Մեկնաբանություն

06.10.2012 13:48


«Արևմտամետ» Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ համաձայնագիրը և Իվանիշվիլիի հաղթանակը

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ համաձայնագիրը և Իվանիշվիլիի հաղթանակը

Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ աշխատող լրատվամիջոցները, «անկախ» վերլուծաբանները, ինֆլյացիայի ենթարկված «քաղաքական» գործիչներն ու սոցիալական ցանցերում վխտացող «դեմքերը» շրջանառության մեջ են դրել մի բլեֆ, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը արևմտամետ գործիչ է։ Դրանով ուզում են ասել, թե ճիշտ է՝ ՀՀԿ ղեկավարը վատն է, տապալել է տնտեսական քաղաքականությունը, բայց «զատո» դեպի արևմուտք է ձգտում, և հետևաբար պետք է նրան օգնել, որ հաղթանակ տանի ռուսամետ ԲՀԿ–ի նկատմամբ, թե չէ վայն եկել է մեզ տարել։

Այս ամենին հետևելը բավական զվարճալի է։ Մարդիկ ինչ աստիճանի երևակայություն ու ծախվածություն պետք է ունենան, որ ռուսական հատուկ ծառայություններից մեդալ ստացած, ռուսական ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում 49 տարով երկարաձգած և վերջապես 10 զոհի գնով նախագահական նստավայրում հայտնված Սերժ Սարգսյանին ներկայացնեն որպես դեպի արևմուտք ձգտող ու ժողովրդավարության գաղափարներով տապակվող գործիչ։

Ի դեպ, օրերս «արևմտամետ» Սերժ Սարգսյանի ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը ԱԺ–ում կողմ քվեարկեցին ՀԱՊԿ–ի համաձայնագրին։ Մի կողմ թողնելով այն հարցի քննարկումը, թե արդյոք պե՞տք էր այդ համաձայնագիրը մեզ, թե՞ ոչ, եկեք արձանագրենք, որ իշխանական քարոզչամեքենան կրկին հայտնվեց հիմար վիճակում։ Սրանք հիմա փոխարենը ՀՀԿ–ի և ՕԵԿ–ի վարքագիծը գնահատեն Սերժի «արևմտամետության» ֆոնի վրա, հարձակվել են ... քվեարկությանը չմասնակցած ԲՀԿ–ի և «կողմ» քվեարկած Գագիկ Ջհանգիրյանի ու Լյուդմիլա Սարգսյանի վրա։ Համաձայնե՛ք, որ սա արդեն պաթոլոգիկ ստրկամտության դրսևորում է։

Եթե Սարգսյանը, ըստ իր քարզչամիջոցների, արևմտամետ է և ատում է ՌԴ–ին, ապա ստացվում է, որ ՀՀԿ ղեկավարը զուգահեռաբար նաև մազոխիստ է, քանզի միայն մազոխիստը կողմ կլիներ իր ատելի երկրի հետ համաձայնագրեր կնքնելուն և նույն այդ երկրի օգտին աշխատելուն։

Այո՛, ծանր է, շատ ծանր Սերժ Սարգսյանի վիճակը։ Իր երիտթիմը փորձում է «լրատվական» դաշտի իր «դհոլների» համար Սերժ Սարգսյանին որպես չարյաց փոքրագույն պաշտպանելու «գաղափարական» հիմք ստեղծել, բայց ամեն անգամ բախվում է իրականությանը։ Արդյունքում՝ քարոզչական դաշտի վիրտուալ փուչիկները պայթում են ՀՀԿ փուչիկների պես, բայց արդեն ոչ թե զոռով հրապարակ բերված երիտասարդների, այլ նախագահական նստավայրի վրա։

Ասել ենք, ասում ենք ու էլի կասենք. Սերժ Սարգսյանի պես ապաքաղաքական, սկզբունքներ չունեցող ու ապագաղափարական դեմքերի համար գոյություն չունի արտաքին կողմնորոշման վեկտոր։ Սերժ Սարգսյանը 2008-2010թթ. հստակ թուրքամետ գիծ էր բռնել, հետո «թռավ» ռուսների գիրկը, այնուհետև ստիպված սկսեց «հայրենասիրությամբ» զբաղվել, իսկ այժմ «ֆուտբոլային» դիվանագիտության ջատագովն ու «խաղաղության աղավնին» հայտարարում է, թե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում։ Փաստորեն, Սարգսյանը նոր է հասկացել, որ Ալիևը պատերազմի է պատրաստվում։ Եթե իմանար, ապա հավանաբար «նախաձեռնողականություն» չէր ցուցաբերի և չէր հայտարարի, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին զիջել Ղարաբաղի հողերը, եթե Ալիևն ընդունի ԼՂՀ–ի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։

Մի խոսքով՝ «արևմտամետ» Սերժ Սարգսյանի վիճակը ծանր է։ Ու էս նեղ «մաջալին» էլ Վրաստանում հաղթանակ տարավ այնտեղի Գագիկ Ծառուկյանը՝ Բիձինա Իվանիշվիլին։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները հունից հանել է Բաղրամյան 26–ին ու սրանք հրահանգ են իջեցրել իրենց «դհոլներին» քարկոծել Իվանիշվիլուն։ Երևի բնազդով են զգում, որ հողը ոտքերի տակից գնում է։

Այս խորագրի վերջին նյութերը