Լրահոս

19.10.2012 20:11


ՄԱԿ-ի մշտական համակարգողն ավարտում է առաքելությունը Հայաստանում

ՄԱԿ-ի մշտական համակարգողն ավարտում է առաքելությունը Հայաստանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային, ով այդ պաշտոնում ավարտում է առաքելությունը մեր երկրում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի և անձամբ տիկին Գերչևայի գործունեությունն ու անձնական ներդրումը՝ Հայաստանի զարգացմանը միտված ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի արդյունքները, անկասկած, էապես նպաստում են թե՛ առանձին ոլորտներում առաջընթացի խթանմանը, թե՛ Հայաստանի կայուն զարգացմանն ընդհանրապես: Հանրապետության ղեկավարը հաջողություն է մաղթել Դաֆինա Գերչևային հետագա աշխատանքում և հույս հայտնել, որ որտեղ էլ նա շարունակի մասնագիտական աշխատանքը՝ մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անկախացումից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակներում ծավալվող աշխատանքներին և արդյունավետ համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Գերչևան շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի կառավարությանը՝ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում սերտ համագործակցության համար: Նա վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով, հայ ժողովրդի նկատմամբ մեծագույն պատկառանքով և նրա պատմությամբ ու մշակույթով տպավորված:

Այս խորագրի վերջին նյութերը