Մեկնաբանություն

25.10.2012 00:10


Ե՞րբ կվաճառվի Կառավարությունը՝ իր շենքի հետ միասին

Ե՞րբ կվաճառվի Կառավարությունը՝ իր շենքի հետ միասին

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին է և մեկ այլ կարկառուն ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանի («Բուռնաշ») զարմիկը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԳՆ շենքի վաճառքին՝ հայտարարել է, որ ցանկացած շենք ենթակա է վաճառքի, եթե լավ գին տան (տե՛ս http://7or.am/am/news/view/42087/

 Ա. Սահակյանն այնուհետև նշել է, որ, օրինակ, եթե ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի վաճառքի վերաբերյալ լավ առաջարկ ներկայացվի, ապա այդ հայտը ենթակա կլինի քննարկման։

Արման Սահակյանը, իհարկե, ճիշտ կաներ, եթե օրինակը բերեր Կառավարությա՛ն շենքի վրա ու հայտարարեր, որ լավ գնի դեպքում իրենք և՛ անշարժ գույքը, և՛ այդ անշարժ գույքի տարածքում աթոռ զբաղեցնող շարժական «գույքը» կարող են վաճառքի հանել, բայց դե տողատակերում կարելի է հասկանալ, որ դա էլ չի բացառվում, ինչն ուրախալի է։

Սոցցանցերում Արմանի հայտարարությունը բուռն քննարկման առարկա է դարձել։ Շատերը զարմանում են ու զայրանում, թե ինչպես կարելի է ամեն ինչ առևտրի առարկա դարձնել, բայց զարմանալ ու զայրանալ պետք չէ։ Գալուստ Սահակյանի որդին պարզապես անկեղծորեն ներկայացրել է Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության մտածողությունն ու տեսակը։ 

Սա խաղամոլի հոգեբանությամբ կառավարող վարչախումբ է (հարցրեք Վիկտոր Դալլաքյանին, կասի)։ Սա նաև մի իշխանություն է, որի համար ամեն ինչ առքուվաճառքի առարկա կարող է լինել։ 

Ինչո՞ւ ենք զարմանում ԱԳՆ շենքի վաճառքի պահով։ ՀՀԿ ղեկավարն ավելի վտանգավոր գործարքների էր գնում, ու միայն Ալիևի էշության և Էրդողանի ագահության պատճառով Հայաստանը փրկվեց (գոնե այս պահի դրությամբ)։

Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում հայտարարում էր, թե ինքը պատրաստ է զիջել Ղարաբաղի տարածքները, եթե Ադրբեջանն ընդունի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։ Իր այդ հայտարարությամբ ՀՀ նախագահը, փաստորեն, «լավ գին» էր առաջարկում Ալիևին, որպեսզի գործարքի արդյունքում կարողանա Թուրքիայի հետ սահմանը բացել։ Բախտներս բերեց, որ Ալիևը ցածր գնահատեց Սերժի առաջարկածը, և մենք կարողացանք խուսափել բացասական զարգացումներից։

Հիշեցնեմ նաև, որ Սերժ Սարգսյանը հայ–թուրքական արձանագրություններով համաձայնեց Հայոց ցեղասպանության հարցով պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծել։ Տխրահռչակ այդ արձանագրությունները ստորագրելով՝ ՀՀ նախագահը, փաստորեն, «լավ գնի»՝ Թուրքիայի հետ բաց սահմանի դիմաց, համաձայնեց մոռացության տալ 1,5 միլիոն զոհերին։ Բախտներս բերեց, որ Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները, այլապես Սերժի քիրվայությունը բազում ավերածությունների պատճառ էր դառնալու։

Մի խոսքով, թեթև է պետք տանել այն, որ Պետգույքի կառավարման վարչության պետը շուկայի առևտրականի բառապաշարով խոսում է «կակոյ նիբուծ» ԱԳՆ շենքի վաճառքի մասին։ Նրա վաճառածն ընդամենը շենքն է կամ ավելի ճիշտ՝ ԱԳՆ շենքի վաճառքի արդարացումը։ Եկեք պետությո՛ւնը փրկենք վաճառքից։ Մնացածը լուծվող հարցեր են։ 

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հետաքրքիր է՝ ո՞րը կհամարվի այն լավ գինը, որով իշխանությունը կհամաձայնի վաճառել, ասենք, Մատենադարանը։ 

Հ.Գ.-2։ Առաջարկում եմ համահայկական դրամահավաք կազմակերպել ու լավ գին առաջարկել Կառավարության համար՝ իր շենքով հանդերձ։ Գնելուց հետո այն (դե՛, նրան, էլի) կարելի է հանձնել վարձակալության։ Ասենք՝ Ադրբեջանին։ Թող Տիգրան Սարգսյանը «Ադրբեջանական աշխարհ» կառուցի ու դրանց երկիրը դատարկի։ 

Այս խորագրի վերջին նյութերը