Հարցազրույց

11.06.2009 15:24


Հերմինե Նաղդալյան

Հերմինե Նաղդալյան

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Հարկային փաթեթի» վերախմբագրված տարբերակը։

-ԱԺ իմ ելույթում արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ վերախմբագրված տարբերակով «Հարկային փաթեթը» բավական դրական լրամշակումների է ենթարկվել։ Այն շատ ավելի պրոֆիլակտիկ բնույթ է կրում, քան նախկինում էր։Եվ եթե փորձեինք այս օրինագծերի վրա գրիչը ձեռքներիս աշխատել, ապա բարձրացված այսքան  աղմուկի փոխարեն մենք շատ ավելի վաղուց մեզ վախեցնող, ոչ լիբերալ բնույթ կրող, անհանգստացնող դրույթները հանած կլինեինք, և այսքան աղմուկ չէր լինի։

-Ի՞նչ է նշանակում շատ ավելի պրոֆիլակտիկ  օրենքի նախագիծ։

-Կարող եմ կոնկրետ ասել։ Այսօր բոլոր այն դրույթները, որոնք կապված են տնտեսության,  ձեռներեցության զարգացմանը խոչընդոտող ոչ լիբերալ երևույթների, օպերատիվ կառավարմանը մասնակցելու, տեխնոլոգիական, կոմերցիոն գաղտնիքներին տիրապետելու  հետ, վերացված են։

-Իսկ խոշոր ձեռնարկություններում կառավարության ներկայացուցչի ներկայության հարցը վերախմբագրվե՞լ է։

-Այն դրույթները, որոնք կապված են անիմաստ կամ անպատեհ պահի գույքագրումներ կատարելու, ձեռնարկության աշխատանքը խանգարելու և այս կարգի այլ իրավասությունների հետ, վերացած են։ Հիմնականում մնացել են փաստաթղթագրման ընթացքին վերաբերող իրավասություններ, որոնք ավարտվում են պրոֆիլակտիկայով։ Այսինքն,  երբ կառավարության ներկայացուցիչը տեսնում է, որ այստեղ կոնկրետ այսպիսի բան է, նա տեղյակ է պահում տնտեսվարող ղեկավարին, որ պետք է տեղ գտած թերությունները վերացնի։ Իսկ վերացնելը տնտեսվարողի գործն է. կուզի՝ կվերացնի, կուզի՝ չի վերացնի։

-Իսկ որքանո՞վ է հիմնավորված Ձեր գործընկերների այն մտահոգությունը, թե այս օրինագիծը կառավարության ձեռքում ձեռնարկատերերի գլխին կախված մահակ է։

-Ընդհանրապես, հարկային օրենսդրությունը, հարկային յուրաքանչյուր տեսուչ կարող է մահակ դառնալ։ Դրա համար պետք չէ, որ հարկային տեսուչը գիշեր-ցերեկ ձեռնարկությունում նստի, պետք չէ, որ մենք նրան հարկային օրենքով նախատեսված հատուկ ներկայացուցչի լիազորություն տանք։ Յուրաքանչյուր հարկային տեսուչ, եթե նրա մտքով նման բան անցնի, եթե ցանկանա, կարող է մահակ դառնալ։ Մենք օրենքներով, մեխանիզմներով, գրված և չգրված կարգերով սահմանում ենք այն միջավայրը, որտեղ այս տեսուչը կամ մեկ ուրիշը կարող է աշխատել։ Դրա համար կարծում եմ՝ այս պահին ոչ մի հիմք չկա դրա մասին խոսելու։

-«Հարկային փաթեթը» ոչնչով չի՞ խոչընդոտելու ձեռնարկատիրության զարգացմանը։

-Տեսեք, թե ինչպես է։ Եթե արտահանման և ներմուծման այս ծավալները ապահովող, այս շրջանառությունն  ունեցող ձեռնարկատերերը վստահ են, որ իրենք օրենքի հետ ոչ մի խնդիր չունեն, ապա նրանք ոչ մի խնդիր չեն ունենալու։ Խոսքն այն ձեռնարկատերերի մասին է, ովքեր մտածված փորձում կամ փորձելու են շրջանցել օրենքը։ Օրենքի դաշտում աշխատող ձեռնարկատերերի համար այս օրենքը ոչ մի խոչընդոտ չի առաջացնելու։ Կրկնում եմ՝ անհրաժեշտ էր աշխատել փաթեթի վրա, այլ ոչ թե աղմուկ բարձրացնել։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը