Մեկնաբանություն

30.10.2012 12:55


Ովքեր և ինչու են դեմ կլանաօլիգարխիկ համակարգին

Ովքեր և ինչու են դեմ կլանաօլիգարխիկ համակարգին

Թող զարմանալի չթվա, բայց Հայաստանում առկա կլանաօլիգարխիկ համակարգի կազմաքանդման հարցում հատկապես շահագրգռված են քաղաքական երկու հիմնական սուբյեկտները՝ իշխանությունը և ազգային բուրժուազիայի խոշոր շերտը։ Հարցն այն է, թե ով ինչպես է պատկերացնում այդ կազմաքանդումը, և ամենակարևորը՝ ով ինչ է  ուզում ստանալ համակարգի կազմաքանդումից հետո։

Բոլշևիկյան հեղափոխություն

Սերժ Սարգսյանն իր նախագահության առաջին օրվանից լծված է 20-30 ընտանիքների վրա հիմնված կլանաօլիգարխիկ համակարգն ապամոնտաժելու գործին։ ՀՀԿ ղեկավարի նպատակը «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելն է։ Իսկ դա նշանակում է, որ «նախաձեռնողական» նախագահը ոչ թե ձգտում է տարանջատել իշխանությունն ու բիզնեսը (ինչի մասին հաճախ ճառում են ինքն ու վարչապետը), այլ փորձում է բիզնես դասը 100 տոկոսով ենթարկեցնել իշխանությանը և սեփականաշնորհել մեր երկրի ֆինանսական հոսքերը՝ պետական կառավարումը վերածելով յուրօրինակ մենաշնորհային բիզնեսի։

 «Պայքարում ենք օլիգարխների դեմ» դեմագոգիկ լոզունգն օգտագործելով՝ իշխանական նեղ թիմն ուզում է մասնավոր սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման գնալ ու գերկենտրոնացված տնտեսաքաղաքական համակարգ ստեղծել։

«Մեծ բյուջեի» քաղաքականությունը և «հակակոռուպցիոն» պայքարն այն գործիքներն են, որոնց օգնությամբ Սարգսյանը քաղաքական խնդիրներ է լուծում, ինչպես նաև ստեղծում է «մեկ պատուհանի» կոռուպցիոն համակարգ ու «ատկատները» Բաղրամյան 26–ում կենտրոնացնելու մեխանիզմ։

Ուշադրույթո՛ւն դարձրեք. Սերժ Սարգսյանը մի կողմից խոսում է կոռուպցիայի և հովանավորչության դեմ, սակայն մյուս կողմից մենք տեսնում ենք, թե ինչպես են նրա նեղ շրջապատը ներկայացնողները՝ ընտանիքի անդամները, մխրճվում տնտեսական հարաբերությունների մեջ և երկրի տնտեսական անկման ֆոնին զգալի անձնական հաջողություններ արձանագրում։ Մարդկանց ու կապիտալի արտահոսքը, աղքատության աճը և ներդրումների կրճատումն այն գինն են, որը վճարում է հայ ժողովուրդը ՀՀ նախագահի շրջապատի բիզնես հաջողությունների դիմաց։

Եվ այսպես՝ Սերժ Սարգսյանն ուզում է կազմաքանդել կլանաօլիգարխիկ համակարգը և ստեղծել ավելի վատ համակարգ՝ թուրքմենբաշիական։ Այլ կերպ ասած՝ Սերժը բոլշևիկյան արժեհամակարգով հեղափոխության կողմնակից է, և նրա հիմնական թիրախն ազգային բուրժուազիան է։

Նկատենք, որ բոլշևիկյան հեղափոխությունը հակասում է ՀՀ շահերին, իր բնույթով հակահասարակական է և կբերի մեր պետության փլուզմանը։ Հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի աջակցում են իշխանության այսպես կոչված հակաօլիգարխիկ պայքարին, պետք է իմանան, որ մասնակից են դառնում «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը և հավասարապես պատասխանատվություն են կրելու Հայաստանին հասցված վնասների համար։ Խոսքս մասնավորապես վերաբերում է քաղաքացիական հասարակությունից ու ժողովրդավարությունից խոսող, սակայն իրականում բոլշևիզմ քարոզող «անկախ» լրատվամիջոցների ղեկավարներին, «սութի» քաղաքացիականներին, վերլուծաբան կոչվածներին և կեղծ մտավորականներին։  

Բուրժուադեմոկրատական հեղափոխություն

Հասարակության ամենաընդդիմադիր զանգվածն այսօր գործարար խավն է, և դա հասկանալի է. բոլշևիկյան մտածողությամբ իշխանության զոհերն իրենք են։ Իշխանությունից դժգոհ են նաև սոցիալապես անապահով շերտերը (թոշակառուներ, նպաստառուներ, գործազուրկներ և այլն), բայց նրանք չունեն կորպորատիվ շահի գիտակցություն, քաղաքականապես անդեմ են և որպես ընտրակաշառք վերցնելուն հակված սուբյեկտներ՝ նպաստում են իշխանության վերարտադրմանը։

Փոքր, միջին ու խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն օբյեկտիվորեն շահագրգռված են, որ կլանաօլիգարխիկ համակարգը կազմաքանդվի, քանի որ սեփական բիզնեսը զարգացնելու այլ տարբերակ չկա, բայց նրանք, բնականաբար, չեն կարող այդ հարցում դաշնակցել սերժսարգսյանական իշխանության հետ, քանի որ բոլշևիկյան և բուրժուական ուժերն անտոգոնիստներ են իրենց էությամբ։ Բիզնեսի որևէ շերտ չի կարող կողմ լինել մի իշխանության, որն ուզում է «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել։ Չի՛ կարող կոմպրոմիս լինել բոլշևիկների և բուրժուազիայի միջև, ինչպես որ կոմպրոմիս չի լինում խավարի ու լույսի միջև։

Բուրժուազիան չի կարող համագործակցել բոլշևիկյան ուժերի հետ, քանզի քաջ գիտակցում է, որ սրանք ուղղակի (փայ մտնելով) կամ անուղղակի (հարկային ճնշումներով) խլելու են բոլորի սեփականությունը։

Փոքր բիզնեսը փոփոխություն է ուզում, որպեսզի կարողանա ուշքի գալ ու զարգանալ, իսկ զարգացման համար անհրաժեշտ են համապատասխան բիզնես միջավայր և հարկային բարենպաստ պայմաններ։ Տիգրան Սարգսյանի «բարեշրջումները» լրջորեն հարվածել են այս շերտին։ Վստահաբար կարելի է պնդել, որ Հայաստանից վերջին տարիներին արտագաղթածների մեջ տեսակարար մեծ կշիռ ունի փոքր գործարարության ոլորտում ներգրավված զանգվածը։

Միջին բիզնեսը փոփոխություններ է պահանջում, քանզի կանգնած է կլանման և խաղից դուրս մնալու վտանգի առաջ։ Միջին գործարարներին էլ չի գոհացնում բիզնես միջավայրը և հարկային համակարգը։ Միջին գործարարներն ուզում են ընդլայնվել, բայց նման հնարավորություն չկա։

Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները նույնպես խոցելի վիճակում են և դժգոհ Հայաստանում վարվող սոցիալ–տնտեսական քաղաքականությունից։ Նրանց էլ արդեն ձեռնտու չէ այս համակարգը, որովհետև կապիտալի նախնական կուտակումն անցած ցանկացած սուբյեկտ շահագրգռված է լինում բաց ու մրցակցային տնտեսական հարաբերություններ հաստատելու մեջ՝ պայմանով, որ ապահովվելու է մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը։ Այդպիսի ճանապարհով են զարգացել արևմտյան բոլոր առաջադեմ երկրները։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Սերժի օրոք Հայաստանի խոշոր գործարարներն  ընդլանվում են ու բարգավաճում, սակայն այստեղ կա մի կարևոր նրբություն, որը ոչմասնագիտական աչքի համար տեսանելի չէ. խոշոր բիզնեսը Սերժ և Տիգրան Սարգսյանների դրած խաղի կանոններով է ընդլայնվում՝ իշխանական քարոզչամեքենայի ուղղորդմամբ հայտնվելով հանրության գլխավոր թիրախի դերում։

Երբ պետությունը ճնշում է բիզնեսի բոլոր շերտերին, ապա բնական է, որ խոշորը փոքրի ու միջինի համեմատ ավելի դիմացկուն է գտնվում և կարող է անգամ այդ ընթացքում կլանել փոքրին ու միջինին և է՛լ ավելի խոշորանալ։ Այդ կլանման գործընթացը տպավորություն է ստեղծում, թե Սերժը խոշոր գործարարների համար լավ պայմաններ է ստեղծում, սակայն դա տնտեսության գերկենտրոնացման քաղաքականության առաջին փուլն է։ Փոքրի ու միջինի հարցերը խոշորի ձեռքերով լուծելուց հետո իշխանությունը տնտեսության գերկենտրոնացման քաղաքականության երկրորդ փուլում (վերարտադրվելուց հետո) խոշորին է վերացնելու։

Կուլակաթափության համար Սերժ Սարգսյանն ու իր փեսա Միքայել Մինասյանն այժմ հանրային պահանջի ֆոն են ստեղծում՝ գործում ներգրավելով ծախու մամուլին, հաճախորդ քաղաքական գործիչներին ու «դհոլի» ֆունկցիա կատարող «քաղաքացիականներին»։ Պատահական չէ, որ այսօր իշխանական կերակրատաշտից օգտվողների հիմնական թիրախը խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։ Սերժն ու իր թիմը շատ լավ հասկանում են, որ եթե պաշտպանվածության համամետաբար բարձր աստիճան ունեցող Ծառուկյանին մեջտեղից վերացնեն, ապա մյուս խոշոր սեփականատերերի հարցերը լուծելը տեխնիկայի խնդիր կդառնա։

Եթե փոքր ու միջին բիզնեսին ճնշելն իշխանության համար զուտ տեխնոլոգիական նշանակություն ունի, ապա խոշորին կուլակաթափ անելն ունի սկզբունքային ու քաղաքական նշանակություն, քանզի միայն խոշոր բիզնեսի վերացման դեպքում  Սերժը հնարավորություն կստանա հավերժ իշխել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է արձանագրել, որ փոքր ու միջին բիզնեսի շերտերն այս իշխանության մարտավարական թշնամիներն են, իսկ ահա խոշոր բիզնեսը՝ ռազմավարական։ Ճիշտ է, այս փուլում ավելի շատ տուժում են Սերժի մարտավարական թշնամիները, բայց դա հիմնական պայքարի հետևանքներից է։ Ես համոզված եմ, որ Սերժը չի ուզում վնասել փոքր ու միջին բիզնեսին, բայց այն խնդիրը, որը նա փորձում է լուծել, ինքնաբերաբար հանգեցնում է փոքր ու միջին բիզնեսի ոչնչացմանը։

Ռազմավարական թշնամիներ են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի համար, քանզի նա շատ լավ գիտակցում է, որ միայն նրանք կարող են խոչընդոտել բոլշևիկյան հեղափոխությանը՝ գնալով բուրժուադեմոկրատական հեղափոխության։

Իշխանության տնօրինած ռեսուրսներին գրեթե համարժեք ռեսուրսներ միայն խոշոր գործարարներն  ունեն։ Ինչ վերաբերում է վարչական լծակի բացակայությունը, ապա խոշոր բուրժուազիան այդ բացը կարող է լրացնել  հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիային նպաստելով։ Ահա այդ ամենից են վախենում Բաղրամյան 26–ում և կատաղի պայքար մղում բոլոր նրանց դեմ, ովքեր կողմ են արտահայտվում «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձևին։

Վերջաբան

Հայաստանի գործարար խավն օբյեկտիվորեն դեմ է իշխանության ծրագրած բոլշևիկյան հեղափոխությանը։ Հիմա ոչ միայ փոքր ու միջին բիզնեսը, այլ նաև խոշոր բուրժուազիան մեզանում, առավել քան երբևէ,  փոփոխություններ են ուզում և կողմ են շուկայական հարաբերություններ հաստատելուն։

Նորանկախ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը միշտ եղել է ընդդիմադիր տրամադրությունների կրող, իսկ խոշորը՝ իշխանամետ (առանձին դեպքերը և շեղումներն ընդամենը հաստատել են կանոնը)։ Սկսած 1996թ. նախագահական ընտրություններից՝ խոշոր բուրժուազիան միշտ կանգնել է իշխանության կողքը՝ դեմ գնալով փոքր ու միջին բիզնեսի շերտերի շահերին ու հանրության բողոքական տրամադրություններին։ Արդյունքը եղել է այն, որ օրվա իշխանությունն անընդհատ վերարտադրվել է։

2013թ. նախագահական ընտրություններն այդ առումով տարբերվելու են նախորդ ընտրություններից։ Ակնհայտ է, որ խոշոր բիզնեսի մի մասը բացահայտ, իսկ մյուս մասը՝ «տակից», դուրս է գալու Սերժ Սարգսյանի դեմ և խանգարելու է «Վերարտադրություն» օպերացիային։ Խոշոր բիզնեսի մասնավոր շահն ու հասարակության լայն շրջանակների շահը ստեղծված իրավիճակում 100 տոկոսով համընկնում են։  Բուրժուազիան ուզում է պաշտպանված լինել ու զարգանալու հնարավորույուն ստանալ, իսկ հասարակությունն ուզում է անվտանգ պետություն, աշխատանք, արժանապատիվ կյանք ու իրավական պաշտպանվածություն։ 

Վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ փոփոխությունների ձգտող փոքր ու միջին բիզնեսի շերտերն ու հանրության բողոքական զանգվածը, ի դեմս խոշոր բուրժուազիայի, կարող են ունենալ  հզոր դաշնակից։ Իսկ դա լուրջ նախադրյալ է իշխանափոխության գնալու, կլանաօլիգարխիկ համակարգը վերացնելու և ազգային–դեմոկրատական փոփոխություններ իրականացնելու համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը