Մեկնաբանություն

23.10.2012 13:53


Սերժ Սարգսյանի «օդային» նամակները, հեռախոսազանգերը և կոտրած տաշտակը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի «օդային» նամակները, հեռախոսազանգերը և կոտրած տաշտակը (տեսանյութ)

Լրացավ հայ–թուրքական արձանագրությունների 3–րդ տարելիցը։ Իշխանության մոտ հիմա չկա նախկին էնտուզիազմը, մինչդեռ մեկ–երկու տարի առաջ լրիվ ուրիշ վիճակ էր... 

Հիշեցնեմ, որ «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում Սերժ Սարգսյանն ինքնաթիռից նամակ ուղարկեց Թուրքիայի նախագահ Գյուլին՝ «Անցնում էի ձեր կողմերով, ասեցի՝ մի հատ SMS ուղարկեմ» տարբերակով։

ՀՀ «ֆուտբոլասեր» նախագահն այնքան էր ոգևորված սեփական նախաձեռնությամբ, որ ապրիլի 24–ից առաջ զանգահարեց ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին, խնդրեց «Ցեղասպանություն» եզրը չօգտագործել և կոչ արեց չխանգարել հայ–թուրքական քիրվայությանը (տե՛ս http://7or.am/am/news/view/42003/

«Դուք պետք է ձեր համայնքին փոխանցեք, որ մենք ետ չենք կանգնել. թուրքերը պետք է ընդունեն գոյություն ունեցող իրականությունը։ Իսկ այն, ինչ մենք պետք է անենք, փոխհամաձայնությունն է, որի ուղղությամբ աշխատել ենք ու դեռ երկար պետք է աշխատենք։ Ասեք նրանց, որ այդ ՀՀ նախագահն է զանգել ինձ և ասել, թե մի թեժացրեք այս խնդիրը, քանի դեռ մենք բանակցում ենք»,–ասել էր Բայդենը ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցչին։

Ճիշտ է, Բաղրամյան 26–ից շտապել էին հերքել Բայդենի ասածները, բայց վերջին տարիները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի կառավարումը հիմնված է ստի ու կեղծիքի անսահմանափակ կիրառման վրա, հետևաբար՝ հակված ենք հավատալու Բայդենի ասածներին։

Ինչպես կանխատեսվել էր, և ինչպես կյանքը ցույց տվեց, հայ–թուրքական արձանագրության միջոցով չբացվեց հայ–թուրքական սահմանը, չհաստատվեցին հայ–թուրքական դիվանագիտական հարաբերություններ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստացի սառեցվեց, իսկ Ղարաբաղի հարցում Թուրքիան ստացավ լեգիտիմ ճնշում գործադրողի կարգավիճակ։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Սարգսյանի «թեթև» ձեռքով վերածվեց հայ–թուրքական միջպետական վեճի։ Դա է պատճառը, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներն այսօր նույնիսկ խոստում չեն տալիս հայ համայնքին, որ նախագահ ընտրվելու դեպքում  կօգտագործեն «ցեղասպանություն» եզրը։ Մինչդեռ Օբաման նախորդ ընտրություններից առաջ պատրաստակամություն էր հայտնում մինչև վերջ պահել խոստումն ու ԱՄՆ անունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց Սարգսյանի արտաքին քաղաքականությունը Բարաքին հնարավորություն տվեց լեգիտիմ պատրվակով հետ կանգնել խոստումից։

Նկատենք, որ Հայաստանի անկախությունից ի վեր նման բան չէր եղել, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներն այսպես անտեսեին հայ համայնքի կարծիքը և չկարևորեին հայ համայնքի ձայները։

Չէր եղել այնպես, որ ԱՄՆ հայ համայնքը որևէ թեկնածուի հետ հույս չկապեր։ Սակայն այս ամենի համար պետք չէ մեղադրել ԱՄՆ–ում բնակվող հայությանը։ Ամենևին։ Հայկական լոբբի թուլացումը հետևանք է Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» որակված քաղաքականության։

Եթե Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի հետ առևտուր է անում 1,5 մլն զոհերով, ինքնաթիռից սիրային նամակներ հիշեցնող գրություն է ուղարկում Գյուլին և հեռախոսազանգով շտապում է կանխել ամերիկացիներին, որպեսզի նրանք հանկարծ Ցեղասպանության մասին չխոսեն ու չխանգարեն իրենց, ապա պետք չէ զարմանալ, որ Հունգարիան Ադրբեջանին է հանձնում Սաֆարովին, իսկ ԱՄՆ նախագահի թեկնածուները մոռանում են հայերի մասին։

Քանի դեռ Հայաստանն իր ստորագրությունները պահում է հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների վրա, քանի դեռ Հայաստանում իշխում է թրքաբոլշևիկյան մտածողությամբ վարչախումբը, քանի դեռ իշխանությունը «նախաձեռնողական» քաղաքականություն է վարում՝ Հայաստանն ու հայությունը մշտապես հարվածներ են ստանալու և հայտնվելու կոտրած տաշտակի առաջ։ Միայն իշխանափոխությամբ և համակարգային փոփոխությամբ է հնարավոր դուրս գալ այս վիճակից։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքների ու ներկայումս ստեղծված իրավիճակի մասին իր տեսակետներն է ներկայացրել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝  հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդմանը։

Այս խորագրի վերջին նյութերը