Մեկնաբանություն

16.10.2012 16:41


Ինչո՞ւ են իշխանությունները խաղադրույք կատարում Նիկոլ Փաշինյանի վրա

Ինչո՞ւ են իշխանությունները խաղադրույք կատարում Նիկոլ Փաշինյանի վրա

Վերնագրում նշված հարցի պատասխանը շատ պարզ է. նախագահական նստավայրին չհաջողվեց գեղամյանացու ստանալ ՀԱԿ–ից դուրս բերված Արամ Սարգսյանից ու Դավիթ Շահնազարյանից, այդ իսկ պատճառով հիմա կենտրոնացել են դեռևս Կոնգրեսում մնացած Նիկոլ Փաշինյանի վրա և փորձում են ներսից վերցնել այդ կառույցն ու կառավարելի «ընդդիմադիր» ունենալ։ «Ընդդիմադիր», ով երկու ձեռքով կողմ էր արտահայտվում սերժանպաստ «երկխոսությանը», ով նույն այդ «երկխոսության» արդյունքում ազատ արձակվեց կալանավայրից, և ով կտրուկ դեմ է Լևոն Տեր–Պետրոսյանի՝ ԲՀԿ–ի մասով «քաղաքագիտական վերլուծության» մեջ առկա կոդերին ու դեմ է նաև «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագրին։

Նիկոլին գեղամյանացնում են նաև այլ նպատակով։ Սերժը, իր ոճին հավատարիմ, չի ուզում նախագահական ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի դեմ մեն-մենակ դուրս գալ, և իրեն պետք է մեկը, ով «ընդդիմադիր» դաշտից էժանագին հակաքարոզչություն կտանի Ծառուկյանի թիմի դեմ և դրանով իսկ կապահովի ՀՀԿ ղեկավարի թիկունքը։ Նիկոլը համաձայնել է այդ գործն իր վրա վերցնել։ Դա է պատճառը, որ Նիկոլը հիմա մեծ–մեծ հայտարարում է, թե  Վլադիմիր Գասպարյանը միայն ճակատի քրտինքը մաքրելուց հետո կարող է զանգահարել և հրահանգներ տալ իրեն։ Գասպարյանը, որպես ոստիկանապետ, լավ տեղեկացված է և գիտի, որ իր շեֆի վերջին հույսը «ընդդիմադիր» թերթի նախկին գլխավոր խմբագիրն է, և չի բացառվում, որ Նիկոլին զանգելուց ու հրահանգ տալուց առաջ իրոք քրտինքը մաքրի ու նոր անցնի գործի։

 Գասպարյանը լավ գիտի, որ Նիկոլն իշխանությանը (այդ թվում՝ իրեն) հայհոյում է նախագահական նստավայրի բարձր հովանու ներքո։ Էդքանից հետո բնական է, որ մարդու քրտինքը, տարբեր պատճառներով, կարող է հայտնվել ճակատին. մի ժամանակ Նիկոլին բռնում էին, իսկ հիմա իշխանությունն իր ռեսուրսները դրել է Նիկոլ խաղացնելու վրա։ Նման դեպքերում դույզն–ինչ արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու ճակատին պետք է որ քրտինք  հայտնվի և այդ առումով Նիկոլը հնարավոր է, որ ճիշտ է նկարագրում Վովայի վիճակը։ Ինչևէ։

Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գործող մամուլը լծված է Նիկոլի քարոզն իրականացնելու գործին։ Նրա առջև բացված են միշիկական բոլոր լրատվամիջոցների, այդ թվում՝ հեռուստատեսության դռները։ Իշխանամետ մամուլը դրական լույսի ներքո է ներկայացնում Նիկոլին՝ նրան հակադրելով ԲՀԿ–ի հետ գործակցության կողմնակից Լևոն Տեր–Պետրոսյանին։

Նույնիսկ դպրոցահասակ երեխաներին է պարզ, որ Սերժ Սարգսյանն ու իրեն սատարող մամուլը մազոխիզմով չեն տառապում և հետևաբար՝ PR չէին անի մեկին, ով  իշխանության համար իբր վտանգ է ներկայացնում։

Հիշեցնեմ, որ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունը նույն մեթոդներով «ռասկրուտկա» էր անում Արտաշես Գեղամյանին։ «Ազգային միաբանության» առաջնորդի համար բացվել էին բոլոր հեռուստաընկերությունները, և «ընդդիմադիր» Արտաշեսը, օգտվելով առիթից, անխնա քննադատում էր իշխանությանը։ Սերժ Սարգսյանը նույնիսկ հեռուստաբանավեճի գնաց իր կողմից հետագայում «դատարկ դհոլ» որակված այդ գործչի հետ և գիտակցաբար պարտվեց, որպեսզի Գեղամյանը կարողանա վարկանիշ հավաքել, ձայներ փախցնել ընդդիմադիր դաշտի առաջատար Ստեփան Դեմիրճյանից ու ընտրության երկրորդ փուլից առաջ գնալ տուն։

Նիկոլը, ի դեպ, չի էլ թաքցնում, որ ուզում է ներսից քանդել ՀԱԿ–ը և բողոքական ընտրազանգվածի տրամադրություններն ուղղել ԲՀԿ–ի դեմ՝ բացառիկ ծառայություններ մատուցելով Սերժ Սարգսյանին։ Ասել է թե՝ նա ժամանակից շուտ է ստանձնել Գեղամյանի դերն ու այդպիսով ինքնաբացահայտվել։

Կստացվի՞ իշխանության՝ «Նի–կո՛լ, նախագա՛հ» օպերացիան, թե՞ ոչ՝ կախված է ՀԱԿ–ից ու անձամբ Լևոն Տեր–Պետրոսյանից։

Կոնգրեսում հիմա շատ լավ տեսնում են, թե ինչ խաղերի մեջ է մարտի 1–ի թեման որպես քողածածկույթ օգտագործող «թունդ ընդդիմադիր» Նիկոլը և դատելով ամենից՝ դեռևս թողնում են, որ տղան մինչև վերջ բացվի ու նոր միայն շնորհազրկեն նրան։

Հարցն այն չէ, որ Նիկոլը՝ որպես նախագահի դրածո թեկնածու, 2013թ. կարող է շատ ձայներ հավաքել ու խանգարել Սերժի դեմ ելած ուժերին։ Հարցը նաև այն չէ, որ նա կարող է եղանակ փոխել ու խանգարել ԲՀԿ–ին։ Փաշինյանի  առավելագույնը 0,5 տոկոսն է, և այդ մասին ինքն էլ գիտի, իր տերն էլ գիտի։ Նիկոլի խնդիրը մթնոլորտ պղտորելն ու նախագահական ընտրությունների ժամանակ Սերժի ԲՀԿ–ական հակառակորդի դեմ գեղամյանություն անելն է։ Ահա սա՛ է Սերժի ուզածն ու դրա համար էլ նա խաղադրույք է կատարել «թունդ ընդդիմադիր» այդ գործչի վրա։

Ինքներդ էլ հասկանում եք, որ կարելի էր նաև ուշադրություն չդարձնել 0,5 տոկոսանոցի վրա, քանզի եղածը մի բան չէ, բայց դե ճիշտն «էս գլխից» նեոգեղամյանին շարքից հանելն է, որպեսզի  ավելորդ բզզոց անգամ չկարողանա հանել, ու Սերժն ընտրությունների ժամանակ բառիս բուն իմաստով մնա մեն–մենակ (չհաշված Արտաշես Գեղամյանին ու Արթուր Բաղդասարյանին)։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Կարելի է միայ պատկերացնել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի դեմքի արտահայտությունը, երբ նա իմացել է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իր հետ նույն թիմում է։ Սրանից մեկ թե երկու տարի առաջ Նիկոլը Շարմազանովին «Մարիշ Բոզիկյան» էր ասում, իսկ հիմա նրանք երկուսով ուս–ուսի տված ծառայում են ՀՀԿ ղեկավարին։ Չնայած մյուս կողմից էլ Շարմազանովը հազիվ թե զարմանա ու զայրանա, քանզի ՀՀԿ–ում արդեն գիտեն Սերժի «հումանիստ» էության մասին ու ծանոթ են նրա կառավարման ոճին։ Վիկտոր Դալլաքյանը վկա։

Այս խորագրի վերջին նյութերը