Մեկնաբանություն

23.10.2012 11:38


Լրիվ խոսրովություն

Լրիվ խոսրովություն

Երեկ ԱԺ միջանցքներում մի ուշագրավ պատմություն էր շրջում  կարկառուն սերժանժդեհական Խոսրով Հարությունյանի մասին:

2005թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ նա հրավիրվում է նախագահի աշխատակազմ, և նախագահականի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ տեղի է ունենում մի ուշագրավ խոսակցություն։

«Խոսրով Մելիքիչ, մեզ համար կարևոր է իմանալ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության և անձամբ Ձեր տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ»,–նշում է նախագահականի ներկայացուցիչը:

Խոսրով Հարությունյանը բոցաշունչ ելույթ է ունենում և դեմ արտահայտվում սահմանադրական փոփոխութունների առաջարկվող փաթեթին՝ հիմնավորելով այն բազմաթիվ «սխալներով ու վտանգներով»: Նա կոչ է անում ետ կանգնել հանրաքվե անցկացնելու գաղափարից ու սահմանադրական փոփոխությունների չգնալ:

Մի պահից սկսած՝ նախագահականի պաշտոնյայի համբերությունը սպառվում է, և նա կարճ է կապում. «Խոսրով Մելիքիչ, մենք կարծում ենք, որ դուք այսօր պետք է հյուրընկալվեք հեռուստաընկերություններից մեկում և  Ձեր ու կուսակցության անունից պաշտպանեք սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Հասկացա՞նք իրար․․․»:

Հետագայում Խոսրով Հարությունյանը, ինչպես գիտեք, դարձավ սահմանադրական փոփոխությունների ամենաջերմ պաշտպաններից մեկը:

Այսօր Խոսրովը պաշտպանում է Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնությունները՝ սկսած հայ–թուրքական քիրվայությունից, վերջացրած Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։ Դժվար չէ կռահել, թե ինչ մեխանիզմներով է դա տեղի ունենում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը