Լրահոս

10.06.2009 17:24


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հունաստանի դեսպան Ի. Կորինթիոսին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանը ընդունել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ի. Կորինթիոսին և դեսպանատան տնտեսական և առևտրի բաժնի ղեկավար Ի. Դերմենձօղլուին:
 Դեսպան Ի. Կորինթիոսը շնորհավորել է Գ. Ալավերդյանին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել է հաջողություններ այդ աշխատանքում:
 Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ հայ-հունական տնտեսական հարաբերությունների լավագույն ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է, և այստեղ երկու երկրների փոխշահավետ շփումները զարգացման մեծ հեռանկարներ ունեն: Նա կարևորել է  Հունաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանում սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման ուղղությամբ իրականացվող՝ թունաքիմիկատների որակի հսկողության և մնացորդային քանակների լաբորատորիայի ստեղծման, սննդամթերքում թունաքիմիկատների մնացորդային քանակների, ինչպես նաև հյութերի և գինու հետազոտման լաբորատորիայի ստեղծման, հանրապետության երեք մարզերում ժամանակակից չորս սպանդանոցների կառուցման, անասնակերի արտադրության գործարանի հիմնման, հունական սորտերի ձիթենու՝ Հայաստանում փորձնական աճեցման և տեղայնացման ծրագրերը:
 Նախարար Գ. Ալավերդյանը նշել է, որ մանրամասնորեն տեղյակ է Հունաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերի մասին և կարևորել է ագրոպարենային ոլորտում հայ-հունական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Նա առաջարկել է քննարկել սահմանային հսկիչ կետերում ստեղծվելիք լաբորատորիաները հունական աջակցությամբ անհրաժեշտ սարքավորումներով համալրելու հնարավորությունը, որին ի պատասխան՝ դեսպան Ի. Կորինթիոսը խնդրել է ներկայացնել կոնկրետ առաջարկներ և ծրագրեր:

Այս խորագրի վերջին նյութերը