Քաղաքական

12.06.2009 13:32


Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության լրատվական ծառայությունը ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ կուսակցությանն առընթեր ստեղծվել է  «Նաիրիտ» գործարանի թնջուկն ուսումնասիրող հանձնաժողով, որին մաս կազմեցին իրավաբաններ, տնտեսագետներ, գործարանի նախկին աշխատակիցներ: Հանձնաժողովի համակարգումն ստանձնեց ՀՌԱԿ ատենապետ  Հարություն Առաքելյանը:  Ամիսներ շարունակ  (մինչ ողբերգական պայթյունը եւ չորս զոհերը) հանձնաժողովը բարձրաձայնել էր «Նաիրիտում» տիրող իրական անմխիթար վիճակի  եւ նրա շուրջ իրականացվող կոռուպցիոն գործընթացների մասին հարցեր:

Պայթյունից հետո հանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ'  կուտակված փաստերի իսկությունը ստուգելու մասին հարցաշարով, որը բաղկացած էր 7 հարցախմբերից, որն էլ ներառում էր տասնյակ հարցեր: Մինչ օրս, հակառակ կառավարության որդեգրած «բաց ու հրապարակային գործունեության քաղաքականության», որեւէ  արձագանք, հերքում կամ քննադատություն ՀՌԱԿ-ի տվյալ հայտարարության վերաբերյալ որեւէ պատասխանատու պաշտոնյա չի հնչեցրել:

Որպես «արձագանք» ընտրվեց նենգությունը եւ վրեժխնդրությունը ՀՌԱԿ-ի հանդեպ' վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավոր հրամանատարությամբ: Ավելին, վարչապետը «որոշեց», թե ով պետք է լինի մեր կազմակերպության հաջորդ  ատենապետը եւ այդ կապակցությամբ սկսվեցին էմիսարների գործուղումները սփյուռքի գաղութներ' «պետական»-վարչապետական առաքելությամբ' որպես միջոց օգտագործելով «գայթակղիչ առաջարկություններ»,  շանտաժ եւ ճնշումներ մայիսի 7-10 Հորդանանի մայրաքաղաք  Ամմանում սկսվող աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական  կուսակցության 25-րդ Համագումարի պատվիրակների հանդեպ:  Հիմնական պահանջն այն էր, որպեսզի հետաձգվի Համագումարը եւ պատվիրակները չմեկնեն Հորդանան: Սակայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեսնելով, որ էմիսարները ձախողվել են եւ նրանց տխրահռչակ գործունեությունը տալիս է հակառակ արդյունք,  կուսակցության դեմ  հանեց ՀՀ դիվանագիտական կորպուսը: Համագումարի պատվիրակների մտքերը պղտորելու գործին  լծվեցին  ՀՀ դեսպաններն ու հյուպատոսները, որոնք էլ ավելի ծիծաղելի վիճակում հայտնվեցին  ՀՀ արտգործնախարարի  ու ՀՀ վարչապետի  հետ միասին:

Հաղթական Համագումարն ընթացավ օրինավոր եւ ընկերական մթնոլորտում, որտեղ ընդունվեցին որոշումներ, կազմվեցին ծրագրեր: Հայաստանն առաջին անգամ ներկայացավ պատկառելի 7 հոգանոց պատվիրակությամբ, իսկ ՀՌԱԿ ատենապետը ընտրվեց աշխարհասփյուռ կառույցի գործադիր փոխատենապետ: Համագումարը ողջունեց եւ վերահաստատեց աշխարհասփյուռ կազմակերպության հայաստանակենտրոն կարգավիճակը' Հայրենիքում իր երկու մշտական ներկայացուցիչներով:  Իսկ Համագումարի կայացման խորհուրդն այն էր, որ որքան էլ «գայթակղիչ» լինեն առաջարկները, Ռամկավար Ազատական կուսակցությունը իր էությամբ շարունակում է   մնալ ազգային, իսկ  բնույթով' դասական, հետեւաբար, իր շրջանակների եւ փառավոր պատմության շուրջ  երբեւիցե  չի նստելու առեւտրի:

ՀՀ վարչապետի նենգությունը ՀՌԱԿ-ի դեմ պայքարում թեւակոխել է հաջորդ փուլ: Այժմ իրականացվում է նույնանուն «նոր» ռամկավար ազատական կուսակցություն ստեղծելու գործընթաց' օգտագործելով ՀՌԱԿ-ից վտարվածներին: Որպես ասվածի ապացույց հունիսի 13-ին, ժամը 13-ին Երեւանի Թեքեյան կենտրոնում  տեղի էր ունենալու նախապես հայտարարված Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիր համագումարը («Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթ, 14 մայիսի, թիվ 90), սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է  մինչեւ հունիսի 19:

ՀՌԱԿ-ից վտարվածները վայելելով վարչապետական աջակցությունը, նույնիսկ չէին բարեհաճել հետեւել համապատասխան օրենսդրությանը, որտեղ կա պարտադիր պահանջ' հիմնադիր համագումարից մեկ ամիս առաջ մամուլում հրապարակել ստեղծվող կուսակցության կանոնադրությունը եւ ծրագրային հիմնադրույթները: Քանի որ դրույթների հրապարակումը կփաստեր ՀՌԱԿ-ի անվանագողության մասին, հետեւաբար ընտրվել էր իրավաբանորեն տգետ քայլ' չհրապարակել հիմնադրույթներն ու այն գաղտագողի ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության հաստատման:

Վերը նշվածի կապակցությամբ Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության Քաղաքական  խորհուրդը

                                             Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Մ   Է.

Սփյուռքի հետ առնչություն ունեցող բոլոր պետական  պաշտոնյաներին կոչ ենք անում'  ավանդական որեւէ կուսակցության դեմ  երբեւիցե չձեռնարկել  քայլեր, քանի որ թե' ներկայիս աշխարհասփյուռ կառույցները, թե' մեր նորագույն պատմությունը այն կորակի թրքահաճո, որովհետեւ միայն թուրանական գաղափարախոսություն կրողներն են միշտ  ցանկացել խաթարել ավանդական հայկական կուսակցությունների  զարգացումը:  

Նույնիսկ այն պարագայում, եթե ՀՀ իշխանությունները ստեղծեն Ռամկավար Ազատական անունով տասնյակ կուսակցություններ, միեւնույն է' ՀՌԱԿ-ը շարունակելու է պայքարը պետական ունեցվածքը փոշիացնողների, կոռումպացված անձանց, կաշառակերների հանդեպ' անկախ նրանց զբաղեցրած դիրքից:

Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցությունը բոլոր օրինավոր միջոցներով, ցանկացած ատյանում  պաշտպանելու է  իր անունը, զինանշանը, դրոշը, մամուլը, քայլերգը, կառույցները եւ պատմությունը' տարատեսակ բաշիբոզուկների ոտնձգություններից:

                           Հայաստանի  Ռամկավար  Ազատական  կուսակցության

                                           Քաղաքական   խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը