Լրահոս

23.10.2012 14:45


Խիստ շահութաբեր օբյեկտը կոպեկներով նվիրվելու է Սերժ Սարգսյանի փեսային

Խիստ շահութաբեր օբյեկտը կոպեկներով նվիրվելու է Սերժ Սարգսյանի փեսային
«ilur.am–ի» տեղեկություններով (տես՝ http://www.ilur.am/news/view/2243.html)՝ մոտ ժամանակներս նախատեսվում է իրականացնել նորանկախ Հայաստանի պատմության մեջ, թերևս, ամենախայտառակ գործարքը: Խոսքը Որոտանի հէկ-ի մասին է: Այն օֆշորային գոտում գրանցված կազմակերպության միջոցով ձեռք է բերելու Ս. Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը` փեսա Միշիկը:
Որոտանի հէկ-ը գտնվում է ՀՀ էներգետիկայի նախարարության հաշվեկշռում և թողարկում է մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը: Ունի 200 ՄԳՎ հզորություն, և համակարգում թողարկված 1 կՎտ/ ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում: Մասնագետների գնահատմամբ՝ իր արժեքով այն հավասար է ատոմակայանին:
Ըստ «ilur.am»–ի մոսկովյան աղբյուրների՝ ռուսական կողմը Հայաստանին վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ առաջարկել է գնել Որոտանի հէկ-ը 200 մլն դոլարով և գազի գինը 3 տարի անփոփոխ թողնելու պայմանով: Ըստ էության՝ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է բավական շահավետ պայմաններ, սակայն Սերժ Սարգսյանը պետության և Միշիկի շահերի միջև ընտրություն կատարեց հօգուտ Միշիկի:
Այժմ արհեստական բոլոր եղանակներով Որոտանի հէկ-ի համար պարտքեր են կուտակում, որը մնալու է բյուջեի վրա, իսկ վերջում խիստ շահութաբեր օբյեկտը կոպեկներով նվիրվելու է փեսային: 
Եթե այս գործարքը կայանա, ապա Հայաստանում ձևավորվում է նոր էներգետիկ ոլորտի գերօլիգարխ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի փեսայի:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 5-ին կառավարությունը որոշում է կայացրել «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ-ն լուծարելու մասին: Պաշտպանության նախարարությունը հէկ-ի լուծարման անհրաժեշտությունը պայմանավորել է նրանով, որ դրա ողջ գույքն արդեն իսկ վաճառված է «Ձորագետ հիդրո» մասնավոր ընկերությանը:
«ilur.am»–ի դարձյալ խիստ հավաստի աղբյուրները վստահեցնում են, որ այս գործարքի ետևում կանգնած է նույն Միքայել Մինասյանը: Պետության թողտվությամբ պետության ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհումը դարձել է երիտօլիգարխի հիմնական զբաղմունքը:

Այս խորագրի վերջին նյութերը