Մեկնաբանություն

25.10.2012 14:24


Կոալիցիոն հուշագրի վկաները

Կոալիցիոն հուշագրի վկաները

Վարչապետի ու ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող երկու ՀՀԿ–ականներ նախօրեին անդրադարձել են 2011թ. փետրվարին ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի և ՕԵԿ–ի կողմից ստորագրված հուշագրին ու դեմքի լուրջ արտահայտությամբ հայտնել, որ այդ հուշագիրը դեռևս ուժի մեջ է։

Ըստ ՀՀԿ–ականների՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն չի արել 2011թ. հուշագրի՝ ուժը կորցրած լինելու մասին, հետևաբար՝ հուշագիրն ուժի մեջ է։ Եթե ՀՀԿ–ականների տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա նույն Ծառուկյանը չի հայտարարել նաև, որ Տիգրան Սարգսյանը, ասենք, կովկիթ չէ, բայց դրանից չի կարելի չէ՞ եզրակացնել, որ Տիգրան Սարգսյանը կովկիթ է (ես հասկանում եմ, որ այնքան էլ հաջող օրինակ չբերեցի, քանզի կովկթության զարգացման ոլորտում վարչապետը զգալի ներդրումներ ունի)։ Ինչևէ։

Փաստորեն, Սերժ Սարգսյանի շրջապատում հույսը դրել են ԱԺ վերջին ընտրություններից հետո ուժը կորցրած և մակուլատուրայի թղթի վերածված հուշագրի վրա և իրենք իրենց հույս են տալիս, թե ԲՀԿ–ն 2013թ. սատարելու է ՀՀԿ ղեկավարին։ Բան չունենք ասելու, հույսը վերջինն է մեռնում, բայց դե արժանապատվությունն էլ լավ բան է։ Չի՛ կարելի այդքան կառչած մնալ մի բանից, որը չկա։ Եթե այդքան բանը իշխանությունները չեն հասկանում, ապա փորձենք օգնել նրանց։  

Հիմա հարց է առաջանում. եթե 2011թ. հուշագիրն ուժի մեջ էր, ապա ինչո՞ւ այդ դեպքում ՀՀԿ–ն ու ՕԵԿ–ը 2012թ. կոալիցիոն նոր հուշագիր ստորագրեցին, որի մեջ արդեն ամրագրվեց, որ այդ երկու ուժերն են սատարելու Սերժ Սարգսյանին։ Ի՞նչ է, ՀՀԿ–ն ու ՕԵԿ–ը կրկնակի եռանդո՞վ են սատարելու «ֆուտբոլասեր» նախագահին, թե՞ ՀՀԿ–ում ՕԵԿ–ին չեն վստահում ու դրա համար ևս մեկ թուղթ ստորագրել տվեցին Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցական խմբակին։ Իսկ միգուցե Սերժ Սարգսյան շա՞տ է սիրում թուղթ ստորագրել ու դրա համա՞ր է գրիչը ձեռքում պահում։ 

Բոլորին էլ պարզ է, որ նախկին հուշագրից միայն հուշեր են մնացել, բայց քաղաքական դաշտում մանիպուլյացիաներ իրականացնելու համար իշխանության ուշքը գնում է, և մենք ականատեսն ենք դառնում անհեթեթ ձևակերպումների։

Առիթ ունեցել ենք ասելու, բայց քանի որ իշխանությունը կրկին բացեց այդ թեման, ուստի կրկնենք. եթե թուղթն այդ այդքան հույս է տալիս ՀՀԿ ղեկավարությանը և գոտեպնդում նախագահական ընտրություններից առաջ, ապա իշխանությունները կարող են «ռամկայի» մեջ վերցնել հուշագիրը և կախել ՀՀԿ գրասենյակի ամենաերևացող տեղում ու ինքնահանգստացմամբ զբաղվել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը