Մեկնաբանություն

09.10.2012 19:12


Ինչո՞ւ է հնարավոր դարձել իշխանափոխությունը

Ինչո՞ւ է հնարավոր դարձել իշխանափոխությունը

Նորանկախ Հայաստանի քաղաքական պատմությունը ցույց է տվել, որ մեզ մոտ գործում է «Իշխանության մուտքը ներսի կողմից է» բանաձևը։ Դրսից իշխանությունը փոխվել է միայն մեկ անգամ՝ 1988–ից սկսված շարժման արդյունքում, բայց դա միայն ներհայաստանյան գործընթաց չէր։ Ղարաբաղյան շարժումը զուգահեռվում էր ՍՍՀՄ փլուզման գործընթացի հետ, և 1990թ. Գերագույն խորհրդի ու 1991թ. նախագահական ընտրությունները պարզապես ամրագրեցին գլոբալ ու տեղական նշանակության քաղաքական զարգացումների արդյունքները։

1991–ից հետո իշխանությունը միշտ վերարտադրվել է, իսկ եթե կառավարող բուրգի վերևում անձերի փոփոխություն եղել է, ապա այն տեղի է ունեցել պալատական հեղաշրջման կամ իշխանության փոխանցման տեսքով (1998թ. և 2008թ.), այսինքն՝ փոփոխությունը կատարվել է ներսում։ Մնացած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ իշխանական բուրգն ունեցել է մոնոլիտ տեսք, և դրսից որևէ ուժի չի հաջողվել «դե յուրե» ամրագրել իր «դե ֆակտո»  հաղթանակը։

2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանափոխության կողմնակիցներ կան ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Տվյալ դեպքում ներսի ուժ պետք է դիտարկել ԲՀԿ–ին։ Ճիշտ է, ԲՀԿ–ն դուրս է եկել իշխող կոալիցիայից և չի կարող ամբողջությամբ ներսի ուժ համարվել, բայց այնպես չէ, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը լրիվ դրսում է գտնվում։

ԲՀԿ–ն, ԱԺ ընտրություններում ստանալով շուրջ կես միլիոն իրական ձայն, մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունն ունի։ Բացի այդ՝ Ծառուկյանի թիմակիցները ներկայացված են մեր հանրապետության բազմաթիվ համայնքներում որպես համայնքի ղեկավարներ և ավագանու անդամներ։ Այդ առումով ԲՀԿ–ն ներսի ուժ է, բայց ԲՀԿ–ն նաև դրսի ուժ է, քանի որ, ինչպես նշեցի, մաս չի կազմում կոալիցիային։  ԲՀԿ–ի այս կարգավիճակը թույլ է տվել քաղաքական այդ կազմակերպությանը կոնսոլիդացիոն հսկայական ներուժ ձեռքբերել, ինչը հնարավորություն է ստեղծում Սերժ Սարգսյանի գլխավորած վարչակազմին ընդդիմադիր դրսի ուժերի հետ համատեղ իրականացնել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագիրը։

Չմոռանանք նաև, որ ԲՀԿ–ն ՀՀԿ–ից ոչ պակաս ֆինանսական ու կազմակերպչական ռեսուրս ունի, ինչը նույնպես կարևոր գործոն է ընտրական գործընթացը հաղթական ավարտին հասցնելու համար։

Եվ այսպես, Հայաստանում առաջին անգամ լուրջ նախադրյալներ կան ներսի ու դրսի ուժերով և ընտրական գործընթացի միջոցով գնալ իշխանափոխության և սկիզբ դնել համակարգային փոփոխությունների։

1998թ. տիտղոսային ընդդիմադիր ուժ հանդիսացող ԱԺՄ–ն կողմ էր Տեր–Պետրոսյանի հեռացմանը, բայց այդ ուժը դիտորդի դերում էր, երբ տեղի ունեցավ առաջին նախագահի հրաժարականը։ Հասարակությունն էլ, մեծ հաշվով, դիտորդ էր։

Այժմ համանման իրավիճակ է, բայց մեկ էական տարբերությամբ՝ ներսի ու դրսի միջև կապող օղակ հանդիսացող ԲՀԿ–ն բացառապես հանրային ռեսուրսի ու մաքուր դրսի ուժերի հետ կոնսոլիդացիայով կարող է փոփոխության հասնել։ Ասել է թե՝ հասարակությունը և դրսի ընդդիմադիր քաղաքական ուժերը (ՀՅԴ, ՀԱԿ և մասամբ «ժառանգություն»), ի տարբերություն 1998թ., այժմ դիտորդի դերում չեն լինելու։ Համաձայնե՛ք, որ սա շատ կարևոր հանգամանք է։ Մի բան է իշխանափոխություն պալատական հեղաշրջման միջոցով, մեկ այլ բան՝ ընտրական գործընթացների։ Ի վերջո, մենք պետք է ապացուցենք, որ վրացիներից պակաս չենք և կարող ենք քաղաքակիրթ տարբերակով չվաստակած հանգստի ուղարկել բոլոր առումներով տապալված այս իշխանությանը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ներկա գործընթացների համատեքստում տեղին է հիշեցնելը, որ 1998թ. Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականի հիմնական գաղափարախոսներից էր, և դա այն դեպքում, երբ դրանից ընդամենը երկու տարի առաջ նա որպես Պաշտպանության նախարար տանկեր մտցրեց մայրաքաղաք ու ամեն ինչ արեց, որպեսզի նույն Տեր–Պետրոսյանը մնա իշխանության։ Վազգենին են պատկանում «Եթե ընդդիմությունը 100 տոկոս ձայն էլ հավաքեր, մեկ է՝ իշխանությունը չէինք տալու» խոսքերը։ Սա էլ բոլոր նրանց համար, ովքեր այսօր  «դհոլություն» են անում ՀՀԿ ղեկավարի օգտին և հայտարարում, թե Վարդան Օսկանյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ մաս է կազմել իշխանությանը և մարտի 1–ին էլ ասուլիս է տվել՝ ընդդիմությանն առաջարկելով երկխոսություն (ինչպիսի՜ մահացու մեղք)։ Է՛հ, Վ. Սարգսյանն էլ 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ էր իշխանության մեջ, ընդ որում՝ նա և՛ տանկեր մտցրեց քաղաք, և՛ ասուլիս տվեց ընտրությունների թեմայով ու բարձրաձայնեց վերը նշված խոսքերը, բայց որևէ մեկը կարո՞ղ է հիմա ասել, թե Վազգենը Լևոնի հետ պայմանավորված խաղում էր 1998–ին։

Մեկ դիտարկում ևս. Օսկանյանը 2008–ի ընտրությունների ժամանակ գրեթե զրոյական դերակատարում է ունեցել, և իր միակ «մեղքը» մարտի 1–ի ասուլիսն է, որի ժամանակ նա չի ասել, թե 100 տոկոս ձայն էլ հավաքեք, մեկ է՝ իշխանությունը չենք տալու։ Այնպես որ, «վերլուծություններ» ու եզրահանգումներ անելուց առաջ պետք է մի փոքր մտածել։

Հ.Գ.-2: Վրաստանում Իվանիշվիլին մինչև 2011թ. Սահակշվիլու իշխանության հետ էր ու համարվում էր իշխանությանը կից գործող օլիգարխ, բայց դա չխանգարեց նրան ընդդիմադիր դառնալ ու հասարակական լայն զանգվածների աջակցությամբ գալ իշխանության և ազգային համաձայնության կառավարություն կազմել։ Ծառուկյանն այդ առումով շատ նման է Իվանիշվիլուն։ Մնացած դատողությունները դեմագոգիա են ու գեղամյանություն։

Այս խորագրի վերջին նյութերը