Մեկնաբանություն

20.10.2012 10:53


Ի՞նչը վնասեց ՀԱԿ–ին՝ «երկխոսությո՞ւնը», թե՞ քաղաքագիտական վերլուծությունը

Ի՞նչը վնասեց ՀԱԿ–ին՝ «երկխոսությո՞ւնը», թե՞ քաղաքագիտական վերլուծությունը

Երբ 2008թ. նախագահական ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսն ընտրեց իշխանության հետ երկխոսության գնալու մարտավարությունը, ակնհայտ էր, որ դա սխալ մարտավարություն էր։ Սխալ էր, քանի որ հնարավոր չէ մի կողմից հայտարարել, թե պայքարում ես ժողովրդավարական արժեքների համար, բայց մյուս կողմից՝ երկխոսել բոլշևիկյան մտածողությամբ առաջնորդվող սերժսարգսյանական վարչախմբի հետ։

Չէր կարելի «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման տեսլականով ապրող ու քաղաքական գերեզմանոցում իր ենթագիտակացական ցանկությունները բավարարող մարդուն օգնել ու հնարավորություն տալ, որ նա կոտրի ազգային բուրժուազիայի բոլոր շերտերի ու սոցիալապես անապահովների շահերի պաշտպանի ֆունկցիան կատարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև չէր կարելի օգնել, որպեսզի ԲՀԿ–ն Սերժի հետ հուշագիր ստորագրի, քանզի այդ փաստաթուղթը ոչ միայն Ծառուկյանի թիմի, այլ նաև ՀԱԿ–ի ու ամբողջ քաղաքական դաշտի մահվան դատավճիռը կարող էր դառնալ։ Ինչևէ։

Սխալ էր Սերժ Սարգսյանի հետ երկխոսության մեջ մտնելը նաև այլ պատճառով։ ՀՀԿ ղեկավարի բարդութավորված տեսակն ու անցած ուղին ցույց են տալիս, որ նա քաղաքական նեկրոֆիլիայով է տառապում և չի կարողանում հանդուրժել ինքնուրույնություն ունեցող ուժերին ու անհատներին։ «Ֆուտբոլասեր» նախագահը սարսափում է սեփական «Ես»–ն ունեցող և կյանքով լեցուն մարդկանցից։ Նա իրեն ապահով ու անվտանգ է զգում միայն քաղաքական դիակներով շրջապատված լինելու դեպքում (Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, Վիկտոր Դալլաքյան, Խոսրով Հարությունյան և այլն)։

Այս ամենը հաշվի առնելով՝ դժվար չէր կռահել, որ Սերժն ուզում էր «երկխոսության» արդյունքում առաջին նախագահին տեսնել գեղամյանների շարքում և ամբողջությամբ ամայացնել քաղաքական դաշտը։ Շատ խոր գիտելիքներ պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ ՀԱԿ–ին «մարսելուց» հետո ՀՀԿ թրքաբոլշևիկ նախագահը, բնականաբար, մինչև վերջ ոչնչացնելու էր ԲՀԿ–ին ու ինքնահռչակվեր հայկական Թուրքմենբաշի։

Ի պատիվ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ նա զգաց իր սխալը, խաչ քաշեց «երկխոսության» վրա, արժանապատիվ կեցվածք ընդունեց ու փոխեց մարտավարությունը։

ՀԱԿ առաջնորդը տեսավ, որ Սերժի հետ համատեղ ԲՀԿ–ին վերացնելը ոչ միայն չի հեշտացնի իր գործը, այլև ինքը, կամա թե ակամա, կօգնի գործող նախագահին, իսկ հետագայում կհայտնվի խաղից դուրս վիճակում։ Այդ իսկ պատճառով ՀԱԿ առաջնորդը ներկայացրեց իր հայտնի քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ–ի մասով։ Դա փոխեց ներքաղաքական դասավորությունը և ԲՀԿ–ին հնարավորություն տվեց կոշտացնել իր դիրքորոշումը ՀՀԿ ղեկավարի հետ պայքարում և մակուլատուրայի թղթի վերածել 2011թ. պարտադրված կոալիցիան հուշագիրը։

ՀԱԿ–ի մարտավարության փոփոխությունը ահագին նպաստեց, որպեսզի ԲՀԿ–ն վերականգնի իր ինքնուրույնությունը։ Սերժից տարանջատվելը հնարավոր դարձավ այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանն արդեն կռիվ էր տալիս մեկ ուղղությամբ, այն է՝ հասարակական հենարան չունեցող Սերժի վարչական ռեսուրսի դեմ, մինչդեռ դրանից առաջ ԲՀԿ առաջնորդը հայտնվել էր կրկնակի ճնշման տակ (փողոցի ու վարչական ռեսուրսի, այսինքն՝ Լևոնի ու Սերժի ճնշման տակ)։  

ԲՀԿ–ի ինքնուրույն խաղն իր հերթին օգնեց ՀԱԿ–ին չմարգինալացվելու և «երկխոսության» արդյունքում թուլացած վիճակից դուրս գալու։ Հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր «հեղափոխական» դիրքերից քննադատում են Տեր–Պետրոսյանին՝ մեղադրելով նրան ԲՀԿ–ի ու մյուսների հետ համատեղ ճակատ ստեղծելու գաղափարն առաջ քաշելու համար, պարզապես քաղաքական անմեղսունակներ են՝ ազնիվ քյարփինջներ կամ Սերժ Սարգսյանի շահերի սպասարկողներ։ 

Քաղաքագիտական վերլուծությունից հետո իշխանությանն այլ բան չէր մնում, քան ունեցած բոլոր միջոցներով թուլացնել առանց այդ էլ «երկխոսության» պատճառով թուլացած ՀԱԿ–ին, ինչպես նաև թույլ չտալ քաղաքական լայն կոնսոլիդացիայի ձևավորում (օրինակ՝ ԱԺ ընտրությունների ժամանակ Բաղրամյան 26–ն ամեն ինչ արեց, որ «Ժառանգությունը» դուրս գա միասնական շտաբից, բայց հետագայում, ինչպես Րաֆֆին է խոստովանում, «քցեց» նրանց)։ Գործի դրվեցին «ականներն» ու «անկախ» մամուլը։

Պատահական չէ, որ «հետերկխոսական» շրջանում հանկարծ պարզվեց, որ ՀԱԿ–ում տարաձայնություններ կան։ ԲՀԿ–ի և մյուս ուժերի հետ կոնսոլիդացիայի միջոցով «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսը, փաստորեն, դուր չեկավ Դավիթ Շահնազարյանին, Արամ Սարգսյանին ու էլի մի քանիսին, ովքեր լքեցին ՀԱԿ–ը, խոստացան գրավել փողոցը, բայց հայտնվեցին... Սերժ Սարգսյանի մերձակայքում։

Հիշեցնեմ, որ նշյալ մարդիկ իշխանամետ հեռուստաեթերից, թերթերի էջերից ու կայքերի տարածքներից չէին «իջնում»՝ փառաբանելով «երկխոսությունը» և կանխավայելելով Սերժ Սարգսյանի հետ միասին քաղաքական դաշտը մեջ–մեջ անելու հաճույքը։  Հենց հայտարարվեց, որ ՀԱԿ–ը սպառված է համարում երկխոսության միջոցով քաղաքական խնդիրներ լուծելու ռեսուրսը, «թունդ ընդդիմադիրները» երես թեքեցին իրենց սիրելի առաջնորդից։

«Մենք լքում ենք ՀԱԿ–ը, քանի որ այդ ուժը ԲՀԿ–ի հետ է ուզում համագործակցել, ինչը թուլացնում է շարժումը»,–նույն տեքստն էին բարձրաձայնում ՀԱԿ–ը լքող «հեղափոխականները»։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։

Այո՛, ՀԱԿ–ը 2008–ից ու հատկապես 2011–ից հետո թուլացել է, բայց դա ոչ թե քաղաքագիտական վերլուծության, ինչպես դեմագոգիկ կերպով ուզում են սեփական «ականությունը» լեգիտիմացնել բողոքավորները, այլ «երկխոսությա՛ն» հետևանքով է տեղի ունեցել։ Որպես ապացույց կարող ենք դիտարկել ու իրար հետ համեմատել մինչև բուն «երկխոսությունը» տեղի ունեցած 2011թ. փետրվար–մարտ ամիսների հեղափոխական էներգետիկայով լեցուն հանրահավքները և նույն տարվա «հետերկխոսական» շրջանի փակված զուգարաններով շուրջօրյա հանրահավաքները։

Ի դեպ, տեղին է հիշելը, որ «երկխոսությանը» կողմ էր նաև կալանավայրից պրոերկխոսական հոդվածներ գրող Նիկոլ Փաշինյանը, ով այժմ շարունակում է հավատարիմ մնալ «երկխոսական» գծին և ՀԱԿ–ի ներսում դավիթշահնազարյանություն անել։

Պետք է նաև արձանագրել, որ նույն Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումից հետո ՀԱԿ–ի հանրահավաքային զանգվածը ոչ թե ավելացավ, այլ պակասեց։ Այսինքն՝ այն միֆը, թե հեսա տեսեք՝ Նիկոլն ազատ արձակվի, ինչեր է անելու, շատ արագ պայթեց (սա՝ իմիջիայլոց)։

Կյանքը ցույց տվեց, որ արաբական հեղափոխությունների ֆոնին մարդկանց մեծ մասը 2011թ. փետրվար–մարտին հավաքվել էր ոչ թե Նիկոլին ու մյուսներին ազատ արձակելու (դա ավտոմատ կերպով տեղի կունենար իշխանափոխությունից հետո), այլ երկրում իրավիճակ փոխելու համար, ու երբ տեսավ, որ ՀԱԿ–ը տեղայնացնում է պայքարի նպատակը ու նպաստում Սերժի դիրքերի ամրապնդմանը, լքեց հրապարակը։  Սա՛ է ճշմարտությունը։

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր դեմագոգիայով են զբաղված և փորձում են իբր հեղափոխական պաթոսով դեմ դուրս գալ «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» տերպետրոսյանական կարգախոսին, ընդամենը գեղամյանություն են անում։ Ու կապ չունի, թե այդ ընթացքում նրանք ինչպես կհայհոյեն Սերժ Սարգսյանին։ Վերջինս ցույց է տվել, որ ինքը թասիբի, արժանապատվության ու բարոյականության մասին ուրույն պատկերացումներ ունի, և իր հաճախորդներին թույլ է տալիս ճղճղան ձայնով անարգանքի սյունին գամել իրեն, բայց չմոռանալ, որ գլխավոր թիրախները պետք է լինեն իրական իշխանափոխության գնալու ներուժ ունեցողները։ Տվյալ դեպքում թիրախ են ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն։ Րաֆֆի Հովհաննիսյանի խելքի գալուց հետո «Ժառանգությունն» էլ է դարձել միշիկական քարոզչամեքենայի թիրախը, այնինչ մի քանի ամիս առաջ սրանք ճիշտ հակառակ կերպ էին վարվում։

Ամփոփենք

«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի կողմնակիցների խնդիրը պետք է լինի հասարակական լայն համախմբում ապահովելը և իշխանության առաջարկած բոլշևիկյան հեղափոխությանը բուրժուադեմոկրատական հեղափոխություն հակադրելը։ Նման պայմաններում ՀԱԿ–ից դուրս եկած ու դեռևս ՀԱԿ–ում մնացած «ականների» հարցն ինքնաբերաբար կլուծվի, ու նրանք ստիպված կլինեն գեղամյանների հետ «1+1+1+…+1» խաղալ՝ ինվենտարիզացիայի ենթարկելով Սերժի բացահայտված հաճախորդներին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը