Լրահոս

11.06.2009 18:05


Սերժ Սարգսյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետին

Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետին:

-Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում հարաբերությունների հետագա խորացումը,- ասել է Նախագահ Սարգսյանը և վստահություն հայտնել, որ արտգործնախարարի այցը երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ևս մեկ քայլ կլինի: Երկրի ղեկավարը Հայաստանի համար հետաքրքիր և օգտակար է համարել Բալթյան երկրների անցած ճանապարհն ու կուտակած փորձը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Էստոնիայի ներգրավվածությունը Եվրամիության կողմից Հայաստան ժամանած խորհրդատվական խմբի կազմում, մեծ նշանակություն է տվել նրանց աշխատանքին և ասել, որ Հայաստանը ձգտում է առավելագույնս օգտվել ԵՄ «Արևելյան գործընկերության» ընձեռած հնարավորություններից:

Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և ասել, որ իր այցը միտված է համակողմանի փոխգործակցության ընդլայնմանը: Նա տեղեկացրել է, որ իր հետ Հայաստան են ժամանել էստոնացի գործարարներ, ովքեր իրենց հայ գործընկերների հետ փորձում են համագործակցության ընդհանուր եզրեր գտնել: Նշելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ցածր մակարդակը, Սերժ Սարգսյանն ասել է, որ փոխադարձ ճանաչելիությունը դեռեւս բավարար չէ և կարեւորել է հայ-էստոնական տնտեսական համաժողովի անցկացումը:

Երկրի ղեկավարը կարևորել է նաև կրթական, մշակութային համագործակցության զարգացումը և ասել, որ Հայաստանն այս տարի տոնելու է հայ մեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակը, ով իր կյանքի մի մասն ապրել է Էստոնիայում և սովորել Տարտուի համալսարանում:

Հայաստանի Նախագահը և Էստոնիայի արտաքին գործերի նախարարը խոսել են նաև մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի փոխադարձ դյուրացման հնարավորության մասին:

Էստոնիայի ԱԳ նախարարի խնդրանքով Նախագահ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Այս խորագրի վերջին նյութերը