Մեկնաբանություն

22.10.2012 17:02


Սերժ Սարգսյանն անցնում է 2–րդ սցենարին

Սերժ Սարգսյանն անցնում է 2–րդ սցենարին

Կառավարությունում տեղի ունեցած «հակակոռուպցիոն» ու «հակաատկատային» (քիչ էր մնում գրեի՝ հակակարկտային) խորհրդակցության ժամանակ պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտքում 2 սցենար ունի։

ՀՀԿ ղեկավարն իր ելույթով ցույց տվեց, որ մի կողմից պատրաստ է քավության նոխազ դարձնել Տիգրան Սարգսյանին, բայց մյուս կողմից էլ՝ «Բարգավաճ Հայաստանի» դեմ լայնամասշտաբ արշավ սկսել ու ԲՀԿ–ականների «գրպանը պլան գցել»։ Թե այս երկու տարբերակներից որի վրա էր կանգնելու Սարգսյանը, կախված էր Գագիկ Ծառուկյանի որոշումից։

Եթե ԲՀԿ–ն մի քանի պաշտոն ստանալու և գործող վարչապետին թոշակի ուղարկելու դիմաց համաձայնության գար Ս. Սարգսյանի հետ և պատրաստակամություն հայտներ սատարել նրան 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ, ապա գործի կդրվեր «Տիգրան Սարգսյանը կոռուպցիոներ է և «ատկատասեր»» սցենարը, բայց դա կլիներ նաև ԲՀԿ–ի ՕԵԿ–ացման գործընթացի սկիզբը, քանզի 5-6 նախարարական պորտֆելի դիմաց հասարակական հենարան չունեցող և բոլոր առումներով տապալված ՀՀԿ ղեկավարին նախագահական ընտրությունների ժամանակ սատարելը հավասարազոր է ինքնաոչնչացման։ Քաղաքական առումով ԲՀԿ–ի ինքնաոչնչացմանը կհետևեին արդեն իշխանության ավելի լկտի պահվածքը, կուլակաթափությունը և հետապնդումների ավելի մեծ ծավալները։ Գագիկ Ծառուկյանը դա շատ լավ հասկանում է ու դրա համար էլ հնարավոր բոլոր ձևերով ՀՀԿ ղեկավարին փոխանցեց, որ սատարումը բացառվում է։

«Գնա՛ ու ինքնասատարվի՛ր»՝ սա՛ էր ԲՀԿ առաջնորդի պատասխանը սերժական խորհրդակցություն–շոուին։

Վերջնականապես համոզվելով, որ ԲՀԿ–ից որևէ աջակցություն չի սպասվում՝ Սերժ Սարգսյանն անցավ 2-րդ սցենարին՝ «հակակոռուպցիոն» պայքարի անվան տակ Վարդան Օսկանյանին զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից և «պլան գցելով» նախկինում պաշտոն զբաղեցրած ԲՀԿ–ականների գրպանը։ Այսինքն՝ իրավական գործընթացի քողի տակ սկսվեց քաղաքական հաշվեհարդարը։

Նույնիսկ դպրոցահասակների համար է պարզ, որ Սերժ Սարգսյանը ոչ թե պայքարում է կոռուպցիայի և հովանավորչության դեմ, այլ փորձում է ճնշումներ բանեցնել ԲՀԿ–ի վրա և ընտրություններից առաջ հնարավորինս թուլացնել մրցակցին։ Ասել է թե՝ արդարադատության և օրինականության համար պայքարի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Հանուն արդարադատության պայքարող իշխանությունը չէր բեմադրի, օրինակ, ՀՀԿ–ի պայթած փուչիկների գործով այդպիսի ֆարս–դատավարություն։

Իշխանությունը չի կարող հանրությանը համոզել, թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով պայքարում է ոչ թե ԲՀԿ–ի ու ԲՀԿ–ական նախկին պաշտոնյաների, այլ կոռուպցիոն երևույթների ու հովանավորչության դեմ։ Բոլորը տեսնում են, թե ինչպես է «հակակոռուպցիոներ» նախագահի փեսա Միքայել Մինասյանը մեծ արագությամբ մխրճվում բիզնեսի տարատեսակ ոլորտների մեջ և ընդամենը երկու–երեք տարում, զուտ փեսայի կարգավիճակից օգտվելով, դառնում երիտօլիգարխ և «Սաշիկ-2», այն է՝ այլոց բիզնեսները խլող կամ այլոց բիզնեսների մեջ փայ մտնող (ասում են, թե «Մեծ անիվ» կազմակերպության մեջ փայ մտնելով՝ «չափավոր» ախորժակի տեր փեսան մտադիր է կնքել բոլոր մեքենաների անվադողերը, որպեսզի վերահսկի ընդհանուր շարժը)։ Մինասյանի բիզնես հաջողությունները երկրի տնտեսական անկման ֆոնին շատ խոսուն են, և բացահայտում են սերժսարգսյանական իշխանության բուն նպատակները։

Ի դեպ, պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը փեսա Միշիկի համեմատ ազատ շուկայի կողմնակից կարող է ընկալվել, քանզի կան ոլորտներ, որոնք Սաշիկի հետաքրքրության մեջ չեն մտնում, իսկ ահա երիտօլիգարխին հետաքրքրում է ամեն ինչ ու միանգամից։ Բացի այդ՝ Սաշիկը լրատվական դաշտը երբեք չի պղտորել և իր քիթը չի խոթել այդ տիրույթի մեջ, մինչդեռ փեսան գեբելսյան ոճով աշխատող քարոզչամեքենա է ստեղծել՝ հիմնավորելու համար իշխանությունների վարած թրքաբոլշևիկյան քաղաքականության ճշմարտացիությունը և «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման անհրաժեշտությունը։ Այդպիսով՝ երիտօլիգարխ Միքայել Մինասյանն այնպիսի վնաս է հասցրել Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին, որ հարյուր Սաշիկ միասին վերցրած այդ բանը չէին անի։ Ինչևէ

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը շարժվում է իրեն հոգեհարազատ ձևով ու քաղաքական պայքարի ելքի վրա փորձում է ազդել կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով։ Նա ուզում է պայքարը քաղաքական ու գաղափարական դաշտից տեղափոխել «մուտիլովկաների» և խարդավանքների հարթություն։

Եթե նկատել եք, Միքայել Մինասյանն էլ է խուսափում հրապարակային դաշտից ու թաքնվում է նախագահական նստավայրից վերահսկվող լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերում վխտացող իրական ու կեղծ օգտատերերի հետևում։

Նման պայմաններում ակնհայտ է, որ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի կողմնակիցները պետք է «ֆուտբոլասեր» նախագահին դուրս բերեն կուլիսներից և տեղափոխեն քաղաքական դաշտ ու քաղաքական գործիքակազմով զինաթափեն նրան։ Հրապարակային դաշտում Սերժն իր փեսայի ու նեղ թիմի հետ միասին կընկնի աթոռից այնպես, ինչպես չորացած տերևը աշնանային թեթև քամուց։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը