Մեկնաբանություն

16.10.2012 18:04


Իվանիշվիլու և Ծառուկյանի վերաբերյալ զուգահեռները խոսուն փաստեր են. (տեսանյութ)

Իվանիշվիլու և Ծառուկյանի վերաբերյալ զուգահեռները խոսուն փաստեր են. (տեսանյութ)

Անցած շաբաթ Վրաստանում իրականացավ իշխանափոխության պաշտոնական արարողությունը, և լավ կլիներ, որ այդ փորձի փոխանակման շրջանակներում Սերժ Սարգսյանը մի պատվիրակություն  ուղարկեր Թբիլիսի` այդ ամենը մոտիկից  ուսումնասիրելու համար, քանզի մի քանի ամիս անց այդ ամենը նրան անչափ պետք է գալու:

Իսկ ներկա հոդվածում փորձենք համեմատականներ անցկացնել Իվանիշվիլու և Ծառուկյանի անցած և ներկա գործունեությունների միջև:

Եվ այսպես, երկուսն էլ 56 տարեկան են: Իվանիշվիլին  ծնվել է 1956-ի փետրվարի 18-ին, իսկ Ծառուկյանը` նույն թվականի նոյեմբերի 25-ին: Իվանիշվիլին ծնվել է Չիատուրա քաղաքի մոտ գտնվող Չորվիլա գյուղում, իսկ Ծառուկյանը` Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

Երկուսի համար էլ իրենց փոքր հայրենիքները մեծ արժեք են ներկայացնում, Չիատուրան` Իվանիշվիլու համար, իսկ Աբովյանը` Ծառուկյանի համար: Երկուսն էլ սկսել են իրենց բիզնես գործունեությունները դեռ ԽՍՀՄ-ի վերջին տարիներից և մեծ հաջողությունների են հասել այդ ոլորտում` դառնալով  հայտնի մեծահարուստներ:

Օլիգարխ դառնալով նրանք ակտիվ բարեգործությամբ են զբաղվել սկզբում իրենց փոքր հայրենիքներում, իսկ հետո նաև ողջ երկրով մեկ:

Իվանիշվիլին հատուկ վերաբերմունք ուներ  Չորվիլա գյուղի և Չիատուրա քաղաքի հանդեպ, Ծառուկյանը` Առինջի և Աբովյանի հանդեպ: Իրենց փոքր հայրենիքների հանդեպ վերաբերմունքը միանգամից տարածում է ստանում ողջ երկրով մեկ, և մարդիկ սկսում են խոսել, որ «եթե մարդը իր փոքր հայրենիքի հանդեպ լավ է վերաբերվում, ապա մեծ հայրենիքի հանդեպ էլ նույնպես լավ կվերաբերվի»:

Ե'վ Իվանիշվիլին, և' Ծառուկյանն օդի մեջ զգացին սույն հանգամանքը և իրենց գործունեության հիմնական կարգախոսն  դարձրին «մեր խոսքը գործ է» սկզբունքը`  իրենց  բարեգործությունների ծրագրերը  տարածելով ողջ երկրով մեկ:

Երկուսն էլ, դասական իմաստով, քաղաքական գործիչներ չեն, նրանք ավելի շատ ֆիլանտրոպիհոգեբանությամբ էին գործում` ակտիվորեն չմտնելով «մաքուր» քաղաքականության մեջ:

Սակայն, սկսած 2003-ից, Իվանիշվիլին սկսում է զբաղվել բարեգործական ծրագրերով` մտքում ունենալով քաղաքական նպատակները:  

Նույնն անում է Ծառուկյանը` սկսած 2004-ից, երբ հիմնում է իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Հետագա իրենց ծրագրերում  երկուսն էլ պաշտպանել են օրվա իշխանությանը, մինչև   զգացին, որ եկել է իրենց ժամանակը:

Այսպես, 2011-ին, երբ Սահակաշվիլին իր ռեժիմն արդեն ամրապնդել էր, փորձեց Իվանիշվիլու բարեգործական ծրագրերը սանձել` նշելով, որ լավ կլինի, որ վրաց օլիգարխն իր փողերը տա պետբյուջեին: Մասնավորապես, նա Բիձինայից «եղբայրաբար» խնդրեց  ոչ ավել, որ պակաս` 100 մլն դոլար: Ի պատասխան դրա, Բիձինան հայտարարեց, որ երկրի բուրժուական դասակարգի շահերը վտանգի տակ են, և ինքն առաքելություն ունի Սահակաշվիլու «էլիտար» ֆեոդալական ռեժիմը փոխել` իրականացնելով բուրժուադեմոկրատական խաղաղ հեղափոխություն:

Նույնը եղավ Հայաստանում, երբ սկսած 2011-ից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը նպատակ ունի բուրժուական դասակարգը ապամոնաժել և դրա տեղը հաստատել իր ընանիքի` փեսայի և իր  եղբայրների միանձնյա ընտանեկան ֆեոդալական կարգը: Եվ դա նա փորձում էր իրականացնել «օլիգարխների դեմ պայքարի» շրջանակներում, որտեղ գլխավոր թիրախն ընտրված էր հենց Ծառուկյանը: Քանզի վերջինս խոշոր բուրժուազիայի միակ ներկայացուցիչն էր, որ քաղաքականապես պաշտպանված էր ԱԺ-ում ներկայացված իր կուսակցությունով: Բաղրամյան 26-ում կարծում էին, որ եթե«լուծվի Ծառուկյանի խնդիրը», ապա մյուս մեծահարուստների կուլակաթափման հարցը կդառնա տեխնիկայի խնդիր:

Սակայն Ծառուկյանը Իվանիշվիլու նման իր շահերը պաշտպանելու համար կտրուկ վերափոխեց իր կուսակցությունը` այնտեղ խաղի մեջ մտցնելով «ինտելեկտուալ թարմ շրջանակների», որոնք «նոր գիծ» մշակեցին, որի առանցքն էր կազմում երկրում բուրժուադեմոկրատական բարեփոխումների անհրաժեշտության խնդիրը: Դրանով իսկ Ծառուկյանը փորձեց  Սերժ Սարգսյանից և նրա ընտանիքից պաշտպանվելու համար ներդաշնակել իր անձնական շահերը` հասարակական շահերի հետ: Քանզի դապաշպանվելու միակ ճշգրիտ, քաղաքագիտական որոշումն էր:  

Այսպիսով, և' Իվանիշվիլին, և' Ծառուկյանը պարտադրված մտան «մեծ քաղաքականություն», քանզի սկսեց աշխատել դասական անգլիական պամությունը, երբ թագավորը իր ոչ արդյունավետ կառավարման և էգոիստական նպատակներ ունենալու պատճառով որոշեց  նեղել բուրժուական դասակարգին, վերջիններս ստիպված իրականացրին բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն:

Տվյալ պարագայում  Վրաստանում,  օրինակ, Սահակաշվիլին փոքր և միջին բիզնեսին չէր նեղում, բայց միջին բիզնեսի համար խոշոր դառնալու ճանապարհը փակ էր: Խոշոր բիզնեսի ողջ տիրույթը մեծ հաշվով գտնվում էր Սահակաշվիլու, Մերաբիշվիլու և Ուգոլավայի ձեռքերում: Վրաստանում, բացառությամբ Իվանիշվիլու, խոշոր օլիգարխ չկար, և նրանք ուզում էին վերացնել հենց այդ վերջին «բացառությունը», բայց` «չկպավ»:

Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, ծանր է և' փոքր, և' միջին, և' խոշոր բիզնեսի վիճակը:

Ինչո՞ւ է այդպես, դա մեկ այլ հոդվածի թեմա է: Նշենք միայն, որ Սերժ Սարգսյանը Սահակաշվիլու նման նպատակ դրեց «վերացնել» բոլոր խոշոր բիզնեսմեններին, որպեսզի այդ տիրույթը ամբողջովին անցնի իր ընտանիքին` փեսայի և եղբայրների ձեռքը: Իսկ այդ ամենի իրականացման համար որպես գործիք օգտագործվում է իր «ընտանիքի հաշվապահ» Տիգրան Սարգսյանը:

Թե ինչպիսի մեխանիզմով էր դա արվում, նույնպես այլ հոդվածի թեմա է:

Նշենք, որ Իվանիշվիլու դեմ Սահակաշվիլին օգտագործեց բազմաթիվ գործիքներ. նրան մեղադրեցին ժողովրդին բարեգործության քողի տակ կաշառք բաժանելու մեջ և նույնիսկ տուգանեցին 45 մլն դոլարով, բայց` չօգնեց: Հետո Սահակաշվիլին փորձեց «լեզու գտնել» քաղաքական դաշտի հետ, որպեսզի դա օգտագործի Իվանիշվիլու դեմ, սակայն գտավ միայն «հավերժ ընդդիմադիր Շավլո Նաթելաշվիլուն», ով էլ հանդես էր գալիս «և' Սահակաշվիլու, և' Իվանիշվիլու դեմ, քանի որ նրանք նույն հանցավոր ռեժիմի երկու գլուխներն են»հայտնի կարգախոսով, սակայն դա էլ Սահակաշվիլուն չփրկեց, քանզի «իր Նաթելաշվիլին» անցած պառլամենական ընտրություններում հավաքեց 0,1 % ձայն:

Նույնն այսօր Սերժ Սարգսյանը փորձում է անել Ծառուկյանի հանդեպ: Նույն ոճը, նույն սցենարը, պարզապես «դհոլությամբ» զբաղվող մարդկանց ազգանուններն են տարբեր: «Անկախ» գործիչների շուրթերով Ծառուկյանին մեղադրում են իբր ժողովրդին կաշառք բաժանելու մեջ, սակայն դա չի աշխատում: Հետո սկսեցին կիրատել սև PR-ի աննախադեպ տեխնոլոգիաներ` նախապես «գնելով» լրատվամիջոցների մեծ մասին, բայց դա էլ չօգնեց: Վկան` այն 450 000 իրական ձայնը, որ ստացավ «Բարգավաճ Հայաստանը» անցած խորհրդարանական ընտրություններում: Խուճապի մեջ հայտնված այս իշխանությունը փորձում է նոր մեթոդներ գտնել` ճնշելու համար: Եվ հենց դրա համար էլ բացվեց, այսպես կոչված, Օսկանյանի «գործը», որի ճշմարտությանը այսօր Հայաստանում ոչ ոք չի հավատում, նույնիսկ` ՀՀԿ-ի շարքերն ու նրանց վերնախավը: Զգալով այս խայտառակ իրավիճակը` իշխանությունը փորձելու է իբր «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակներում չարաշահումներ բացահայտել այն ոլորտներում, որտեղ նախկինում աշխատում էին բհկ-ական նախարարները: Սակայն դա էլ «չի կպնի», քանզի Հայաստանում բոլորը գիտեն, որ մեր երկրի կոռուպցիայի «գլխավոր փականը» գտնվում է Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի` փեսայի, եղբայրների, ընտանեկան հաշվապահ Տիգրան Սարգսյանի ձեռքերում:  

Վերջապես, Սերժ Սարգսյանը Սահակաշվիլու նման ստեղծելու է իր փսևդո- ընդդիմադիր «Շավլո Նաթելաշվիլին», ով 2013-ին պետք է կատարի Գեղամյանի կամ Արթուր Բաղդասարյանի գործը` հանդես գալով «հանցավոր ռեժիմի երկու ներկայացուցիչների` Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի դեմ»: Թե ում է ընտրելու այդ դերում Սերժ Սարգսյանը, այսօր դեռ հայտնի չէ, դեռ «քաղաքական ստրիպտիզ քաստինգը» շարունակվում է, իսկ թեկնածուներն էլ մոտավորապես հայտնի են: Սակայն պարզ է մեկ բան, որ ոչ մի  «Նաթելաշվիլի» և ոչ մի «նոր Գեղամյան» չեն կարող էական դեր կատարել այս հարցում:

Այսպիսով, ինչպես որ Վրաստանում, այնպես էլ Հայաստանում, բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները անխուսափելի են, քանզի դրանք համաշխարհային բնույթի գործընթացներ են: Եվ դեպի իսկական դեմոկրաիայի հաստատման ճանապարհին պետք է նախ լիակատար կայանա բուրժուական դասակարգը, հետո էլ աշխատուժի շուկան, և հետո արդեն կարելի կլինի խոսել ամբողջական դեմոկրատիայի հաստատման մասին: Այդպիսի ճանապարհով են գնացել այսօրվա աշխարհի բոլոր զարգացած երկրները, և այդ շարքում մենք բացառություն չենք կարող լինել:

Արտակ Հակոբյան 

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը