Մեկնաբանություն

30.10.2012 15:06


Արամի վերջին ճիգերը

Արամի վերջին ճիգերը

«Հանրապետություն» կուսակցության «աստվածավախ» ղեկավար Արամ Սարգսյանին  Արտաշես Գեղամյանի դափնիները հանգիստ չեն տալիս։

Սպանված Վազգեն Սարգսյանի եղբայրը լինելու հանգամանքը կոմերցիայի առարկայի վերածած Արամը խորհրդարանական վերջին ընտրություններից հետո վայր դրեց պատգամավորական մանդատը, դուրս եկավ ՀԱԿ–ից ու խոստացավ գրավել փողոցը։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ նա գրավեց ոչ թե փողոցը, այլ Սերժ Սարգսյանի ուշադրությունը։ Ավելի ճիշտ՝ Արամը փորձում է  Սերժ  Սարգսյանի ուշադրությունը գրավել ԲՀԿ–ի դեմ «դհոլություն» անելով։

Արամին հիմա կարելի է հանդիպել սերժամետ բոլոր կայքերի ու թերթերի տարածքներում։ Նա հարցազրույցը հարցազրույցի հետևից է տալիս ու «թունդ ընդդիմադիր» հռետորաբանությամբ խոսում... ԲՀԿ–ի դեմ։ Տպավորությունն այնպիսին է, թե նա հոգեխանգարմունքի է ենթարկվել «Բարգավաճ Հայաստանի» վարկանիշից։

«Այսօր բոլորը սպասում են Գագիկ Ծառուկյանի խոսքին»,–ջղաձգորեն հայտարարում է «Հանրապետության» ղեկավարն ու տողատակերում հույս հայտնում, որ Սերժ Սարգսյանը ԲՀԿ–ին թույլ չի տա հաջողության հասնել։

Սերժի գաղափարակից ընկեր Ռուբեն Հայրապետյանի ձեռքից ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ձեռքի տակ հայտնված Արամ Սարգսյանը համոզմունք է հայտնում, որ իշխանափոխությունը միայն փողոց դուրս եկած ժողովրդի օգնությամբ է հնարավոր, և որ ԲՀԿ–ն ժողովրդին փողոց հանող չէ։

Ա. Սարգսյանի ասածներից հետո մի շարք հարցեր են առաջանում։ Եթե իշխանափոխությունը փողոցով է միայն հնարավոր, իսկ ԲՀԿ–ն էլ, ինչպես Արամն է պնդում, մարդկանց փողոց հանող չէ, ապա ինչո՞ւ «Հանրապետությունը» փողոց դուրս չի բերում մարդկանց (ինչպես խոստացել էր կամ ավելի ճիշտ՝ գլուխ գովել), ո՞վ է բռնում Արամի ձեռքից, ինչո՞ւ է նա Սերժին քննադատելու փոխարեն քննադատում Գագիկ Ծառուկյանին։

Այս հարցերի պատասխանը շատ պարզ է. Արամն ուզում է գալիք նախագահական ընտրությունների Գեղամյանը դառնալ, բայց կարծես դուրս է մնացել հաճախորդների միջև առկա մրցապայքարից, քանզի իր դերն անտաղանդ է խաղացել և ժամանակից շուտ բացահայտվել։

Արամը «մեռավ» կրկնելով, թե եթե ժողովուրդն իրեն ընտրի որպես ընդդիմադիր թեկնածու, ապա ինքը պատրաստ է վերցնել այդ պատասխանատվությունը։ Իրականում նա Սերժին է դիմում և ասում, որ պատրաստ է գեղամյանություն անել, միայն թե իրեն վստահեն ու մի քիչ էլ փող տան, կամ խոստանան, որ վերարտադրվելուց հետո Ծառուկյանից խլվելիք սեփականության մի մասն իրեն կտան։

Մի խոսքով՝ Արամը վերջին ճիգերն է գործադրում Սերժի թիվ մեկ հաճախորդը դառնալու համար, բայց այդ առումով այնպիսի մրցակցության մեջ է հայտնվել, որ ստիպված չի «իջնում» լրատվամիջոցների էջերից։

Պարո՛ն նախագահ, մի բան մտածեք ու Արամին աչքաթող մի՛ արեք։ Խեղճը փրփուրը բերանին ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ է պայքարում, այսինքն՝ շարժվում է Բաղրամյան 26–ի «գեներալնի լինյայով», իսկ Դուք նրան ընդամենն օգտագործում եք «Միշիկ.am»–ների ու «Միշիկ-press»–ի արտահաստիքային թղթակցի դերում։

Հանուն արդարության պետք է նշել, թե Արամի պես ոչ մեկն այդքան կրքոտ չի պաշտպանում Սերժի շահերը, և ճիշտ չէ, որ նախագահականում չեն գնահատում նրա տիտանական աշխատանքը։ Հուսանք, որ մեր այս հոդվածը կնպաստի Արամ Սարգսյանի առաջխաղացմանը և «ժողովուրդը» (դե՛, Սերժը, էլի) նրան կընտրի որպես նախագահի ընդդիմադիր թեկնածու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը