Մեկնաբանություն

17.10.2012 16:15


Հետին թվով «հայրենասերները»

Հետին թվով «հայրենասերները»

Թուրքագետ Արտակ Շաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե այսօր Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի վատ են, քան մինչև արձանագրությունները (նկատի ունի երեք տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ–թուրքական արձանագրությունները–Կ. Հ.)։

Թուրքագետը, իհարկե, բացարձակ ճշմարտությունն է ասում, բայց դա, լավագույն դեպքում, հետին թվով պայծառատեսության և մասնագիտական ունակությունների դրսևորման ձև է, իսկ վատագույն դեպքում՝ «հայրենասիրություն» անելու պես մի բան, քանզի նույն Արտակ Շաքարյանը, ինչպես նաև մյուս թուրքագետ, միջազգայնագետ, վերլուծաբան ու քաղաքագետ կոչվածները Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում լրիվ ուրիշ երգ էին երգում։

Երբ Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներն այն ժամանակ պնդում էին, որ հայ–թուրքական արձանագրությունները վնասելու են Հայաստանի անվտանգությանը, որ այդ արձանագրությունների հետևանքով ավելի են վատանալու հայ–թուրքական հարաբերությունները, որ ոչ մի սահման էլ չի բացվելու, և որ Թուրքիան, օգտվելով Հայաստանի իշխանության կոպիտ սխալից, մխրճվելու է Ղարաբաղի խնդրի կարգավորման տիրույթ, Բաղրամյան 26–ի հաստիքային ու արտահաստիքային սազանդարները հակառակն էին պնդում և բոլշևիկյան էնտուզիազմով պաշտպանում էին քիրվայական գիծը։

Հիշեցնեմ, որ Արտակ Շաքարյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, տխրահռչակ Անդրանիկ Միհրանյանը, Կարեն Բեքարյանը, «Ժառանգության» ցուցակում հայտնված Թևան Պողոսյանը և մյուս «անկախ» փորձագետները գովերգում էին Սերժ Սարգսյանի իմաստուն քաղաքականությունն ու փրփուրը բերաններին պաշտպանում «ֆուտբոլը»։ Նույնիսկ արդուկը միացնելիս կարող էիր տեսնել այս մարդկանց՝ Սերժ Սարգսյանի գովքն անելիս և հայ–թուրքական արձանագրությունները փառաբանելիս։ Սրանք այնպիսի քարոզչահոգեբանական տեռորի էին ենթարկում հայ ժողովրդին, որ մի պահ թվում էր, թե թուրքական դեսանտ է իջել Հայաստան։ Հիմա պարզվում է, որ նույն այդ մարդիկ հետին թվով օբյեկտիվ գնահատականներ են տալիս և խելոք–խելոք բաներ ասում։

Եթե այդ «անկախ» վերլուծաբանները, իրոք, անկեղծ են իրենց ներկայիս գնահատականներում, ապա կա՛մ պետք է հրապարակավ ընդունեն, որ դիլետանտներ են ու չեն կարողացել տեսնել այն, ինչը տեսանելի էր նույնիսկ ոչ մասնագետներին, կա՛մ էլ պետք է ընդունեն, որ այն ժամանակ պարզապես նախագահականի պատվերն են կատարել ու փող աշխատել։ Սրանց համար վարքագծի երրորդ տարբերակն էլ կա՝ լռել ու այլևս հայ–թուրքական թեմաներով չխոսել։ Ցինիզմն ու դեմագոգիան էլ չափ ու սահման ունեն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը հիմա նույնպես ընդունում է, որ հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունը ոչինչ չտվեց։ Սակայն ուշագրավ է նաև այն, որ նույն Սերժ Սարգսյանը չի շտապում հետ վերցնել Հայաստանի ստորագրությունը արձանագրություններից, իսկ պայծառատես ու «հայրենասեր» դարձած վերլուծաբանները ծպտուն չեն անում ստորագրությունների թեմայով։ Իսկ դա նշանակում է, որ մենք գործ ունենք դեմագոգիայի հետ։ Ընդամենը։

Այս խորագրի վերջին նյութերը