Մեկնաբանություն

31.10.2012 10:29


Հակահանրապետական Շարմազանովը, կարմիրշոռտիկավոր Աշոտյանը և Սերժ Սարգսյանի ճակատագիրը (տեսանյութ)

Հակահանրապետական Շարմազանովը, կարմիրշոռտիկավոր Աշոտյանը և Սերժ Սարգսյանի ճակատագիրը (տեսանյութ)

Օպորտունիստների խումբը

Հանրապետական կուսակցությունը շատ յուրահատուկ կազմակերպություն է։

Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության շրջանում ՀՀԿ–ն եղել է ՀՀՇ–ի գլխավորած «Հանրապետություն» բլոկի կազմում, 1996–ին պաշտպանել է Տեր–Պետրոսյանի թեկնածությունը, 1998–ին ճամբարափոխ է եղել և նախագահական ընտրությունների ժամանակ  պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։

1999–ից սկսած՝ ՀՀԿ–ն Վազգեն Սարգսյանի շնորհիվ կցորդ կառույցից վերածվեց իշխող ուժի ու հետագայում ձեռքից ձեռք անցնելով՝ դարձավ օրվա իշխանության հենարանը։ Այժմ ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանին սպասարկող կառույցն է։

Ուշագրավն այն է, որ բոլոր երեք նախագահներին էլ ՀՀԿ–ն ծառայել է ու հպատակվել, բայց միևնույն ժամանակ աչքի է ընկել նախկին նախագահների դեմ հանդես գալու «մունդառ խասիաթով»։ Ավելի ճիշտ՝ օրվա իշխանությունն է ՀՀԿ–ին օգտագործել նախորդ իշխանության դեմ, իսկ ՀՀԿ–ն էլ հաճույքով օգտագործվել է։ Սերժ Սարգսյանը դեռ նախկին չէ, ուստի կարող է առայժմ հանգիստ լինել։

Իրենց նախորդ տիրոջը «քցելու» և ստրուկների բունտ հիշեցնող պահվածք դրսևորելու առումով ՀՀԿ–ում, կարելի է ասել, ավանդույթ է ձևավորվել։ Հանրապետականները 1998–ից հետո Տեր–Պետրոսյանին ու նրա թիմին էին քննադատում։ Հիմա եկել է «չերեզ» ԲՀԿ Ռոբերտ Քոչարյանի դեմ հանդես գալու ժամանակը։ Այդ գործը ՀՀԿ–ում կամ ավելի ճիշտ՝ Բաղրամյան 26–ում որոշել են վստահել երիտհանրապետականներին՝ փոխանցիկ կարմիր շոռտիկը (շոռտիկի մասին՝ ներքևում) հանձնելով Վազգեն Խաչիկյանի հոգեզավակներին՝ «երկրորդ սերնդի բազեներին»։ Արդյունքներն իրենց սպասեցնել չեն տալիս. ուզում էին լավ, բայց ստացվում է՝ ինչպես միշտ։

Շարմազանովն ընդդեմ ՀՀԿ–ի

Քաղաքական դաշտում զվարճալի տեսարանները շատացել են։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, օրինակ, քննադատել է Վարդան Օսկանյանին՝ նախկին արտգործնախարարին մեղադրելով 10 տարվա ընթացքում կոմպլեմենտար քաղաքականություն վարելու համար։ Փաստորեն՝ Շարմազանովը Ռ. Քոչարյանին է քննադատել, քանզի արտաքին քաղաքական ոլորտը նախագահի լիազորությունների մեջ է մտնում։ Շարմազանովն այնքան հեռու է գնացել, որ Օսկանյանին դիլետանտ է անվանել։

Նկատենք, որ եթե Օսկանյանին դիլետանտիզմի մեջ մեղադրեր այլ կուսակցության ներկայացուցիչ կամ անկուսակցական մեկը, ապա կարելի էր դա հասկանալ։ Ի վերջո, բոլորն ազատ են իրենց տեսակետը հայտնելու հարցում։ Բայց երբ ՀՀԿ–ից են քննադատում կոմպլեմենտարիզմը կամ քոչարյանական շրջանի արտաքին քաղաքականությունը, ապա սա արդեն մառազմի է վերածվում։

Շարմազանովը, թերևս, «մոռացել» է, որ ՀՀԿ–ն Քոչարյանի օրոք իշխող ուժ է եղել և 10 տարվա ընթացքում որևէ դժգոհություն չի հայտնել Օսկանյանի կոմպլեմենտարիզմի պահով։

Շարմազանովը, երևի, չի զգացել, թե Օսկանյանի նախարարական շրջանը քննադատելով՝ ինչպես է «փչացրել» սեփական կուսակցությանը, քանզի ստացվում է, որ ՀՀԿ–ականները վատ կարծիքի են եղել Քոչարյան–Օսկանյան արտաքին քաղաքականության մասին, բայց ռիսկ չեն արել բարձրաձայնել իրենց դժգոհությունը, լուռ սնվել են իշխանական կերակրատաշտից և միայն պատերի տակ են հոնգուր–հոնգուր լացել ու սպասել, թե երբ պետք է Քոչարյանն ու Օսկանյանը նախկին պաշոտնյա դառնան, որպեսզի իրենք բլբուլ կտրեն կամ այլ կերպ ասած՝ աբիժնիկություն անեն։

Հետին թվով բլբուլ կտրելը ցույց է տալիս, որ ՀՀԿ–ն հիմնականում պատեհապաշտների ու պնակալեզների հավաքատեղի է, քանզի եթե այնտեղ վաղուց են արձանագրած եղել, որ Օսկանյանը դիլետանտ է, իսկ Քոչարյանն էլ արտաքին սխալ կուրս է որդեգրել, բայց ձայն չեն հանել, ապա ստացվում է, որ մենք գործ ունենք բացառապես անձնական շահ հետապնդողների՝ օպորտունիստների խմբակի հետ։ Խմբակ, որը ստրուկի պես ծառայում է օրվա իշխանությանը և դավաճանի պես մեջքից հարվածում, երբ իշխանավորը դառնում է նախկին։

Շարմազանովը ՀՀԿ–ին «փչացրել» է նաև այլ ռակուրսով։ Եթե դիլետանտ է Օսկանյանը, ապա առավելևս դիլետանտներ են այն հանրապետականները, ովքեր 10 տարի աջակցել են կոմպլեմենտար քաղաքականությունը։ Իսկ եթե ՀՀԿ–ում միայն 14 տարի անց են պարզել, որ կոմպլեմենտարիզմն այնքան էլ լավ բան չէ, ապա պարզողներն առավելևս դիլետանտ են ու մի քիչ էլ տհաս։ 

Մի խոսքով, ինչպես էլ «պտտենք» Շարմազանովի խոսքերը, ՀՀԿ–ն անհարմար դրության մեջ է հայտնվում։ Սա այն դեպքն է, երբ ՀՀԿ–ականի ամեն մի խոսքը կարող է ուղղվել իր դեմ։ Ով ով, բայց հանրապետականներն իրավունք չունեն բացասական երանգներով անդրադառնալ Քոչարյանի նախագահության և Օսկանյանի նախարարության շրջանին, քանի որ եղել են իշխող կոալիցիայի դոմինանտ ուժը։ Այսինքն՝ Քոչարյանը և Օսկանյանը նաև ՀՀԿ–ի պաշտպանած պաշտոնյաներն են եղել։

Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք ճի՞շտ էր Քոչարյան–Օսկանյան արտաքին քաղաքական գիծը, թե՞ ոչ։ Տվյալ դեպքում գործ ունենք քաղաքական ամնեզիայի դրսևորման հետ։ Շարմազանովին լսելիս տպավորություն է ստեղծվում, թե 1998-2008թթ. ՀՀԿ–ն հոգով ընդդիմություն է եղել և իշխանական թիմում պարտիզանությամբ է զբաղվել։

Անցնենք մյուս երիտհանրապետականի բրուտոսությանը։

Արմեն Աշոտյանի կարմիր շոռտիկն ու Քոչարյանի վզկապը

Սոցցանցերում բավական ակտիվ հակաբարգավաճական (տողատակում՝ հակաքոչարյանական) գիծ է առաջ տանում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնին հասած նախկին բազեական Արմեն Աշոտյանը։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում նույն Աշոտյանը, կարմիր շոռտիկը հագին, պատանեկան էնտուզիազմով եռագույն վզկապ էր կապում և հանձնում Քոչարյանին (տե՛ս կից տեսանյութը)։ «Բազե» երիտասարդական հավաքի ժամանակ Աշոտյանի դեմքի արտահայտությունից զգացվում էր, որ նա երջանկության մեջ է հայտնվել, քանզի կարողացել է մոտիկից շփվել ղեկավարության հետ, իսկ դա ՀՀԿ ընդերքում բուծվող կարմիր գույնի մայկա–տռուսիկով «բազեների» համար «վիշի պիլոտաժ» է համարվում։

Տեսանյութը դիտելուց հետո այլևս իմաստ չունի մեկնաբանել Աշոտյանի ներկայիս գործունեությունը։ Կարմիրշոռտիկավորների բրիգադի անդամների գործունեությունը ոչ թե պետք է գնահատել, այլ դիտել։

Ի՞նչ է սպասվում Սերժ Սարգսյանին

Համոզված ենք, որ այսօր էլ Սերժ Սարգսյանի՛ մոտ են կարմիր շոռտիկներով թռվռում երիտասարդ ու ոչ այնքան երիտասարդ հանրապետականներից շատերը, բայց դա պետք է չուրախացնի գործող նախագահին, քանզի հիմա դու գործող ես, իսկ վաղը կարող ես և չգործել ու արդեն քեզ «կգործեն» այս պահի թիմակիցներդ այնպես, ինչպես դու ես «գործ» սարքում նախկին թիմակիցներիդ վրա։

Փորձը ցույց է տալիս, որ ՀՀԿ–ի ահելների ու ջահելների մեծ մասը չի սիրում պաշտոնաթող մարդկանց և կարող է ցանկացած այլ սուբյեկտի կողմից օգտագործվել նախկին տիրոջ դեմ։ Այդ ամենը հաշվի առնելով՝ կարելի է միայն պատկերացնել, թե ինչ է սպասվում Սերժ Սարգսյանին 2013թ. հետո։ Ամենայն հավանականությամբ՝ «7 օրը» ստիպված իր պաշտպանության տակ է առնելու ՀՀԿ այսօրվա ղեկավարին՝ աշոտյաններին ու շարմազանովներին կոչ անելով Սերժ Սարգսյանին մեղադրել միայն գործա՛ծ մեղքերի համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը