Աշխարհ

10.10.2012 09:25


Իսկական բարեփոխումների ակնկալիքով

Իսկական բարեփոխումների ակնկալիքով

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարությունը՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Ս.թ. հոկտեմբերի 1-ին կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրությունները եւ հետագա իրադարձությունները իսկական բարեփոխումների ակնկալիքով են ընդունվել մեր երկրամասում։ Շնորհավորում ենք Վրաստանի ժողովրդին՝ բոլոր դժվարությունները հաղթահարելով իր ազատ կամք արտահայտելու առիթով, եւ «Վրացական երազանք» դաշինքին՝ հասարակության մեծամասնության վստահության քվեն ստանալու կապակցաբար։

 Հատկանշական է ոչ միայն ընդդիմադիր դիրքերից ընտրություններին մասնակցած «Վրացական երազանք» դաշինքին ի նպաստ հասարակության մեծամասնության կողմից քվեարկելու փաստը, այլ նաեւ՝ երկրի նախագահի կողմից այդ արդյունքներ ընդունելու փաստը։ Վարդերի Հեղափոխությունը մոտ տաս տարի անց՝ տվեց իր պտուղը. ժողովուրդը արտահայտեց իր կամքը եւ գործող իշխանությունը ենթարկվեց այդ կամքին։ Վրաստանի անկախությունից ի վեր, առաջի անգամ ստեղծվել են խաղաղ ու օրինական ձեւով իշխանափոխություն կատարելու բոլոր նախադրյալները։

Նույնքան հատկանշական է այն փաստը, որ պաշտոնական արդյունքների համաձայն, Սամցխե-Ջավախքում քվեարկությունը եղել է ի նպաստ իշխանությունների եւ նրանց կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուներին։ Հաշվի առնելով հասարակության մոտ առկա դժգոհությունը գործող իշխանությունների նկատմամբ, այս փաստը վկայում է մեր երկրամասում ստեղծված հալածանքի, սպառնալիքների ու վախի մթնոլորտի եւ ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքներից հեռու լինելու մասին։

 Չնայած խորհրդարանում նոր մեծամասնությունը դեռեւս պետք է իր արդյունավետ գործունեությունը ցույց տա, նոր մեծամասնության ղեկավարը անցած մի քանի օրերի ընթացքում հասցրեց հայերի նկատմամբ հակասական եւ մտահոգության տեղիք տվող մտքեր հրապարակել։

Այդուամենայնիվ, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակեր­պու­թյունների խորհուրդը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացման համար այս կարեւոր հանգրվանի շեմին՝ հայտարարում է իր լավատեսությունը, որ ընտրություններով սկսված փոփոխությունները կունենան իրենց շարունակությունը եւ ինչպես Վրաստանի ամբողջ հասարակության, այնպես էլ՝ մեր երկրամասի ժողովուրդի համար կբերեն իսկական բարեփոխումներ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական եւ հոգեւոր բնագավառներում։ Մենք այս լավատեսությամբ հայտնում ենք մեր պատրաստակամությունը նորընտիր իշխանությունների հետ գործակցաբար՝ օբյեկտիվ, արդարացի եւ իրավականորեն լուծելու մեր երկրամասի բոլոր խնդիրները, հանուն Վրաստանի կայուն եւ ժողովրդավար զարգացման։

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը