Մեկնաբանություն

31.10.2012 14:52


Ինչո՞ւ է Կարեն Ավագյանը պայքարում ՀՀԿ–ի և Սերժ Սարգսյանի դեմ (տեսանյութ)

Ինչո՞ւ է Կարեն Ավագյանը պայքարում ՀՀԿ–ի և Սերժ Սարգսյանի դեմ (տեսանյութ)

Ակնհայտ է, որ ՀՀԿ–ի երիտթևին առաջադրանք են տվել տարբեր ուղղություններով հարձակվել ԲՀԿ–ի վրա։ Առաջադրանքը տվել են, բայց չեն ֆայմել թեմատիկ ուղղությունների մասով ինստրուկտավորել հին ու նոր երիտհանրապետականներին, ովքեր սեփական հայեցողությամբ թեմաներ են ընտրել և մտքի գոհարներ են շաղ տալիս։ Արդյունքում՝ լյափսուսը լյափսուսի հետևից է արձանագրվում։

Շարմազանովը, օրինակ, ակամայից «փչացնում» է ՀՀԿ–ին՝ հայտարարելով, թե կոմպլեմենտարիզմը սխալ էր, իսկ նախկին արտգործնախարարն էլ դիլետանտ է։ Նկատենք, որ երբ ՀՀԿ–ից են կոմպլեմենտարիզմը քննադատում ու դիլետանտ համարում Վարդան Օսկանյանին, ապա դա վերածվում է ինքնաքննադատության և ինքնագնահատականի, քանզի ՀՀԿ–ն 10 տարի եղել է Օսկանյանի քաղաքական հենարանը։

Իր «օրիգինալությամբ» Շարմազանովից առաջ անցավ մյուս երիտհանրապետական Կարեն Ավագյանը։ Նա վերցրել ու Նաիրի Հունանյանի «մոմենտով» է փորձել կպնել ԲՀԿ–ին։ Ստացվել է ավելի խայտառակ պատկեր, քան Շարմազանովի դեպքում։

Այսպես, Կարեն Ավագյանը, ազատ թեմայի շրջանակներում, մտածել է, որ պետք է պահն օգտագործել ու անարգանքի սյունին գամել ԲՀԿ–ին այն բանի համար, որ այդ կուսակցության պատգամավորներն այցելել էին ազատազրկման վայրեր ու հանդիպել կալանավորներին, այդ թվում՝ հոկտեմբերի 27–ի ահաբեկչության առանցքային դեմք հանդիսացող Նաիրի Հունանյանին։

ՀՀԿ–ն ներկայացնող Կարեն Ավագյանը լավ գիտի, որ դրա մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա ու չի կարող լինել, քանզի կալանավորներին այցելելն ու մոնիտորինգ իրականացնելը օրենսդրության պահանջ է, բայց որոշել է մի փոքր «հայրենասիրությամբ» զբաղվել ու ձեռքի հետ «տակառ գլորել» ԲՀԿ–ի ուղղությամբ։

«Ցնցված և վրդովված եմ այն հանգամանքից, երբ իմացա՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի որոշ անդամներ հոկտեմբերի 26–ին այցելել են Նաիրի Հունանյանին։ Էլի լավ է, որ տորթով ու շամպայնով չէին գնացել, որովհետև այդ պարագայում գուցե վերոհիշյալ հանձնաժողովն ավելի «պուպուշ» կերևար եվրոպական կառույցների աչքերին»,–իր ֆեյսբուքյան էջում գրել է վերջերս EPP–ական դարձած Կարեն Ավագյանը, ում հարազատ կուսակցության ղեկավարն ամեն առիթով ուզում է եվրոպացիների աչքերին «պուպուշ» երևալ ու դրա համար էլ, օրինակ, շտապում է չորս օր առաջ Գյուլին շնորհավորել Թուրքիայի հանրապետության օրվա առթիվ։

«Ոմանք սկսել են հոգատարություն ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր գնդակահարեցին մեր պետականության խորհրդանիշները, ովքեր սպանեցին սպարապետին, խորհրդարանի խոսնակին, պատգամավորների, նախարարի։ Մի քանի րոպեում գլխատվեց Հայաստանը, անասելի հարված հասցվեց մեր երիտասարդ պետականությանը։ Նաիրի Հունանյանն ու իր հանցախումբը գրեցին Հայաստանի նորագույն պատմության ամենադաժան ու անմարդկային էջը»,–պաթետիկ ոճով նշել է Ավագյանը։

Եթե մի կողմ թողնենք Ավագյանի կեղծ պաթետիզմը և քաղաքական նպատակները, ապա պետք է նշել, որ նա ամեն ինչ ճիշտ է ասում հոկտեմբերի 27–ի՝ Հայաստանի նորագույն պատմության ամենադաժան ու անմարդկային էջի պահով, բայց այստեղ կա մի մեծ «Բայց»։

Բանն այն է, որ Ավագյանի նշած պետականության խորհրդանիշների գնդակահարման համար ՀՀԿ–ում կասկածում էին... Սերժ Սարգսյանին ու պահանջում վերջինիս հրաժարականը (տե՛ս կից տեսանյութը)։

Կարեն Ավագյանը, հավանաբար, տարիքի բերումով այնքան էլ ծանոթ չէ իր հարազատ կուսակցության անցած ուղուն և տեղյակ չէ, որ մեր երիտասարդ պետականությանը հարված հասցրած Նաիրի Հունանյանի դեմ հարուցված գործի քննությանը չխոչընդոտելու նպատակով էր ՀՀԿ նախկին ղեկավար Անդրանիկ Մարգարյանը, Ստեփան Դեմիրճյանի ու Արամ Սարգսյանի հետ միասին, պահանջում Ավագյանի ներկայիս շեֆ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այն օրերին ՀՀԿ–ում կասկածում էին, որ ոմանք հոգատարություն են ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, ովքեր գնդակահարեցին մեր պետականության խորհրդանիշները, ովքեր սպանեցին սպարապետին, խորհրդարանի խոսնակին, պատգամավորների, նախարարի։ Ի դեպ, այդ կասկածներն էին, որ հանգեցրել էին «Միասնություն» դաշինքի անդամ ՀՀԿ ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու ցանկությանը։ Այնպես որ, հոկտեմբերի 27–ի թեման ՀՀԿ–ում լավ կանեն շրջանցեն, այլապես ստիպված կլինեն պատասխանել հետևյալ հարցերին՝

–որտե՞ղ կլիներ Սերժ Սարգսյանը հիմա և ի՞նչ կարգավիճակ կունենար, եթե չլիներ հոկտեմբերի 27–ը,

–ինչո՞ւ 1999թ. ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսյանը չկարողացավ կանխել հոկտեմբերի 27–ը,

–ինչո՞ւ հանկարծամահ եղավ ՀՀԿ ղեկավար Անդրանիկ Մարգարյանը, ով դրանից տարիներ առաջ պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, և ով մահից առաջ հայտարարում էր, թե 2008թ. նախագահական ընտրություններում իշխող ՀՀԿ–ի  կողմից նախագահի թեկնածուի հարցը դեռ վերջնական որոշված չէ՝ ակնարկելով, որ Սերժ Սարգսյանը կարող է չլինել այդ թեկնածուն,

–ՀՀԿ–ն ճիշտ է համարում 2000 թվականին Անդրանիկ Մարգարյանի՝ Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջե՞լը, թե՞ կարծում է, որ այն օրերին Անդրանիկ Մարգարյանը սխալ ուղու վրա է եղել։

Սրանք հարցերի ոչ ամբողջական ցանկն է, որոնք շուտով կտրվեն հնարավոր բոլոր հանրապետականներին, քանզի թեման իրենք են բացել։

Դատելով ամենից՝ ՀՀԿ–ում վարակվել են իրենց այսօրվա ղեկավարից ու անցել են ինքնաքննադատության։ Բան չունենք ասելու, դա էլ է քարոզչության տարբերակ, բայց ամեն դեպքում ճիշտ կլինի, որ Բաղրամյան 26–ում մի փոքր լիկբեզ անցկացնեն երիտհանրապետականներին ու նոր բաց թողնեն «ռինգ»։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Անդրադառնալով իմ նախորդ նյութին (տե՛ս http://7or.am/am/news/view/42372/)՝ ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խորհրդանշական կարմիր շոռտիկը դեռ կա, և ինքը պատրաստ է այն նվիրել մեր խմբագրությանը՝ որպես իրեղեն ապացույց, բայց չի նշել, թե հատկապես ինչի՞ իրեղեն ապացույց։

Օրինակ՝ Մոնիկա Լևինսկին որպես իրեղեն ապացույց պահել էր և հետագայում դատարանին ներկայացրեց այն ներքնաշորը, որը հագած էր եղել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ մոտիկից հարաբերվելու ժամանակ։ Չեմ կարծում, որ Աշոտյանը համանման նպատակով է  որպես իրեղեն ապացույց մինչև հիմա պահել այդ շոռտիկը։ ))

Այս խորագրի վերջին նյութերը