Մեկնաբանություն

08.10.2012 23:52


Ո՞վ կդառնա նախագահի ԲՀԿ–ական թեկնածուն՝ Ծառուկյա՞նը, թե՞ Օսկանյանը

Ո՞վ կդառնա նախագահի ԲՀԿ–ական թեկնածուն՝ Ծառուկյա՞նը, թե՞ Օսկանյանը

Ինչպես արդեն հայտնի է, Վարդան Օսկանյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթին» ու կարծիք հայտնել, որ ԲՀԿ–ն պետք է սեփական թեկնածուով հանդես գա գալիք նախագահական ընտրություններում։ Ըստ նրա՝ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը, իսկ եթե կուսակցությունում որոշեն, որ Օսկանյանը պետք է թեկնածու լինի, ապա ինքը պատրաստ է պատասխանատվություն վերցնել (տե՛ս http://7or.am/am/news/view/41261/

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ ԲՀԿ–ն առաջիկայում պաշտոնապես կհայտարարի, թե ում է առաջադրում գալիք նախագահական ընտրություններում։  Ասել է թե՝ Սերժ Սարգսյանին տրվելիք հաջորդ դասի պահը մոտենում է։

Այսպիսով՝ իշխանական լրատվամիջոցների տարածած բոլոր այն «մուտիլովկաները», ըստ որի՝ Ծառուկյանն իբր պետք է արտերկրից վերադառնար ու հայտարարեր Սերժ Սարգսյանին սատարելու մասին, հերթական անգամ թիթեռնիկի կյանք ունեցան։ «Անկախ» լրատվամիջոցներին հիմա մնում է միայն ինքնախաբեությամբ զբաղվել ու իրենց հավատացող հավերին համոզել, որ ԲՀԿ–ն Սերժի «դաբրոյով» է առանձին մասնակցելու 2013թ. ընտրություններին։ Հետաքրքիր կլինի հետևել, թե ինչ են սրանք գրելու, երբ Սերժի պարտությունն ամրագրվի։ Այդ ժամանակ է՞լ են գրելու, թե Սերժն իր «դաբրոյով» պարտվեց։ Ինչևէ։

Այն, որ շուրջ կես միլիոն իրական ձայն հավաքած քաղաքական ուժը պետք է սեփական թեկնածուով մասնակցի նախագահական ընտրություններին, առավել քան տրամաբանական է։ Հարցն այժմ այն է, թե ով կլինի ԲՀԿ–ի թեկնածուն։

Նկատենք, որ «Բարգավաճ Հայաստանի» համար թեկնածուի հարցն ավելի շատ մարտավարական, քան ռազմավարական նշանակության է։ Հաշվի առնելով, որ դիմացը բոլոր առումներով տապալված Սերժ Սարգսյանն է՝ հաղթող թեկնածուներ են ինչպես Գագիկ Ծառուկյանը, այնպես էլ Վարդան Օսկանյանը։

Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների միջև, ապա ակնհայտ է, որ հայկական Սահակաշվիլին, ով առաջինն էր խոսում երկրորդ սերնդի բարեփոխումների անհրաժեշտության մասին, Վարդան Օսկանյանն է, իսկ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը, ով մարմնավորում է հայաստանյան ազգային բուրժուազիան, հայկական Իվանիշվիլին է։ Սերժ Սարգսյանը հիշեցնում է Շեվարնաձեին, ով կոռումպացված ու փտած համակարգ էր գլխավորում, այսինքն կառավարում էր՝ ինչպես ՀՀ այսօրվա նախագահը։

Եվ այսպես, հայկական Իվանիշվիլին ու Սահակաշվիլին Հայաստանում ոչ թե հակառակորդներ են, այլ միևնույն թիմի անդամներ, ովքեր պետք է համատեղ ուժերով և հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովելու միջոցով իշխանությունից հեռացնեն հայկական Շեվարնաձեին՝ Սերժ Սարգսյանին։

Իվանիշվիլին ու Սահակաշվիլին Վրաստանում մրցակիցներ են, քանզի այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, բուրժուազիան դեռ նոր է կայանում և կարիք ունի պաշտպանվել Սահակաշվիլու ստեղծած պետական մեքենայից, որը դրական արդյունքներ ապահովելուց զատ, ուներ նաև տնտեսության մեջ ամբողջատիրություն հաստատելու միտումներ, ինչը սահմանափակելու էր Վրաստանի տնտեսական զարգացման հնարավորությունները։ Իվանիշվիլին եկավ պաշտպանելու վրացական ծագող բուրժուազիայի շահերը։ Այդպիսով՝ Վրաստանում հիմա կա ուժեղ իշխանություն և ուժեղ ընդդիմություն։

Իսկ Հայաստանում Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը ներկայացնող երիտօլիգարխիան վերջին տարիներին բառիս բուն իմաստով պատերազմ են հայտարարել մեր փոքր, միջին ու խոշոր գործարարությանը, պետական կառավարման համակարգն էլ դարձրել են «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատող և «ատկատների» վրա հիմնված կոռուպցիոն մեքենա։ Արդյունքում՝ մեզ մոտ այժմ խիստ անհրաժեշտություն է առաջացել և՛ սահակաշվիլիական տարբերակով երկրորդ սերնդի բարեփոխման գնալ ու  վեստերնիզացիայի ենթարկել հասարակական հարաբերությունները, և՛ պաշտպանել բուրժուազիայի շահերը Բաղրամյան 26–ի հարձակումներից։ Դա է պատճառը, որ մեզանում «Սահակաշվիլին» և «Իվանիշվիլին» ոչ թե մրցակիցներ են, այլ միևնույն թիմի՝ ԲՀԿ–ի ներկայացուցիչներ։

Զուտ տեսակային առումով, այո՛, Ծառուկյանն ու Օսկանյանը տարբերվում են իրենց մտածողությամբ ու աշխարհայացքով, սակայն նրանց միավորում է զարգացող ու տնտեսապես հզոր Հայաստանի գաղափարը։ Սերժ Սարգսյանն այնպիսի քաղաքականություն է վարում, որ այդ երկու տեսակների միավորումն արդեն բնական ու տրամաբանական է դառնում։ Ի վերջո, երբ որ տանը հրդեհ է, պետք է հրդեհը մարել, որից հետո ամեն մեկն իր գործով կզբաղվի։

Թե ո՞վ կլինի ԲՀԿ–ի թեկնածուն, կրկնենք, մարտավարական հարց է։ Կարևորն այն է, որ այդ թեկնածուն կարող է դառնալ համընդհանուր հասարակական դիմադրության և ազգային–դեմոկրատական (կամ որ նույնն է՝ բուրժուադեմոկրատական) փոփոխությունների մարմնավորողը։

 Մեկ բան աներկբա է, որ և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Վարդան Օսկանյանն ունեն քաղաքական կոնսոլիդացիա ապահովելու հսկայական ներուժ և կարող են կյանքի կոչել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագիր–մինիմումը։ Իսկ ծրագիր–մաքսիմումն արդեն կլինի իշխանափոխությունից հետո, երբ նոր իշխանությունը նոր դեմքերով, նոր մոտեցումներով կգնա իրական բարեփոխումների։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը