Մեկնաբանություն

01.11.2012 14:21


«Անտեր» բյուջե

«Անտեր» բյուջե

ՀՀ կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել 2013թ. պետական բյուջեի նախագիծը։  Տիգրան Սարգսյանի թիմն ասում է, որ դա սոցիալական ուղղվածության բյուջե է, ինչը մեզ մտածելու տեղիք է տալիս, քանզի «Հայկական աշխարհ» կառուցողները երբ մի խոստում են տալիս՝ ճիշտ հակառակն է լինում։ Ասում էին Հայաստանին ճգնաժամ չի սպառնում, բայց աշխարհի մակարդակով ամենամեծ տնտեսական անկումներից ունեցանք։ Ասում էին աղքատությունը կրճատելու ենք, բայց աղքատությունն աճեց և հիմա պաշտոնական տվյալներով աղքատ է Հայաստանի բնակչության ամեն երրորդը։ Ասում էին ներդրումներն աճելու են, բայց դրանք կտրուկ նվազեցին։ Մի խոսքով, այս Կառավարության գնահատականները և խոստումները պետք է ընդունել հակառակ իմաստով։

Ընդունված ավանդույթի համաձայն՝ քաղաքական ու լրագրողական շրջանակները ևս փորձում են որակում տալ բյուջեին։ Իշխանական շրջանակները, բնականաբար, ցանկանում են կառավարության ու բյուջեի համար դրական իմիջ ձևավորել, իսկ ընդդիմադիր շրջանակները՝ ընդհակառակը։

Հաշվի առնելով ընթացիկ քաղաքական իրավիճակը և 2013թ. սպասվող նախագահական ընտրությունները՝ կարող ենք ասել, որ այսօր գործ ունենք, այսպես ասած, անտեր բյուջեի հետ։ Իսկ «անտեր» է բյուջեն այն պարզ պատճառով, որ գալիք նախագահական ընտրությունների ցանկացած ելքի պարագայում այն վերանայվելու է, քանի որ վերանայվելու է նաև տնտեսական քաղաքականությունը։

Եթե նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունենա իշխանափոխություն, ապա սպասվում է տնտեսական քաղաքականության էական փոփոխություն, ինչն իր հերթին կբերի հարկաբյուջետային քաղաքականության վերանայման։ Հասկանալի է, որ նոր նախագահը նոր կառավարություն կձևավորի, և սերժատիգրանական տնտեսական քաղաքականությանը հրաժեշտ կտրվի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի բիզնեսի բոլոր շերտերի նկատմամաբ հարկային տեռորի դադարեցմանը և բիզնես միջավայրի բարելավմանը։ Բյուջեն ինքնանպատակից ու տնտեսությունը մեկ մարդու օգտին վերաձևելու գործիքից կվերածվի տնտեսական աճը խթանող միջոցի։

Իսկ եթե Սերժ Սարգսյանը շարունակի մնալ նախագահի պաշտոնում, ապա տնտեսության մեջ արձանագրվող այն բացասական միտումները, որոնք առկա են 2008թ. սկսած, շարունակվելու են է՛լ ավելի խորանալ, գերկենտրոնացված տնտեսություն ստեղծելու քաղաքականությունն ընդլայնվելու է և բերելու է հարկային ճնշումների ուժգնացմանը։ Իսկ դա նշանակում է, որ հարկաբյուջետային լծակներն օգտագործվելու են սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում իրականացնելու և «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու համար։ Դա իր հերթին հանգեցնելու է մարդկանց և կապիտալի արտահոսքի։ Ասել է թե՝ հաջորդ տարվա բյուջեն վերանայվելու է անգամ այս իշխանության վերարտադրման պարագայում։

Այսպիսով՝ ԱԺ–ում քննարկվող հաջորդ տարվա բյուջեն «անտեր» է։ Հարցն այն է, թե հաջորդ տարվա ընտրությունների արդյունքում ով է տեր կանգնելու նոր բյուջեին՝ տնաբույծ բոլշևիկնե՞րը, թե՞ ժողովուրդը։

Կորյուն Մանուկյան  

Այս խորագրի վերջին նյութերը