Մեկնաբանություն

17.10.2012 19:45


ՀՀԿ–ի պայթած փուչիկները և «գլխից բռնելու» հրահանգը

ՀՀԿ–ի պայթած փուչիկները և «գլխից բռնելու» հրահանգը

«Տեղի ունեցածի բարոյական պատասխանատվությունը կրում ենք հավասարապես բոլորս։ Ոչ ոք չէր ցանկանա՝ նման միջադեպ տեղի ունենար։ Բայց եղավ այն, ինչ եղավ»,–ՀՀԿ–ի նախընտրական հանրահավաք–համերգի ժամանակ փուչիկների պայթելուց հետո հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը, ում թեթև ձեռքով, ըստ լավատեղյակների, Հանրապետության հրապարակ էին բերվել և փուչիկների «բերան» տրվել «ջահել–ջուհուլները»։

Չեմ զարմանա, եթե ՀՀԿ–ից մի օր երգչուհի  Նունե Եսայանի ոճով հայտարարեն, թե թող չգային միջոցառմանն ու պայթյունի զոհ չդառնային։

Մտահոգիչն այստեղ երիտհանրապետական Կարեն Ավագյանի, իմա՝ ողջ ՀՀԿ–ի քարոզած դիրքորոշումն է՝ մեր մեղքերի համար բարոյական պատասխանատվությունը կրում ենք հավասրապես բոլորս։ Չէ՛, մի րոպե, ընկերնե՛ր. ո՞վ է թույլ տվել ձեր մեղքը բարդել բոլորի վրա, ինչո՞ւ պետք է օրինակ ե՛ս բարոյական պատասխանատվություն կրեմ ինչ–որ մեկի կամ կուսակցության անբարեխղճության ու քծիպության համար։ Իսկ որ տվյալ դեպքում թե՛ մեկն է եղել, թե՛ մյուսը, դա՝ հաստատ։

Ամենազավեշտալին այն է, որ ՀՀԿ–ի փուչիկները լիցքավորած Սերոբ Բոզոյանին դատարանը մեկ տարի ազատազրկման դատապարտեց։ Ինչպես և սպասվում էր՝ խեղճ Սերոբը ո՛չ ընդվզեց, ո՛չ պատվիրատուի անուն տվեց, ո՛չ էլ բողոքեց անարդար արդարադատությունից։ Ճա՞րն ինչ։ Բա հո գլուխը քոր չէ՞ր գալիս՝ ՀՀԿ–ի վերնախավի անունները տար. էսպես գոնե մեկ տարով կպրծնի էդ պատմությունից։ Բայց հո բոլորս ենք հասկանում, որ Սերոբն ընդամենը քավության նոխազ է, ՀՀԿ–ի մեղքի «բարոյական պատասխանատուներից» մեկը։

Ի՞նչ աներ խեղճ Սերոբը, եթե ընտանիքը պահելու համար համաձայնել էր փուչիկները լիցքավորել մեթանով՝ դյուրավառ գազով. ինչքան տվել են, էդքանի դիմաց էլ լիցքավորել է։ Պա՞րզ չէ, որ եթե ավելի շատ գումար վճարեին ու անվտանգ գազով պատվիրեին լիցքավորել, հենց այդպես էլ կաներ։ Իսկ այն, որ պատվիրատուն ոչ միայն քիչ գումար է վճարել, այլ նաև տեղյակ է եղել, որ փուչիկները լիցքավորվում են վտանգավոր գազով, փաստել է Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը։ Նա լրագրողներին ասել է, որ իր պաշտպանյալը պատվիրատուին նախապես զգուշացրել է՝ փուչիկներն իրարից առանձին և կրակից հեռու պետք է պահել, բայց արվել է հակառա՛կը, իսկ 7 հազ. փուչիկի դիմաց Բոզոյանը ստացել է 770 հազ. դրամ, ինչը շա՜տ քիչ է անվտանգ գազով լիցքավորելու համար (դեռ թողնենք մի կողմ այն հարցը, թե Բոզոյանը միայնակ, տնային պայմաններում, ինչպե՞ս կարող էր այդքան փուչիկ լիցքավորել)։

Այսինքն՝ Բոզոյանը զգուշացրել է՝ ախպե՛ր ջան, տվածդ գումարի դիմաց մենակ մեթանով կարող եմ լիցքավորրել, բայց դրանք կարող են պայթել։ Ու չնայած դրան, այդուհանդերձ՝ այդ փուչիկները պատվիրել են, արդյունքն էլ եղավ այն, ինչ եղավ։ Իսկ այսօր մեղքը, Բոզոյանից բացի, գցում են նաև մեր բոլորիս վրա։  Չէէէէէէ, իրոք այս երկրում ահագին բան սխալ է։ Բա ձկան գլխից եք խոսում, բա բռնեք պատվիրատուի՛ն, ոչ թե ինչ–որ մի մանր ձկնիկի։ Թե՞ կարծում եք՝ մարդիկ չորքոտանի են ու կհավատան, որ խեղճ Սերոբը ինքն էր իրեն փուչիկներ պատվիրել, ինքն էր իրեն քիչ գումար վճարել, որ մեթան գազով դրանք լիցքավորի։ Հա, պարզ է, որ պատվիրատուն էլ միտումնավոր դա չի արել ու չի ուզեցել, որ ՀՀԿ–ի հանրահավաքին մարդկանց վառի, բայց դե դրա համար էլ Քրեական օրենսգրքում տարբեր հոդվածներ կան միտումնավոր և անզգուշությամբ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։

Հ.Գ.–1 Ինձ շատ հետաքրքիր է՝ օրինակ եթե վաղը որևէ մեկն ասենք ավելով ծեծի, այդ մեկի՞ն կկալանավորեն, թե՞ այդ ավելը պատրաստողին։ ՀՀԿ–ի փուչիկների գործից ելնելով՝ միանշանակ կարելի է ասել՝ պատրաստողի՛ն։ Դրանից հետո որքանո՞վ ճիշտ կլինի, որ ավելով ծեծողն իր ֆեյսբուքյան էջում գրի, որ կատարվածի բարոյական պատասխանատվությունը կրում ենք հավասարապես բոլորս։

Հ.Գ.–2 ՀՀԿ–ից ով իմ այս մտքերի հետ համաձայն չէ, ուրեմն դրա բարոյական պատասխանատվությունն էլ ենք կրում հավասարապես բոլորս։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը