Քաղաքական

09.10.2012 13:02


Վարդան Օսկանյան. «Նախագահական ընտրությունները սարերի ետևում չեն»

Վարդան Օսկանյան. «Նախագահական ընտրությունները սարերի ետևում չեն»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախագահական ընտրությունները սարերի ետևում չեն: Հայաստանում «քաղաքական» բանավեճը միշտ եղել է անձերի, ոչ թե քաղաքական բովանդակության շուրջ։ Անկախ այն բանից, թե ովքեր կլինեն գլխավոր թեկնածուները, կարծում եմ, որ այսօրվանից արդեն պետք է սկսել քննարկել և բանավիճել մեր երկրի և ժողովրդի համար ամենաճակատագրական խնդիրների շուրջ և սկսել այլընտրանքներ որոնել՝ հաշվի առնելով համարյա բոլոր ուղղություններով մեր ժողովրդի առջև ծառացած բարդ իրավիճակը: Վերջիվերջո, այս ամենը պետք է ունենա մեկ գլխավոր նպատակ՝ ամենակարճ ժամկետում էական փոփոխություն բերել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում՝ բարոյական, սոցիալական, տնտեսական և այլ ուղղություններում: Ես հինգ այդպիսի ուղղություն եմ տեսնում.

1. Երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Այստեղ հիմնական քննարկումը պետք է լինի այն բանի շուրջ, թե ինչպիսի անել, որ հանդուրժողականությունն ու արդարությունը դառնան գերիշխող, որ պետական ինստիտուտները դառնան համապարփակ, ծառայեն ժողովրդի շահերին և երբեք չլինեն լծակ քաղաքական խնդիրներ լուծելու համար: 

2. Քաղաքական դաշտի առողջացում: Այստեղ հիմնական քննարկումները պետք է լինեն պետական կառավարման համակարգի ձևի և բովանդակության շուրջ: Այսօր հաճախ խոսվում է ամբողջապես խորհրդարանական համակարգի անցնելու մասին: Սա կարող է այս ընտրարշավի հիմնական թեմաներից մեկը լինել: Բայց զուգահեռաբար պետք է քննարկել քաղաքական հակակշիռների խնդիրը և դրան հասնելու ճանապարհները՝ որպես երկրում ժողովրդավարության ամրապնդման կարևոր գրավական:

3. Տնտեսական քաղաքականություն: Այստեղ հիմնական քննարկումը պետք է լինի առայսօր ակնհայտորեն անարդյունավետ քաղաքականությանը փոխարինող տնտեսական նոր մոտեցումների շուրջ, որոնց հիմքում պետք է լինի բարեփոխումների ճանապարհով հնարավորինս արագ արհեստական մենաշորհների վերացումը, ազատ մրցակցության հաստատումը և սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը: Տնտեսական քաղաքականության հիմնական թիրախը պետք է լինի տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը: Դրա համար կառավարությունն իր վրա առավել մեծ պատասխանատվություն վերցնելով՝ ամենակարճ ժամկետում պետք է իրականացնի տնտեսական աճին միտված հարկային բարեփոխումներ, որոնք կթեթևացնեն փոքր և միջին բիզնեսի բեռը՝ միաժամանակ հարկային դաշտ բերելով խոշորների հարկային շրջանցումները և ընդլայնելով հարկային բազան:

4. Արտաքին քաղաքականություն: Այստեղ միանշանակորեն անհրաժեշտ է վերաբեռնավորում բոլոր ուղղություններով: Նախ պետք է ձևավորել արտաքին քաղաքականության գաղափարական հենքը, արտաքին քաղաքականությունը որպես նպատակ դիտարկելուց անցնել այն որպես միջոց օգտագործելուն և իսկական նախաձեռնողականություն դրսևորել, օգտագործել տարածաշրջանում և դրանից դուրս ստեղծված նոր իրավիճակը՝ մեզ հուզող հարցերում դիվանագիտական առավելության և դրական արդյունքների հասնելու համար:

5. Հայաստանի ինտեգրացիոն դաշտի ընտրություն: Բաց և ազնիվ, զուտ ազգային շահերի հիման վրա պետք է քննարկում սկսել, թե վերջիվերջո Հայաստանն ինտեգրացիոն ինչ ուղղությամբ է ընթանալու: Եթե չգիտես ուր ես գնում, չես կարող կորչել: Այսօր արհեստականորեն մեզ մոտ ստեղծվել է այն զգացումը, որ մենք մոլորված չենք, ինչը գալիս է հիմնականում նրանից, որ չգիտենք, թե ուր ենք գնում: Բայց այս անորոշությունն ունի իր թաքնված կորուստները:

Նախագահական այս ընտրությունները ակնհայտորեն արդեն անձերի ընտրություն չէ, այլ Հայաստանի ապագայի»:

Այս խորագրի վերջին նյութերը