վերջին նյութերը