Մեկնաբանություն

14.10.2012 13:32


Տեսա՞ր ինչ եղավ

Տեսա՞ր ինչ եղավ

Երբ «Ժառանգությունը» հրապարակեց իր նախընտրական ցուցակը, մենք բարձրաձայնեցինք, որ դա Բաղրամյան 26–ի ու գլխավոր դատախազության հետ համատեղ կազմած ցուցակ է, որ «Ազատ դեմոկրատները» իշխանության հետ կապող օղակի դերն են կատարել, և որ «հասարակական սեկտորի» ներկայացուցիչների մեծ մասն իրականում նախագականի երիտթևի սեկտորից է։ Մեզ «Ժառանգությունից» պատասխանում էին, թե մի խանգարեք արևմտամետ դաշինքի հաղթարշավին։

Երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն ընդդիմադիր հռչակած «Ժառանգությունը» դուրս եկավ միասնական շտաբից և ՀՀԿ–ին քննադատելը թողած՝ սկսեց աշխատել ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու մասամբ նաև ՀՅԴ–ի դեմ, մենք կանխատեսեցինք, որ այդ ուժը մի կերպ կհաղթահարի 5տոկոսանոց արգելքը, քանզի հասարակությունն արդեն փորձ ունի և շատ արագ կարողանում է պարզել Գեղամյանի ֆունկցիա կատարողներին։ Մեզ «Ժառանգությունից» պատասխանում էին, թե իրենց ցուցակն առնվազն 25% կհավաքի։ Փաստորեն, այդպես էին համոզել ամեն օր մարդկանց շահերի համար կռիվ տվող, բայց համամասնական ցուցակի ներքևում հայտնված ժառանգական պատգամավորներին, որպեսզի նրանք էնտուզիազմով լծվեն քարոզարշավին (կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես է Քոքոբելյանը մտքում «ղժժացել» այն մարդկանց վրա, ովքեր անկեղծորեն կարծել են, թե «Ժառանգության» ցուցակը քսան պատգամավորով մտնելու է խորհրդարան)։

Երբ «Ազատ դեմոկրատները» (իրականում՝ Ազատիչ դեմոկրատները) կցվում էին «Ժառանգությանը», մենք համապատասխան մարդկանց հասկացնում էինք, որ այդ դաշինքն ավելի շատ պետք է ազատիչներին, քան Րաֆֆիին, հետևաբար՝ ցուցակը պետք է կազմվի «Ժառանգության» հսկիչ փաթեթով, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Այժմ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը զուտ ձևական կապ ունի համանուն կուսակցության հետ, քանզի բուն ժառանգականները երկուսն են՝ իշխանության երեք ներկայացուցիչների դիմաց։

Մի խոսքով, երբ ԱԺ ընտրությունների նախաշեմին «Ժառանգությունը» ընտրողների թիկունքում գործարքի գնաց իշխանության հետ, մենք զգուշացրեցինք, որ դա ոչ մի լավ բանի չի բերի, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում էր սատանի մայլում քյանդրբազություն անել՝ միամտաբար կարծելով, թե կարող է կուլիսներում ֆռռացնել Սերժ Սարգսյանին, իշխանության օգնությամբ շատ ձայներ ստանալ, իսկ հետագայում արդեն «քցել» իշխանությանն ու նախագահական ընտրություններին ներկայանալ ծանրակշիռ ընդդիմադիր ուժի առաջնորդի կարգավիճակում։ Բաղրամյան 26–ում օգտվեցին Րաֆֆիի «սրտի թուլությունից» և «մին լյավ» «երկխոսացրեցին»։

Եթե հիշում եք, Րաֆֆին հացադուլ արեց իշխանություն–ՀԱԿ «երկխոսության» մեկնարկի ժամանակ ու քննադատեց այն, սակայն ամիսներ անց, փաստորեն, ինքը գնաց «երկխոսության», բայց ի տարբերություն ՀԱԿ–ի՝ նա ոչ թե հրապարակային իրականացրեց իր քայլերը, այլ «խորամանկորեն»՝ կուլիսներում։ «Ժառանգության» առաջնորդի համար, փաստորեն, դաս չեղավ ՀԱԿ–ի դառը փորձը, և նա մտածեց, թե ինքը «ֆիռմա» «երկխոսող» է, ու իր առաջ, պատկերավոր ասած, զուգարանները չեն փակի։ Րաֆֆին չարաչար սխալվում էր։ Փակեցին։ Ու պետք չէ այժմ մեղադրել Խաչատուր Քոքոբելյանին, թե նա սուտ է խոսում, պայմանավորվածությունը չի պահում և մանդատը վայր չի դնում։ Էն գլխից էլ հայտնի էր, թե Քոքոբելյանն ինչով է զբաղված, ինչ խնդիր է լուծում և որ շրջանակների շահերն է ներկայացնում։ Է՛հ, ձեզ ո՞վ էր խնդրում «Ազատ դեմոկրատների» միջնորդությամբ գործարքի գնալ իշխանությունների հետ, «բարտերային» պայմանավորվածության արդյունքում դառնալ պատգամավորության թեկնածու Գարեգին Նուշիկյանի գովազդային գործակալը,  ուրախ–ուրախ հայտնվել նույն Նուշիկյանի գովազդային թանկարժեք վահանակների վրա, իշխանության ցուցումով ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ «դհոլություն» անել, որ հիմա էլ սկսել եք «քցվելուց» խոսել ու մուննաթ գալ Քոքոբելյանի վրա։

Այն, որ «Ժառանգության» պահով Քոքոբելյանն իրեն պահելու էր միջնորդի պես՝ հայտնի էր ի սկզբանե։ Այն, որ «Ազատ դեմոկրատների» վերնախավը ներկայացնող դեմքերը ՀԱԿ–ից դուրս գալուց շատ չանցած հայտնվեցին իշխանական միջանցքներում և իրենց ծառայություններն առաջարկեցին համապատասխան մարդկանց՝ համոզելով, թե կարող են ներսից քանդել ՀԱԿ–ը և օգտագործվել ԲՀԿ–ի դեմ՝ նույնպես հայտնի էր բոլորին։ Եթե այդքանից հետո գործարքի ես գնում ու «Ազատ դեմոկրատների» հետ աշխատում իշխանական սցենարով, ապա առաջինն ինքդ քեզ մեղադրիրր, հետո նոր՝ մյուսներին։ Նկատենք, որ երբ իշխանության հետ «երկխոսության» ժամանակ «քցոցի» է արձանագրվում, ապա խոսելու տեղ չունի նախ «քցվողը», ապա նոր «քցողը»։ 

Հիմա եթե Րաֆֆին ուզում է մինչև վերջ ազնիվ ու անկեղծ լինել հասարակության առաջ, ապա պետք է ներողություն խնդրի իր նախկին ընտրողներից, ապա նոր միայն ստախոսության մեջ մեղադրի Քոքոբելյանին, ում օգնությամբ իշխանությունների հետ խաղերի մեջ է մտած եղել և ում հետ համատեղ, մեծ հաշվով, «քցել» է ընտրողներին։ Այնպես որ, «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները» պետք է վերջ տան հրապարակավ միմյանց հասցեին «է՛լ քաչալ շուն, է՛լ գող փիսո» որակումներ տալուն և համապատասխան հետևություններ անեն, քանի դեռ երկուսն էլ վերջնականապես չեն գեղամյանացել։

Այժմ ճիշտ ժամանակն է Րաֆֆի Հավհաննիսյանին դիմել Թաթայի հայտնի երգի խոսքերով՝ «Տեսա՞ր ինչ եղավ»։ Բա որ ասում էինք...

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը