Մեկնաբանություն

11.10.2012 15:18


Իշխանությունը «ընդդիմության միասնական թեկնածու» է փնտրում

Իշխանությունը «ընդդիմության միասնական թեկնածու» է փնտրում

Փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանն իր իրական հակառակորդների դեմ պայքարում է դրածո գործիչների միջոցով։ Նրանց վրա դրված է լինում ընդդիմադիր դաշտը պառակտելու, հակաիշխանական ձայները փոշիացնելու և Սերժի համար փողոցի մի մասը վերահսկելի դարձնելու ֆունկցիան։ Ու որպեսզի մարդիկ գլխի չընկնեն, թե ում հետ գործ ունեն, այդ դրածոներին թույլատրված է հանդես գալ ընդդիմադիր հռետորաբանությամբ, մահացու մեղքերի մեջ մեղադրել Ս. Սարգսյանին և այդպիսով շահել հանրության՝ ընդդիմադիր տրամադրություներ ունեցող շերտի մի հատվածի համակրանքը։ Այդպես եղավ Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Վիկտոր Դալլաքյանի և մեծ ու փոքր տրամաչափի մյուս հաճախորդների պարագայում։

2008թ. նախագահական ընտրություններին նախորդող ու հաջորդող գործընթացներրը «պայթեցրին» բոլոր դրածոներին, սակայն Սերժ Սարգսյանը հանգիստ էր, քանի որ փողոցին տիրապետող տերպետրոսյանական ընդդիմությունը որդեգրել էր իշխանության հետ երկխոսելու հայեցակարգը։

Իրավիճակը փոխվեց 2011թ. աշնանից, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը կտրուկ փոխեց իր քաղաքականությունը և հանդես եկավ «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսով։ Դրանից հետո նախագահականում սկսեցին քայլեր ձեռնարկել այլընտրանքային ու գրպանային ընդդիմություն ձևավորելու ուղղությամբ։

2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանը կրկին փնտրտուքի մեջ է։ Նա փնտրում է նոր հաճախորդների, քանզի հներն, ինչպես նշեցինք, արդեն բացահայտված են, և փողոցն ամբողջությամբ անվերահսկելի է դարձել, ինչը Բաղրամյան 26–ին պարզապես սարսափեցնում է։ Եթե այս ամենին ավելացնում ենք նաև այն, որ քաղաքական դաշտում այժմ հակաիշխանական կոնսոլիդացիա ձևավորելու մեծ ներուժ է կուտակվել, ապա լրիվ հասկանալի է դառնում, թե նախագահի շրջապատում ինչու են խիստ նյարդայնացած վիճակում հայտնվել։

Փողոցը սեփականաշնորհելու համար իշխանությունը մի քանի փորձ արեց ու շարունակում է անել։ Նախ՝ ՀԱԿ–ից դուրս բերվեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ում հետ իշխանությունը մեծ հույսեր էր կապում, սակայն Արամն իր դերն այնքան անտաղանդ կատարեց, և ամեն ինչ այնքան շուտ բացահայտվեց, որ «Հանրապետության» ղեկավարից «ընդդիմության միասնական թեկնածու» ստանալու օպերացիան տապալվեց։ Ա. Սարգսյանը խոստացել էր ՀԱԿ–ից դուրս գալ ու գրավել փողոցը, սակայն հայտնվեց նախ Սերժի հենարան Ռուբեն Հայրապետյանի, իսկ վերջինիս շնորհազրկումից հետո՝ ոստիկանապետի գրպանում։

Արամի դերակատարմանը խանգարեց նաև իր եղբայր Արմեն Սարգսյանը, ով անկեղծորեն նշեց՝ Սերժ Սարգսյանն իրենց ընտանիքի լավ բարեկամն է ու պետք է մնա ՀՀ նախագահի պաշտոնում։ Արամին հիմա միայն ԲՀԿ–ի դեմ գեղամյանություն անելն է մնում, ինչը, սակայն, իջեցնում է նրա ֆունկցիոնալ նշանակությունը և բնականաբար նաև գինը։

Իշխանության համար աշխատելու հայտ ներկայացրեց նաև ՀԱԿ–ը լքած մեկ այլ գործիչ՝ Դավիթ Շահնազարյանը, ով, սակայն, ոչ թե Արամ Սարգսյանի պես կեղծ ընդդիմադիր դիրքորոշում ցուցաբերեց, այլ բաց տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ծառայել Սերժ Սարգսյանին՝ իր առաջարկը հիմնավորելով իբր ռուսամետ ԲՀԿ–ի ու Ռոբերտ Քոչարյանի դեմն առնելու անկեղծ ցանկությամբ։ Շահնազարյանն իշխանություններին առաջարկում էր նաև այսպես կոչված նոր լիբերալ կենտրոն ստեղծել, բայց Ս. Սարգսյանի շրջապատում հասկացան, որ այդ գործչի օգնությամբ նույնպես հնարավոր չէ փողոց գրավել, և բավարարվեցին միան Շահնազարյանին միշիկական լրատվամիջոցներով  ԲՀԿ–ի դեմ որպես գործիք օգտագործելով։

Շատ լավ հասկանալով, որ նոր արթուրբաղդասարյաններ ու արտաշեսգեղամյաններ բուծելու խնդիրը վերը նշված գործիչներով հնարավոր չէ լուծել, նախագահական նստավայրում հիմա վերջին ճիգերն են գործադրում։

Դրածո ընդդիմադիր աճեցնելու, գոնե ինչ–որ չափով փողոցը գրավելու և գալիք նախագահական ընտրությունների ժամանակ ճղճղան Գեղամյանի պես մեկին ունենալու համար իշխանությունը հիմա փորձում է ՀԱԿ–ը վերցնել ներսից։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար Բաղրամյան 26–ում խաղադրույք են կատարել Նիկոլ Փաշինյանի վրա։ Վերջինս, սակայն, նույնպես «լյափսուս» տվեց և ինքնաբացահայտվեց Վարդան Օսկանյանի «գործի» ժամանակ։

Ճիշտ է, Նիկոլը զուգահեռաբար քննադատում է նաև Աղվան Հովսեփյանին ու Հռոմի պապից ավելի կաթոլիկ է ուզում երևալ մարտի 1–ի հարցում, սակայն փաստն այն է, որ նա, Սերժ Սարգսյանի հետ համատեղ, կողմ է, որ Օսկանյանն անձեռնմխելիությունից զրկվի ու հետագայում հայտնվի կալանավայրում, իսկ դա, ներկա քաղաքական իրավիճակը հաշվի առնելով, դասական գեղամյանություն է։

Թե ուրիշ էլ ում կփորձեն նեոգեղամյան սարքել, ժամանակը ցույց կտա։ Մեկ բան ակնհայտ է. իշխանության նոր հաճախորդները չեն ձգում իրենց նախորդների «մակարդակին» և հետևաբար՝ չեն կարող կատարել այն դերը, որն ուզում է Բաղրամյան 26–ը։ Սերժի շրջապատում սա շատ լավ զգում են, բայց ուրիշ ճար չունեն և պետք է օգտագործեն ձեռքի տակ եղածը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Տեղին է հիշեցնելը, որ ՀԱԿ ներկա պահվածքից դժգոհ Արամ Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը և Նիկոլ Փաշինյանը երկու ձեռքով կողմ են Սերժ Սարգսյանի հետ «երկխոսությանը» և հրապարակավ պաշտպանում են այդ գիծը։ Այս երեքը սկսեցին դժգոհել Տեր–Պետրոսյանից երբ նա կողմ արտահայտվեց ԲՀԿ–ի ու մյուս շահագրգիռ ուժերի հետ համատեղ իշխանափոխության գնալուն։ 

Այս խորագրի վերջին նյութերը