Լրահոս

10.06.2009 11:57


Հունիսի 24-25-ը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այցելելու է Հայաստան

Մինչ այդ, հունիսի 8-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև որևէ խնդիր չկա, որը հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով։

Հիշեցնենք, սակայն, որ օրեր առաջ, պատասխանելով երիտասարդ մասնագետների համար կազմակերպված «Ճգնաժամը որպես հնարավորություն» խորագրով դասախոսությունների մասնակիցների հարցերին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ Հայաստանն այսօր չափից ավելի է կախված վրացական ենթակառուցվածքներից, քանի որ ապրանքաշրջանառության 2/3-ն իրականցվում է Վրաստանի տարածքով, և այս կախվածությունը ծայրահեղ բացասական է։

«Մեր հարևանն օգտվում է դրանից, քանի որ տարանցման ծախսերը շատ մեծ են, և մեզ ոչ մի կերպ չի հաջողվում դրանք իջեցնել։ Վրաստանում մենաշնորհային իրավիճակ է ստեղծվում, ինչն այդ երկիրը չարաշահում է»,- ընդգծել էր նա։

Նախօրեին էլ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը խորհրդարանի ամբիոնից ասել էր, որ հայ-վրացական պետական սահմանի ջավախքյան անցակետով մարդիկ չեն կարողանում հայատառ թերթեր ու գրքեր անցկացնել, և որ վրաց մաքսավորներն առանց պատճառաբանության ասում են, թե դա պարզապես չի կարելի։

Պատգամավորը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել քննարկումների միջոցով փորձել հասկանալ, թե ինչո՞ւ է վրացական կողմն այդպես վարվում, և փորձել լուծում տալ այդ խնդրին։

 

Այս խորագրի վերջին նյութերը