Մեկնաբանություն

02.10.2012 15:06


Որո՞նք են Նիկոլ Փաշինյանի սկզբունքները

Որո՞նք են Նիկոլ Փաշինյանի սկզբունքները

Վարդան Օսկանյանի «գործի» հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը կողմ է Աղվան Հովսեփյանի միջոցով Սերժ Սարգսյանի ներկայացրած միջնորդությանը։ Ճիշտ է, Նիկոլը ուրիշ «մոմենտով» է կողմ, բայց փաստն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, Արտաշես Գեղամյանը, ՕԵԿ–ը, Բուռնաշը, Բաբուխանյան Հայկը, դավադրությունների տեսաբան Բառադի Համոն և  Նիկոլը նույն նավակում են հայտնվել, և ամեն մեկն իր ձևով փորձում է նպաստել Սերժի գլխավորած իշխանության վերարտադրմանը։

Դեռևս ամիսներ առաջ Նիկոլը հայտարարել էր հետևյալը. «Եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու։ Կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած եւ այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմ իմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին: ... Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է: Որովհետեւ քննարկել հարցը՝ սարքովի է մեղադրանքը, թե ոչ՝ նշանակում է Օսկանյանին քննարկել Սահմանադրության եւ օրինականության դաշտում» (Անդրանիկ Թևանյանի գնահատականները Նիկոլ Փաշինյանի տեսակետին տե՛ս http://7or.am/am/news/view/36683/

Մի կողմ թողնելով այն հարցը, որ Նիկոլի ասածները հաճախորդներին ներհատուկ վարքագծի շրջանակներում են տեղավորվում, քննարկենք նրա դիրքորոշումն այլ հարթության մեջ։

Եկեք մի պահ ենթադրենք, որ Նիկոլը ոչ թե գեղամյանական դպրոցի ներկայացուցիչ է, այլ սկզբունքային ընդդիմադիր։ Եկեք նաև ենթադրենք, որ Փաշինյանն անկեղծորեն ուզում է պատժել մարտի 1–ին ասուլիս տված, երկխոսության կոչ արած և այդպիսով մեղք գործած Վարդան Օսկանյանին։ Եկեք զուգահեռաբար մոռանանք, որ Նիկոլ Փաշինյանն ի վերջո երկխոսության մեջ մտավ Սերժ Սարգսյանի հետ, և այդ երկխոսության շնորհիվ ազատ արձակվեց ու հայտնվեց խորհրդարանում։ Ճիշտ է, դա այն երկխոսությունը չէր, որը 2008թ. առաջարկում էր Օսկանյանը, բայց դե...

Եվ այսպես, եթե Փաշինյանը հայտարարում է, որ Օսկանյանին անգամ շինծու մեղադրանք ներկայացվելու դեպքում ինքը կողմ է գլխավոր դատախազի միջնորդագրին, քանի որ իր անձնական մեղադրանքն ու դատավճիռն է ուզում կայացրած լինել, ապա նա շարժվում է ոչ թե օրենքի և իրավունքի գերակայության սկզբունքով, այլ «քաղաքական նպատակահարմարության» տխրահռչակ տարբերակով։

Նիկոլը, փաստորեն, «ժողովրդի թշնամի» բոլշևիկյան պիտակն է կպցնում նախկին արտգործնախարարին և որոշումներ կայացնում «քաղաքական ճշտից» ելնելով։ Իրավական պետության և ժողովրդավական հարաբերությունների քարոզիչ ներկայացող Նիկոլը, ըստ այդմ, վերածվում է ջունգլիների օրենքով առաջնորդվող սուբյեկտի։

Արևմտյան արժեհամակարգը, որի հաստատմանն իբր ձգտում է մեր «հերոսը», ենթադրում է օրենքի առջև բոլորի հավասարություն և անմեղության կանխավարկած։ Եթե Նիկոլը համոզված է, որ նախկին արտգործնախարարը մեղավոր է և  ուզում է պատժված տեսնել Օսկանյանին մարտի 1–ի ասուլիսի համար, ապա նա պետք է պայքարի, որպեսզի նախկին արտգործնախարարին դատարանը մեղավոր ճանաչի հենց ա՛յդ հարցում, այլ ոչ թե հայտարարի, թե կարևորը պատժելն է, ու կապ չունի, թե ինչի համար։

Նիկոլի տրամաբանությամբ և սկզբունքներով եթե շարժվենք, ապա մեկ ուրիշն էլ կարող է գտնել, որ մարտի 1–ին ընդդիմության հավաքները բռնի կերպով ցրելը ճիշտ էր, քանի որ իշխանությունն այդպիսով բավարարում էր 1995–ի և 1996–ի ընտրություններին ոտնահարված իրավունքներ ունեցողների պահանջը։ Ո՞վ է տվյալ դեպքում դատավորը։ Նիկո՞լը։ Բայց այդ դեպքում կարելի է ցանկացածին դատապարտել, ասենք, «Ինչո՞ւգլխարկ չես դրել» «հանցանքի» համար։

Եթե օրինականությունը և իրավունքի գերակայությունը ստորադասվում են անձնական համակրանքին ու հակակրանքին, ապա 10 զոհերի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, ըստ Նիկոլի, ընդունելի ճանապարհով է իշխանությունը վերցրել։ Չէ՞ որ նա էլ չէր համկրում Լևոն Տեր–Պետրոսյանին և ուզում էր ինքը նախագահ դառնալ։ Այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլը բողոքում մարտի 1–ի համար։ Իշխանությունն այդ օրերին նախընտրել է հենց Նիկոլի սկզբունքը և անձնական վճռով որոշել է քաղաքական պայքարի արդյունքը։

Չգիտեմ՝ գիտակցո՞ւմ է արդյոք Փաշինյանը, թե՞ ոչ, բայց իր պահվածքով փաստացի արդարացնում և լեգիտիմացնում է 2008թ. ընտրության արդյունքներն ու հետընտրական ողբերգությունը։

«Բա թողնեինք, որ այդ թուրքամետ ուժերը և ավազակապետության հիմնադիր հայրե՞րը գային իշխանության»,–իրենց գործողությունները հիմնավորում էին սերժականներն ու արդարանում 10 զոհի պահով։

«Բա թողնենք, որ քոչարյանասերժական իշխանության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը թեկուզև շինծու մեղադրանքով չդատվի՞»,–իր հիմնավորումներն է ներկայացնում Նիկոլը։

Թե ո՞րն է տվյալ դեպքում Նիկոլի ու Սերժի սկզբունքային տարբերությունը, թողնենք ընթերցողի դատին։ Միայն մեկ բան նշենք. եթե ճիշտ է Նիկոլը, ուրեմն ճիշտ է նաև Նաիրի Հունանյանը, ով իր անձնական դատավճիռը կայացրեց «100 տոկոս ձայն էլ հավաքեիք, միևնույն է իշխանությունը չէինք տալու» խոսքերի հեղինակ Վազգեն Սարգսյանի նկատմամբ։

Ամփոփենք. Նիկոլ Փաշինյանի դավանած արժեքները և որդեգրած սկզբունքները որևէ կապ չունեն առաջադեմ Արևմուտքում հաստատված համամարդկային արժեքների հետ, այլ տեղավորվում են բոլշևիկյան մտածողության շրջանակներում։

Հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները և իրավիճակը՝ կարող ենք ասել, որ Նիկոլի քաղաքական դիրքորոշումն ամբողջությամբ տեղավորվում է սերժական սցենարի մեջ, և մենք գործ ունենք ստալինաբերիակական մտածողությամբ օժտված հերթական «ականի» հետ։ Մարտի 1–ից խոսելը, կոկորդիլոսի արցունքներ թափելը և հայրենասիրական պաթոսն ընդամենը նպատակ ունեն գեղամյանավարի թաքցնելու իրականությունը։

ԱԺ–ում տեղի ունեցած քննարկումները ցույց տվեցին, որ Նիկոլն ինքնորոշվել է ՀԱԿ–ից ու Լևոն Տեր–Պետրոսյանից և կողմնորոշվել դեպի Սերժը։ Այդքան բան։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ուշագրավ մի բան տեղի ունեցավ ԱԺ քննարկումների ժամանակ։ Վարդան Օսկանյանի դեմ հանդես գալիս՝ Սերժի բացահայտված հաճախորդներից Խոսրով Հարությունյանը հղում արեց Նիկոլի ասածներին։ Խոսրովին, թերևս, ասել էին, որ նիկոլական կոդերն օգտագործի, բայց չէին ասել, որ դա անի ուղղակի ձևով, ինչը հունից հանեց Նիկոլին. սցենարում նման բան չէր նախատեսված։

Եկեք արձանագրենք, որ Նիկոլ–Խոսրով երկխոսությունը շատ խորհրդանշական ստացվեց։

Այս խորագրի վերջին նյութերը