Լրահոս

19.10.2012 19:50


Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀԲԸՄ ներկայացուցիչներին

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀԲԸՄ ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀԲԸՄ ներկայացուցչական պատվիրակության հանդիպումը տեղի ունեցավ խորհրդարանի նիստերի դահլիճում: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահն ասաց.

« Սիրելի հայրենակիցներ,

տիկնայք եւ պարոնայք,

հարգարժան պարոն Սեդրակյան,

Շատ ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

Անցյալ դարասկզբից Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, իր հիմնադիր, հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի նախաձեռնությամբ, ձեռնամուխ է եղել հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային զարգացմանը նպաստող ազգանվեր գործունեության: Նրա բոլոր բարի գործերը, մարդասիրական ձեռնարկներն ու ծրագրերը, որ իրականացվել ու իրականացվում են Սփյուռքում, Հայաստանում եւ Արցախում, անուրանալի ներդրում են հայապահպանության ոլորտում, մայր հայրենիքը հզորացնելու գործում:

Բարեգործական հիմնադրամն իր բոլոր նախագահների օրոք՝ երջանկահիշատակ Պողոս Նուբարից մինչեւ Դուք, հարգարժան պարոն Սեդրակյան, եղել ու մնում եք հայրենիքի ամուր հենարանը, նրա ներկայով ու ապագայով մտահոգ մի կառույց: Պատահական չէ, որ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին ազգային հերոսներից մեկը դարձավ լուսահոգի Ալեք Մանուկյանը, որի դուստրը՝ Բարեգործականը երկար տարիներ արժանապատվորեն ղեկավարած Լուիզ-Սիմոն Մանուկյանը, ներկայումս ձեր կազմակերպության պատվավոր նախագահն է:

Հարգելի հայրենակիցներ, տիկնայք եւ պարոնայք,

հայկական սփյուռքը ծնվել է մեր մեծ ցավի՝1915 թ. Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետեւանքով, բայց տարիներով իր մեջ անցյալի դառը հիշողությունն ու վերքը պահելով հանդերձ, կարողացել է ամրանալ, զարգանալ ու դառնալ իսկապես ազդեցիկ երեւույթ՝ առանձնանալով իր յուրահատկությամբ եւ, միեւնույն ժամանակ, հաջողությամբ ընդհանուրի մաս կազմելով այն երկրներում, որտեղ ձեւավորվել են հայ համայնքներ: Որեւէ մեկը չի նախանձի մեր ժողովրդին բաժին ընկած ցավին ու ողբերգությանը, բայց շատ ժողովուրդներ կցանկանային ունենալ այն հնարավորությունները, որոնք ունի մեր ժողովուրդը՝ շնորհիվ իր աշխարհասփյուռ զավակների: Սփյուռքը դարձել է մեր առավելությունը, որ պիտի կարողանանք արժանապատվորեն պահել ու պահպանել, որպես հարստություն, որպես համազգային արժեք, երբեք չմոռանալով, որ դեռեւս ամբողջացած չէ նրա իսկ ծննդյան պատճառ դարձած ողբերգության արդարացի գնահատականը:

Սփյուռքի ու հայրենիքի կարեւորությունը միմյանց համար փոխադարձ է, որովհետեւ նրանք փոխադարձորեն միմյանց կարիքն ունեն՝ աջակցելու, սատարելու, ուժ ստանալու եւ ուժ տալու: Միայն միմյանց թեւ ու թիկունք դառնալով կարող ենք իսկապես շոշափելի դարձնել ավելի հզոր Հայաստան ունենալու գաղափարը, Հայաստան, որտեղ կարող են ազգային հոգի ու մարմին ստանալ հայամետ ու հայածին գաղափարները՝ ի շահ համայն հայության Հայաստանում, սփյուռքում եւ Արցախում:

Ժամանակի շունչը զգալու եւ իրավիճակներին անմիջապես արձագանքելու իր ավանդույթին հավատարիմ՝ Բարեգործականը չէր կարող անտարբեր մնալ հայապահպանության անբաժանելի մաս հանդիսացող հարցի՝ Արցախի ճակատագրի հանդեպ: Երբ 20-րդ դարասկզբին Կահիրեում Պողոս Նուբարը հիմնեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ դրանով իսկ առաջին անգամ ստեղծելով համայն հայության խնդիրներին նպատակաուղղված միություն, նրա նպատակակետը համա՛յն աշխարհի հայերն էին: Եւ ահա 20-րդ դարի վերջից Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ազգային ազատագրական պայքարից մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակում, եւս մեկ հնարավորություն էր Բարեգործականի համար՝ դրսեւորվելու որպես իսկապե՛ս համահայկական, իսկապե՛ս բարգործական եւ իսկապե՛ս հայության ճակատագրի մասին մտածող կազմակերպություն: Այդ առաքելությունը Միությունն այսօր էլ կատարում է պատվով:

Հարգելի հայրենակիցներ,

Ավելի ու ավելի հիմնավոր նպատակներ տեսնելով մայր հայրենիքում եւ իրականացնելով դրանք՝ Բարեգործականը քաջ գիտակցում է, որ որքան էլ հայության զգալի մասը գտնվում է Հայաստանից դուրս, միեւնույնն է, Հայաստա՛նն է համայն հայության հավաքականության երաշխիքը, ուժե՛ղ, մրցունա՛կ, զարգացա՛ծ Հայաստանը:

Հենց այդպիսի՛ Հայաստանի կայացմանն է մասնակցում Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր ծրագրերով, ձեռնարկներով, նյութական ու բարոյական ներդրումով եւ, իհարկե, իր անդամներով՝ հոգաբարձուներից մինչեւ շարքային ներկայացուցիչներ, ովքեր Բարեգործականի հիմնադիր Պողոս Նուբարի գործը շարունակողներն են»:

Եվս մեկ անգամ ողջունելով Հայաստան եւ Ազգային ժողով կատարած այցը՝ խորհրդարնի ղեկավարը կարեւորեց Հայաստան-Սփյուռք հետագա կապերի ամրապնդումը, նշելով, որ միասնականությամբ հզոր է թե Հայաստանը, թե Սփյուռքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գնահատանքի խոսքերի համար, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալվել խորհրդարանում: Պատվիրակության անունից նա պատրաստակամություն հայտնեց հետագայում եւս շարունակել հայապահպանական ու մայր հայրենիքին սատարման առաքելությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքն ու գործունության ուղղությունները, օրենսդրական եւ վերահսկողական գործառույթները, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

ԱԺ նախագահն անդրադարձավ արտագաղթին, շրջափակմանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերին: Պարոն Աբրահամյանը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, տարբեր երկրների խորհրդարանական պատվիրակությունների այցերը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: «Յուրաքանչյուր նման այց հարյուր ութսուն աստիճանով փոխում է օտարերկրյա պատգամավորների պատկերացումները»,-հավաստիացրեց ԱԺ նախագահը` նշելով, որ այցելով Արցախ, նրանք տեսնում են ժողովրդավարական, կայացած մի պետություն:

Հյուրերի խնդրանքով խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց այն քայլերը, որոնք ՀՀ իշխանությունները ձեռնարկել են սիրիահայ համայնքին աջակցելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ աջակցությունը շարունակական է լինելու:

ԱԺ նախագահը խոսեց նաեւ տարբեր երկրների հետ ունեցած միջխորհրդարանական կապերի մասին, ներկայացնելով այն սերտ հարաբերությունները, որոնք ձեւավորված են արտերկրի օրենսդիր մարմինների հետ: Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ այլ հարցերի եւս: 

Այս խորագրի վերջին նյութերը