Մեկնաբանություն

18.10.2012 14:53


Արման Բաբաջանյանի և արմանբաբաջանյանների մասին

Արման Բաբաջանյանի և արմանբաբաջանյանների մասին

Վարդան Օսկանյանի «գործի» հետ կապված՝ Բաղրամյան 26–ն օգտագործում է ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները, որպեսզի այսպես կոչված հասարակական կարծիք ձևավորվի։ Շատ լավ հասկանալով, որ բոլորի համար էլ ակնհայտ է «գործի» շինծու լինելը և քաղաքական ենթատեքստը՝ Սերժ Սարգսյանի թիմն ուզում է այլ ռակուրսով հիմնավորել քաղաքական հետապնդումը։

Իշխանության քարոզչամեքենան աշխատում է երկու ճակատով։ Պաշտոնական գիծն այն է, որ պետք էր Վարդան Օսկանյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, որպեսզի նա կարողանա ապացուցել իր անմեղությունը (ավելի անհեթեթ բան դժվար էր պատկերացնել)։ Իսկ ահա «ընդդիմադիր» գործիչների ու «անկախ» մամուլի միջոցների օգնությամբ  իշխանությունը լրիվ այլ մեղադրանքներ է ներկայացնում «Սիվիլիթասի» ղեկավարին ու Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությանն ուզում է տալ «գաղափարական» հիմնավորում։

«Ճիշտ է, Վարդան Օսկանյանի գործը սարքովի է և հանցակազմ չկա, բայց Սերժ Սարգսյանին պետք է աջակցել, քանզի նա պայքարում է մարտի 1–ին ասուլիս տված ու դրսի փողերով Հայաստանում կասկածելի գործունեություն իրականացրած նախկին արտգործնախարարի դեմ»,–փորձում են իրենց սերժահաճո գործողությունները «լեգիտիմացնել» քաղաքական ու լրատվական դաշտի նեոգեղամյանները։

Օսկանյանի «գործով» ԱԺ քննարկումների ժամանակ Սերժ Սարգսյանի քաղաքական փաստաբանի դերն ստանձնել էր «ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը, ով թաքնվելով մարտի 1–ի զոհերի հետևում՝ իր լիակատար աջակցությունն էր ցուցաբերում մարտի 1–ի թիվ մեկ շահառու և 10 զոհի գնով նախագահական նստավայրում հայնտված Սերժ Սարգսյանին։

Ըստ Փաշինյանի՝ անկախ այն բանից, թե արդյոք հանցակազմ կա՞ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության մեջ, թե՞ ոչ, ինքը կողմ է, որ Օսկանյանը դատապարտվի, քանի որ նա ասուլիս է հրավիրել 2008թ. հայտնի դեպքերի ժամանակ։ Նիկոլի համար կարևորն այն է, որ իր կողմից չսիրված Օսկանյանը դատվի, ու արդեն կապ չունի, որ նա դատվելու է չգործած մեղքերի համար։ Այսինքն՝ Փաշինյանը Սերժ Սարգսյանին տեսնում է ոչ ստանդարտ արդարադատություն իրականացնողի բարձր դերում։

Փաշինյանն իր բուն դերակատարումը թաքցնելու համար զուգահեռաբար քննադատում է նաև ուրիշից ավտոմեքենա «քցած» գլխավոր դատախազին, բայց դա ընդամենը ֆոն ապահովելու համար է, քանզի իր ելույթով նա Աղվանի հետ համատեղ մեղադրանք էր ներկայացնում Օսկանյանին ու կողմ արտահայտվում Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերին։

Ինչ վերաբերում է լրատվական դաշտին, ապա այստեղ իր փայ նիկոլություն է անում երբեմնի մոլի լևոնական, իսկ այժմ մոլի միշիկական, բայց «անկախի» պիտակի տակ հանդես եկող  Արման Բաբաջանյանը՝ «1in.am» կայքի և «Ժամանակ» թերթի ղեկավարը։

Վերջերս հյուրընկալվելով «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարին և բանավիճելով «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական ու լրատվական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանի հետ՝ Արման Բաբաջանյանը, ընդունելով, որ Օսկանյանի գործում գերակայողը քաղաքական բաղադրիչն է, այդուհանդերձ արդարացրեց իշխանության գործողությունները՝ փաստացի լրտեսության մեջ մեղադրելով «Սիվիլիթաս» ու «Սիվիլնեթ» կազմակերպություններին (տե՛ս http://www.azatutyun.am/media/all/latest.html?z=2685)։ Ըստ նրա՝ կասկածելի է, որ ամերիկյան ծագման բարերարը հովանավորում է նախկին արտգործնախարարին։ Պետրոս Ղազարյանի այն հակադարձմանը, թե  այդ տրամաբանությամբ կարելի է Հայաստանի կառավարությանն էլ մեղադրել լրտեսության և դրսի ուժերին ծառայելու մեջ, քանի որ վարչապետը դրսից միլիարդավոր դոլարների վարկ է բերում, Բաբաջանյանի տեսակետի փոփոխության վրա չազդեց։ Ստացվում է, որ Արմանը, Նիկոլի պես, նույնպես կողմ է, որ Օսկանյանը դատվի, բայց ոչ թե փողերի լվացման ու յուրացման համար (ինչին Արմանն էլ չի հավատում և ընդունում է, որ «գործում» կա քաղաքական բաղադրիչ), այլ իշխանության դեմ դրսի փողերով պայքարելու համար (ինչպիսի՜ հանցագործություն)։

Որպես կայացած փաստ ներկայացնելով այն, որ Հանցմանն իբր ֆինանսավորում է ԲՀԿ–ի ու Օսկանյանի քաղաքական ծրագրերը, Բաբաջանյանը կարծիք է հայտնում, թե ինչու պետք է դա թույլ տրվի։ Նկատենք, որ իր այդ դիրքորոշմամբ նա, ըստ էության, արդարացնում է Սերժ Սարգսյանի քայլերը։ «1in.am»–ի խմբագիրն, իհարկե, փաստեր չունի, որ Հանցմանը նախագահական քարոզարշավ է ֆինանսավորում, բայց դավադրությունների տեսության սիրահարներին փորձում է մանիպուլյացիայի ենթարկել՝ լսարանին համոզելով, թե ինչ լավ բան է արել Աղվան Հովսեփյանը, որ կանխել է ամերիկյան փողերով հայկական իշխանափոխության փորձը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Դե, եթե այդպես է, և Արմանը համոզված է, որ օտարերկրյա բարերարից փող ստացող մասնավոր կազմակերպությունն անպայման լրտեսությամբ է զբաղվում և վտանգ ներկայացնում մեր երկրի անվտանգությանը, ապա մի լրտես էլ ինքն է, քանի որ իր (ի՞ր) հիմնած «1in.am» լրատվամիջոցը դրամաշնորհներ է ստանում ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամից։ Այն Սորոսի, ով համաձայն տարածված կարծիքի (ըստ իս՝ անհիմն կարծիքի)՝ տարբեր երկրներում քաղաքական ու տնտեսական կազմաքանդիչ գործունեությամբ է զբաղված։

Ի դեպ, թաքցնելու համար իր իրական հովանավորներին, որոնց անուններն Արմանը համառորեն չի ուզում տալ (դե, ո՞նց  տա, հո չի՞ ասելու, թե Սերժի փեսայի հովանու ներքո եմ գործում), նա ամեն տեղ տարածում է, թե ինքն ամերիկյան պրոյեկտ է և ունի դրսից ֆինանսավորում։ Ելնելով Արմանի տրամաբանությունից ու Սորոսի տված դրամաշնորհներից՝ կարող ենք պնդել, որ  եթե դրսի լրտես է Օսկանյանը, ապա լրտես է նաև Բաբաջանյանը, ով, ի տարբերություն Օսկանյանի, ամեն ինչ անում է ամերիկյան դրածո ընկալվելու համար, որպեսզի տնօրինած փողերի «լեգիտիմ» աղբյուր ներկայացնելու հնարավորություն ունենա։ Սա մեկ։

Հաջորդը։ «Ընդդիմադիր» Բաբաջանյանը հիշյալ բանավեճի ժամանակ համոզմունք հայտնեց, թե Սերժ Սարգսյանը 2013թ. կրկին կդառնա նախագահ, ու ձեռքի հետ էլ Օսկանյանին մեղադրեց նվնվալու մեջ։ 

«Օսկանյանը մտել է քաղաքականության մեջ, դե ուրեմն թող չնվնվա, հուզական ելույթներ չունենա ու պատրաստ լինի այսպիսի ընտրովի մեղադրանքների»,–Սերժ Սարգսյանի քայլերն արդարացնելով ու իբր արմատական փոփոխությունների կողմնակից ներկայանալով՝ նշեց Բաբաջանյանը։

Փաստորեն, Բաբաջանյանն Օսկանյանին մեղադրում է  հուզվելու և նվնվալու մեջ։ Այժմ ճիշտ պահն է հիշել, թե ինչպես էր իրեն պահում նույն Բաբաջանյանը, ում իշխանությունները ազատազրկել էին գործած հանցանքի՝ բանակում ծառայությունից խուսափելու համար։ Ըստ լավատեղյակների՝ Բաբաջանյանը «մեսիջներ» էր ուղարկում տարբեր շրջանակների ու աղաչում, որ իրեն դուրս բերեն բանտից, իսկ դրա դիմաց պատրաստակամություն էր հայտնում իրեն օգնողի քաղաքական ու այլ տիպի շահերին ծառայեցնել «Ժամանակ» օրաթերը։ Մասնավորապես՝ նմանատիպ «մեսիջներ» 2007–ին և 2008–ին ուղարկվել են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին։ Թե ուրիշ էլ ում է դիմել ու նվնվացել Բաբաջանյանը, ինքը կիմանա։

Եվ այսպես՝ Նիկոլ Փաշինյանը, Արման Բաբաջանյանը և մյուս «անկախները» նախագահական նստավայրի երիտօլիգարխիայի շահերի սպասարկողներն են։ Նրանց թույլատրված է «ա լյա» Վիկտոր Դալլաքյան հայհոյել նաև Սերժ Սարգսյանին (ՀՀԿ ղեկավարը կոմպլեքսներ չունի և ուրույն պատկերացումներ ունի արժանապատվության մասին), բայց գլխավոր թիրախ դարձնել ԲՀԿ–ին ու անձամբ Գագիկ Ծառուկյանին։ Ասել է թե՝ Արտաշես Գեղամյանի ու նրա նմանների ֆունկցիան կատարել։ Իրենց գեղամյանությունը ծածկելու համար հիշյալ անձիք կոկորդիլոսի արցունքներ են թափում մարտի 1–ի թեմայով, խոսում են քաղաքացիական արժեքներից, քաղաքացիական հասարակությունից ու կռիվ տալիս այսպես կոչված օլիգարխիայի դեմ, բայց իրականում ծառայում են երկրի թիվ մեկ օլիգարխին՝ Սերժ Սարգսյանին։

Ամեն ինչ շատ հաջող էր ստացվում քաղաքական ու լրատվական դաշտի նեոգեղամյանների մոտ, և նրանք դեռ երկար ժամանակ կկարողանային ընդդիմադիրի հագուկապով հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ, եթե Լևոն Տեր–Պետրոսյանը չփոխեր իշխանության հետ «երկխոսության» գնալու մարտավարությունը և չներկայացներ իր «քաղաքագիտական վերլուծությունը» ԲՀԿ–ի մասով։ ՀԱԿ առաջնորդն իր դիրքորոշմամբ պայթեցրեց «ականներին», ու հիմա մենք ականատեսն ենք դառնում հաճախորդների ինքնաբացահայտման շքահանդեսին։

ՀԱԿ–ԲՀԿ հնարավոր համագործակցության հեռանկարը և «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսը իշխանություններին ստիպեց այլևս ձևականությունների հետևից չընկնել և  բաբաջանյաններին ու փաշինյաններին օգտագործել արդեն բացահայտ կերպով։

Հիշեցնեմ, որ Նիկոլը, Արմանը, Արամ Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը և մյուսները երկու ձեռքով կողմ էին ՀԱԿ–իշխանություն «երկխոսությանը» և աստվածացնում էին Լևոն Տեր–Պետրոսյանին ու գովերգում նրա մոտեցումները։ «Երկխոսության» արդյունքում ազատության մեջ հայտնված արմանները և նիկոլներն այժմ անցել են իրենց բուն պարտականությունների կատարմանն ու հայտնվել Բաղրամյանի «տռասի» վրա։ Սա՛ է իրականությունը։ Հաճախորդները բա հո պոզով–պոչով չեն լինում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը