Լրահոս

11.06.2009 13:44


Հ. Բիշարյան. «Քաղաքական կոալիցիայի մեջ կար համաձայնություն, որ ընտրակաշառքներ չեն բաժանվելու, բայց խախտվեց այդ համաձայնությունը»

Հ. Բիշարյան. «Քաղաքական կոալիցիայի մեջ կար համաձայնություն, որ ընտրակաշառքներ չեն բաժանվելու, բայց խախտվեց այդ համաձայնությունը»

ՕԵԿ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել է, որ ավագանու ընտրությունների ողջ գիշերվա ընթացքում բոլոր շտաբներում, տարածքներում, թաղամասերում «փողի տոպրակներ են բացել».

-Ես չգիտեմ ո՞վքեր էին։ Գնայիք, իմանայիք։ Ո՞ւմ ձայներն են շատ եղել։ Ես նույնիսկ գիտեմ, որ ընդդիմությունն անգամ բաժանել է։ Քաղաքական կոալիցիայի մեջ կար համաձայնություն, որ ընտրակաշառքներ չեն բաժանվելու, բայց խախտվեց այդ համաձայնությունը։

 «Կարելի՞ է ենթադրել, որ այդ փողը բաժանել են ամենաշատ ձայները հավաքած ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը» հարցին ի պատասխան՝ Հ. Բիշարյանն ասել է.

-Կարծում եմ նրանք են փող բաժանում։ Կամ փողի արդյունքն ավելի լավն է լինում, չէ՞. մարդիկ գալիս են ընտրության։

Նա նաև զարմացած է մեր ժողովրդի վրա, որ «10-15 հազար դրամով վաճառում են իրենց ապագան, մեկ գիշերվա ընթացքում ցուցակագրված ստանում են գումարները, գլուխը կախ գնում, ընտրում են մի մարդու, ումից դժգոհ են։ Ժողովուրդն ինքն է ուզում այնպիսի իշխանություն, ինչպիսին ինքն ընտրում է։ Ես չեմ կարող սրտացավորեն ասել՝ վա՜յ, խեղճ ժողովուրդ է, էս ի՞նչ վիճակի մեջ ընկավ, էս ովքե՞ր ընտրվեցին։ Ո՛չ, որովհետև իրենք են ընտրել։ Իրենք են ընտրել, իրենք են եկել ընտրության, իրենք են վերցրել այդ ընտրակաշառքները։ Մեկը վաճառեց, մյուսը գնեց։

Այս խորագրի վերջին նյութերը