Լրահոս

29.10.2012 11:26


Դատարանը Վարդգես Գասպարիին մեղավոր ճանաչեց

Դատարանը Վարդգես Գասպարիին մեղավոր ճանաչեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա դատավճռով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ խուլիգանություն: Հոդվածի առաջին մասը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, նախատեսում է պատիժ տուգանքի տեսքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-ապատիկի չափով, կամ կալանք՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդգես Գասպարին 2011թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ կառավարության թիվ 1 շենքի մոտակայքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Ըստ մեղադրանքի՝ շուրջ 15 րոպե տևողությամբ աղմկել է և հայհոյել, իր այդ դիտավորյալ գործողություններով խանգարել անցորդների և ներկաների հանգիստը:

Միաժամանակ, Գասպարին նշել է, որ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության խաղաղ ցույցի մասնակիցները, այդ թվում՝ ինքը, ընդամենը հակազդել են քաղաքացիական հասարակության իրավունքների ոտնահարմանը:

Պատասխանող կողմն արդեն հայտարարել է դատավճիռը վերաքննիչ դատարանում բողոքարկելու մտադրության մասին:

Այս խորագրի վերջին նյութերը