Խմբագրական

10.06.2009 15:02


Քաղաքական ճոճանակ

Քաղաքական  ճոճանակ

Կայացած ժողովրդավարությամբ երկրներում  հանրության  լայն  շերտերի  համար արդեն վերացել  է գաղափարական  աջերի և  ձախերի տարբերությունը։ Այն կարող  են նկատել  միայն քաղաքականացված ընտրողները  և փորձագետները։ 

Արևմուտքն իրեն ապահովագրել է  ներքաղաքական  ցնցումներից։ Լինում են կուսակցական ցույցեր ու հանրահավաքներ, արհմիությունների դժգոհություններ, բախումներ ոստիկանության հետ, բայց  այդ ամենը չի վերածվում կենաց-մահու պայքարի։ Եթե ընտրությունների միջոցով  իշխանության են գալիս լիբերալները, ապա դա չի նշանակում համատարած սեփականաշնորհում և տնտեսական կյանքից պետության «իզգոյացում»։ Իսկ եթե ընտրություններում հաղթում են սոցիալ-դեմոկրատները, ապա դա չի հանգեցնում մասնավոր սեփականության մասշտաբային ազգայնացման։ Աջերի ու ձախերի բանավեճը հարկային դրույքաչափերի, առողջապահությանն ու կրթությանը հատկացվող բյուջետային միջոցներին է վերաբերում կամ այլ նմանատիպ հարցերի։

Այսպիսով՝ կայացած և արդիական են համարվում այն երկրները, որտեղ քաղաքական գործընթացները (ընտրություններ, հանրաքվե և այլն) ժողովրդի համար ճակատագրական նշանակություն չունեն։ Քաղաքական խաղն այնտեղ չի ընթանում զրոյական արդյունքի տրամաբանությամբ։

Այլ է պատկերը անցումային երկրներում։ Հայաստանը բացառություն չէ։ Մեզ մոտ քաղաքական ճոճանակը չի տատանվում աջից-ձախ կամ հակառակ ուղղությամբ՝ բառիս քաղաքական-գաղափարական իմաստով։ Մեր ճոճանակն առայժմ տատանվում է բացարձակ մենիշխանությունից դեպի քաոս տիրույթում։

1988թ. շարժումը բնապահպանականից վերաճեց անկախականի և ազգային-ազատագրականի։ Սովետական «պարտոկրատիկ միապետությանը» հակադրվել էր, պատկերավոր ասած, «փողոցի իշխանությունը»։ Կոմունիստական գերփակ կառավարման համակարգի դեմ «Ղարաբաղ» կոմիտեն առաջադրել էր հին աշխարհից հայտնի  աթենական դեմոկրատիան հիշեցնող մի մոդել։ Ճիշտ է, «Ղարաբաղ» կոմիտեն նույնպես ուներ կառավարման և որոշումներ ընդունելու իր փակ համակարգը, բայց այն անհամեմատ ժողովրդավարական էր, քանի որ առաջնորդվում էր որոշումներ ընդունելու կոլեգիալ մեխանիզմով և օժտված էր հանրային լեգիտիմության հսկայական պաշարով։ Արդյունքում՝ 88-ի շարժումը փլուզեց գերկենտրոնացված հակաժողովրդավարական համակարգը և տարավ այն դեպի ժողովրդաիշխանության (անշուշտ, քաոսի որոշակի տարրեր պարունակող)։ Եվ այդ գործընթացը համահունչ էր միջազգային ասպարեզում տիրող իրավիճակին։

Նույն ժամանակահատվածում ԽՍՀՄ-ը պարտվեց «Սառը պատերազմում»։ Կոմունիստական վերնախավը գլոբալ հակամարտությունը տանուլ տվեց Արևմուտքին, և բնական է, որ հայաստանյան կոմկուսն էլ իր հերթին պետք է պարտվեր ներհայաստանյան «Սառը պատերազմում»։ «Центр мертв»,- պարբերաբար հայտարարում էին 88-ի շարժման առաջնորդները՝ դրանով հասկացնելով, որ Մոսկվայի դրածոների վերջն էլ է եկել։

Կոմունիստական դիկտատի փլուզմանը և մինչև 1991թ. ձգվող կառավարելի քաոսին հետևեց նոր տիպի «պարտոկրատիկ» համակարգի ներմուծումը։ Միակուսակցականությանը փոխարինելու եկավ բազմակուսակցական համակարգը։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա ձևական փոփոխություն էր։ Իրականում, ստեղծվեց նոր ոճի կոմկուս՝ «կապիտալի կոմկուսը». երկրում լայն թափով սեփականաշնորհում էր ընթանում։ Նորանկախ Հայաստանի քաղաքական համակարգը կամաց-կամաց սկսեց շարժվել դեպի նախկին դիրքը։ Կոլեգիալ որոշումների ընդունումը կրկին փոխարինվում էր անհատների կամքով։ Որոշում կայացնող մարդկանց շրջանակը հետզհետե նեղանում էր։ Հանրային վերահսկողության բացակայությունը քաղաքական վերնախավի համար որևէ արգելք չէր ստեղծում՝ ձևով հռչակվել շուկայական, բայց բովանդակությամբ լինել համայնավարականին մոտ։

Քաղաքական ճոճանակը մեզ կրկին տանում էր դեպի մենիշխանություն։ Ելման դիրք վերադառնալու ժամանակագրությունը հետևյալ տեսքն ուներ. «Ղարաբաղ» կոմիտեի քաղաքական ժառանգորդը դարձավ ՀՀՇ-ն, որի կազմից դուրս մնացին շարժման մի շարք գործիչներ։ Հետո եկավ ՀՀՇ-ի և պետական ինստիտուտների դերի նվազեցման փուլը։ Ճիշտ է, կոլեգիալ որոշում ընդունող մարմիններ, գոնե ձևական առումով, դեռ կային, բայց դա ավելի շատ 88-ի «փողոցային ժողովրդավարության» իներցիայի հետևանք էր, քան իշխող խավի ներքին ցանկություն։

1995թ.-ի խորհրդարանական ընտրություններից և Սահմանադրության ընդունումից հետո՝ պետական կառավարման համակարգն արդեն պաշտոնապես գերկենտրոնացվեց, և իշխանությունն սկսեց ընկալվել ոչ թե պետական կառավարման մարմիններով, այլ ֆիզիկական անձանցով։

Առաջին նախագահի հրաժարականի ժամանակահատվածում՝ հայաստանյան քաղաքական կյանքի վրա ուժեղ ազդեցություն ունեին իշխող բուրգի վերնախավը ներկայացնող մարդիկ, նրանց մերձավորները և ուժայինները։ 1998թ.-ին  ազդեցիկներն էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ  Քոչարյանը, Սամվել Բաբայանը, ներքին գործերի և ազգային անվտանգության միավորված կառույցի ղեկավար նշանակվելու հանգամանքով հզորացած Սերժ Սարգսյանը (ի դեպ, երկու ուժայինների միավորումը և այն մեկ մարդու հանձնելը, ով էլ որ նա լինի, կարելի է գնահատել որպես Տեր-Պետրոսյանի ամենամեծ կառավարչական սխալներից), Վանո Սիրադեղյանը, մասամբ Բաբկեն Արարքցյանը, բիզնես դաշտի վրա ազդեցություն ունեցող Թելման Տեր-Պետրոսյանը։

Մինչ այդ՝ 1996թ.-ի  ընտրություններից հետո, վաղամեռիկ Էդուարդ Եգորյանն իր համախոհների (որոնց թվում էին Դավիթ Շահնազարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը և մասամբ նաև այն ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ուրիշներ) հետ փորձեց ՀՀՇ-ում իշխանափոխություն անելու միջոցով, վերականգնել կուսակցության դոմինանտ դերը քաղաքական դաշտում։ Բայց դա նրան չհաջողվեց։ Եգորյանն առաջարկում էր ֆիզիկական անձանց համակարգը փոխարինել քաղաքական ինստիտուտներով։ Նա ձևավորված հարաբերություններն անվանում էր նոմենկլատուրային կապիտալիզմ։ Հետաքրքրականն այն է, որ նույն Եգորյանն անձնիշխանական համակարգի ձևավորման ճարտարապետներից էր։ Սակայն հանուն ճշմարտության նկատենք, որ 90-ականների սկզբին լայնորեն տարածված տեսակետ կար, թե միայն ուժեղ ավտորիտար իշխանությունը կարող է լիբերալ բարեփոխումներ իրականացնել։ Այդ տեսակետների կրողներն էին նաև Եգորյանն ու մյուսները, ովքեր, ի վերջո, նպաստեցին առաջին Սահմանադրության ստեղծմանը, ըստ որի՝ նախագահն ուներ գրեթե անսահմանափակ լիազորություններ։ Բայց փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական ինստիտուտների թերզարգացածության պարագայում ավտորիտար իշխանությունը, որը չունի անգամ ներքին զսպման մեխանիզմներ՝ ի դեմս տիտղոսային իշխող կուսակցության, վերածվում է բացարձակապես անվերահսկելի մարմնի ու խոչընդոտում լիբերալ բարեփոխումները, և պարզ մոլորություն էր այն, որ «ուժեղ բռունցք» էր անհրաժեշտ։ Այդ «բռունցքը» միշտ էլ կարող է գայթակղվել անսահմանափակ իշխանությամբ, և  քաղաքական ճոճանակը հայոց նորանկախ պետությունն անշեղորեն տանում էր դեպի փակ գիլդիա։

Ի դեպ, 1998թ. իշխանափոխության ժամանակ Եգորյանն իր թիմակիցներով, որոնց մեջ արդեն չկար Դավիթ Շահնազարյանը, ով դրանից առաջ անցել էր Տեր-Պետրոսյան - Վանո Սիրադեղյան զույգի կողմը, աջակցեցին  Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմին, սակայն նրանց հետագա համագործակցությունն ինչ-ինչ պատճառներով չստացվեց։

Հետագայում արդեն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք,  Եգորյանի նկարագրած նոմենկլատուրային կապիտալիզմի համակարգը բյուրեղացավ։ Ճիշտ է, տնտեսական կյանքն անհամեմատ բարելավվեց, փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծվեցին զարգացման հնարավորություններ,  բայց իշխանության և բիզնեսի սերտաճումն օլիգարխիկ բնույթ տվեց իշխանությանը և դեպի խոշոր բիզնես տանող ճանապարհը ամբողջությամբ փակ էր։ Քաղաքական ազատությունների ապահովման հարցը, ինչպես նախկինում, կրկին մղվեց երկրորդ պլան։

2007թ. խորհրդարանական ընտրություններից սկսած՝ մեզանում ձևավորվում է մեկ մարդու համակարգ, որը մարմնավորվում է Սերժ Սարգսյանի ֆիգուրայով։ 2008-ին արդեն պետական կառավարման համակարգը բացարձակ մենիշխանական տեսք ստացավ և սա մի համակարգ է, ինչպիսին չի եղել ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի իշխանության տարիներին։

 Նախագահ Սարգսյանը նույնիսկ իր Սարգսյանը չունի, որպիսին որ ինքն էր Քոչարյանի ժամանակ, երբ խոսվում էր երկգլուխ կառավարման համակարգի մասին։ Այսինքն, 88-ից ուղիղ 20 տարի անց մենք այժմ կրկին հայտնվեցինք բացարձակ ավտորիտարիզմի համակարգում։ Կենտկոմի առաջին քարտուղարի փոխարեն այժմ ՀՀ-ն ղեկավարում է նախագահը, ով նույնքան անվերահսկելի է հանրության կողմից, որքան սովետական տարիների ղեկավարը։ Կոմկուսին այժմ փոխարինել է ՀՀԿ-ն, որը նույն «դակիչի» դերն է կատարում, ինչպիսին որ կոմունիստական շարքերը՝ կենտկոմի որոշումներին ծափահարելիս։

Այսօրվա իշխանության բոլշևիկյան մտածողությունն այնքան նման է իր բնօրինակին, որ պարզապես ապշել կարելի է։ Փոխվել են ձևերը, բայց բովանդակությունը նույնն է մնացել։  Վերջերս ԱԺ ներկայացված հարկային փաթեթը ոչ այլ ինչ է, եթե ոչ չեկիստական համակարգի վերականգնում։ Հայ-թուրքական հարաբերությունների վարումն անցավ սովետների վերջին ղեկավար Գորբաչովի   սինդրոմով։ Քաղաքական կյանքի մյուս ասպարեզներում էլ թևածում է Իլյիչի և Ստալինի, Անդրոպովի և Գորբաչովի ուրվականը՝ նայած իրավիճակի։

Այս իշխանությունների համար՝ մասնավոր սեփականությունը դա չարիք է, ինչպես որ մտածում էին բոլշևիկները։ Պարզապես բոլշևիկները այդ ամենը հիմնավորում էին մարքսիստական փիլիսոփայությամբ և կուլակաթափ էին անում ու դարձնում սովխոզ ու կոլխոզ։ Իսկ մեր տնաբույծ բոլշևկները դեմ չեն մասնավոր սեփականությանը՝ պայմանով, որ այդ մասնավոր սեփականությունը միայն իրենց ձեռքում գտնվի։  «Հայկական աշխարհ» քարոզողների գիտակցության մեջ՝ փոքր ու միջին բիզնեսն ասոցացվում է սովետական տարիների սպեկուլյանտության հետ, որը պետք է փողաքամ անել և ոչնչացնել։ Պարզեցված հարկի վերացումը, համատարած ՀԴՄ-ացումը՝ այդ ծրագրի շրջանակներում էր։ Այնինչ հարկավոր էր նորմալ հարկային դրույքաչափեր սահմանել և փոքր ու միջին բիզնեսը զարգացնել։ Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսին, ապա այս իշխանությունների համար նրանք սովետական ցեխավիկներն են, որոնց պետք է նույնպես ոչնչացնել, կամ հետները փայ մտնել, կամ էլ «նալոգներ» վերցնել՝ ինչպես որ անում էին սովետական տարիների կենտկոմի ու ռայկոմի քարտուղարները կամ այլ չինովնիկները՝ նայած ցեխավիկի «կալիբրի»։

Նկատենք, որ հայաստանյան քաղաքական ճոճանակի տատանումներն այս 20 տարիների ընթացքում հասցրել են մաքրել ամբողջ քաղաքական դաշտը, և դա կարելի է գնահատել որպես դրական երևույթ։ Քսանամյա քաղաքական մեծ պարբերաշրջանն ավարտվում է։ Այժմ միջանկյալ լճացման փուլն է, որից հետո սպասվում է նոր պարբերաշրջան։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը