Մեկնաբանություն

02.11.2012 00:05


Ովքեր և ինչու են դարձել «Միշիկ.am»–ների սիրելիները

Ովքեր և ինչու են դարձել «Միշիկ.am»–ների սիրելիները

Բաղրամյան 26–ում ահագին անհանգստացած են «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձևի գործնական կիրառման հեռանկարից։ Դա է պատճառը, որ օգտագործվում են բոլոր հնարավոր ռեսուրսները, միջոցներն ու մարդիկ։

«Միշիկ.am»–ները և «Միշիկ-Press»–ը, բնականաբար, տարածքներ և էջեր են տրամադրում բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս «թունդ ընդդիմադիր» դիրքերից, բայց քննադատում են ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին։

ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ օգտագործվողներին պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ «դատարկ դհոլներ» և «ազնիվ քյարփինջներ»։ Այս երկու կատեգորիայի մարդիկ ֆորմալ առումով ընդդիմադիր դաշտից են, բայց տարբեր կարգավիճակներով ու տարբեր մոտիվներով աշխատում են իշխանության օգտին։

Արտաշես Գեղամյանի հոգեզավակները

«Դատարկ դհոլները» գործում են իշխանության գրած սցենարով և ամբողջությամբ ուղղորդվում Բաղրամյան 26–ի կողմից։ Իշխանությունն ու «դատարկ դհոլը» գործում են նախապես ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում։ «Դհոլը» գիտի, որ ինքը ոչ թե ընդդիմություն է, այլ ընդդիմություն է խաղում՝ որոշակի «զրոների» կամ «բոնուսի» դիմաց։

«Դհոլն» ընդդիմություն է Սերժի իրական ընդդիմախոսներին։

Պարբերաբար հայտնվելով ՀՀ նախագահի  փեսա Միքայել Մինասյանի և ՀՀ նախագահի օգնական Սևակ Լալայանի կողմից փաստացի կառավարվող լրատվամիջոցների մանիպուլյացիոն գործիքի դերում՝ «դհոլները» կոնկրետ առաջադրանք են կատարում։ (Անտեղյակների համար ասենք, որ Սևակ Լալայանը թուրքերի հետ քիրվայություն անելու գաղափարախոսներից է, Սերժ Սարգսյանի երիտթևի կարկառուն ներկայացուցիչներից, բազմամիլիոն գրանտների բաշխման հարցում «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած Թևան Պողոսյանի գործընկերը, ՀՀ նախագահի պարզունակ ելույթների տեքստեր գրողը, տխրահռչակ «Հավատա՛նք, որ փոխենք» կարգախոսի հեղինակը և տեղեկատվական դաշտում «մուտիլովկաների» արտադրամասի պետը, ով տարբեր անունների տակ թաքնվելով՝ ակտիվ գործունեություն է ծավալում «Միշիկնոցներում» ու սոցիալական ցանցերում, և ում թվում է, թե ինքը կարողացել է թաքցնել իր ականջները)։

«Դատարկ դհոլներին» նույնիսկ անզեն աչքով կարելի է տարբերել։ Նրանք  հայտարարում են, թե ընդդիմադիր են, կոկորդիլոսի արցունքներ են թափում մարտի 1–ի թեմայով, բայց չգիտես ինչու, մարտի 1–ի թիվ մեկ շահառու Սերժին թողած, հարձակվում են ՀԱԿ–ի ու ԲՀԿ–ի վրա։

«Դհոլների» համար մարտի 1–ին ասուլիս տված ու երկխոսության կոչ արած Վարդան Օսկանյանն այդպիսով ավելի մեծ մեղք է գործել, քան մարտի 1–ի 10 զոհերի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը։

Գեղամյանի հոգեզավակներին հանգիստ կարելի է տարբերել նաև «հոլոգրաֆիկ» նշանով։ Նրանց կողմից կիրառվող  կոդը հետևյալն է՝ հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, գովել անդեմ ու անհասցե «քաղաքացիական հասարակությանը» և քննադատել ՀԱԿ–ին այն բանի համար, որ այդ կառույցն ուզում է իշխանափոխության հասնել ԲՀԿ–ի հետ համագործակցելով։

«Դատարկ դհոլների» վրա,  լրատվական դաշտում օգտագործվելուց բացի, դրված է նաև քաղաքական տիրույթում գեղամյանություն անելու գործառույթը։ Սերժի հին հաճախորդները «խուրդվել» են ու բարոյապես մաշվել, ուստի անհրաժեշտություն է առաջացել  նոր հաճախորդների, ովքեր պետք է 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ձայներ փախցնեն իշխանության հիմնական հակառակորդից։

«Դատարկդհոլությամբ» են զբաղված ՀԱԿ–ը լքած Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը և Դավիթ Շահնազարյանը։ Նրանցից հետ չեն մնում «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները ներկայացնող որոշ գործիչներ, ովքեր հատկապես ակտիվ «դհոլություն» էին անում խորհրդարանական ընտրությունների փուլում, բայց իրար «քցելով» և միասնաբար «քցվելով» իշխանության կողմից՝ այժմ մի փոքր հանգստացել են։

«Դատարկ դհոլի» ֆունկցիա են կատարում նաև որոշ «անկախ» վերլուծաբաններ, «քաղաքացիական ակտիվիստներ», «Ֆեյսբուքում» քնող «կենդանիներ», ստատուսներ գրող «ֆեյքեր» և «մտավորականներ»։

«Էշ նահատակի» նոր տեսակ՝ «ազնիվ քյարփինջ»

Ինչ վերաբերում է «ազնիվ քյարփինջներին», ապա սրանք նույն «դատարկ դհոլների» դերն են կատարում, բայց անվճար և աննպատակ։ Նրանք չեն հասկանում, որ օգտագործվում են սևակամիշիկական քարոզչամեքենայի կողմից՝ հայտնվելով էժանագին «շավկայի» կարգավիճակում։

«Ազնիվ քյարփինջն» անկեղծորեն համոզված է, որ ինքը դեմք է և ընդդիմադիր հայացքներ ունի։ «Քյարփինջը» վստահ է, որ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ խոսելով՝ պայքարում է Սերժի դեմ։

«Քյարփինջին» հիմա ներշնչում են, որ Լևոն Տեր–Պետրոսյանը միայն իր նմանների շնորհիվ կարողացավ այդքան ձայն հավաքել ու դառնալ ընդդիմադիր դաշտի լիդեր։ Այդպիսով՝ իշխանական թիմն օգտագործում է սրանց թուլությունները և չկայացած մարդ լինելու հանգամանքը։

«Դուք չլինեիք, Լևոնը ոչ մի բանի չէր հասնի, իսկ հիմա հասել է ու ձեզ բանի տեղ չի դնում։ Ինչպիսի՜ անարդարություն»,–«ազնիվների» բարդույթների և չբավարարված փառասիրության վրա են խաղում «Միշիկ.am»–ները։ Դրանից հետո «քյարփինջն» իրեն կարևոր դեմք է զգում և լծվում է գործի։

«Քյարփինջը» ներքուստ համոզված է, որ ժողովուրդը սպասում է իր խոսքին, և այդ խոսքը հատկապես ազդեցիկ կլինի, եթե հագեցած լինի ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի քննադատությամբ։

 «Քյարփինջներին» ներշնչում են, որ իրենք դեմք են և ՀԱԿ–ի ու ԲՀԿ–ի դեմ խոսելու դեպքում կարող են դառնալ ընդդիմադիր դաշտի կարևոր խաղացող (ասացե՛ք խնդրեմ, ուրիշ էլ ի՞նչ է պետք քաղաքական դաշտի թափոններին, ովքեր իրենց վերջապես գնահատված են զգում և «կաստում–գալստուկ» հագնելու առիթ ստանում)։

«Ազնիվ քյարփինջներն» էլ «դհոլների» պես դեմ են Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությանը, բայց չեն ասում, թե ինչ պետք է անել Հայաստանի հերն անիծած այս իշխանության հեռացման համար։

«Ազնիվ քյարփինջների» թիմը, ի դեմս Գառնիկ Մարգարյանի, վերջերս նոր համալրում է ստացել։ Տպավորությունն այնպիսին է, որ նա տուն չի գնում և քնում է «Միշիկ.am»–ում, որպեսզի առավոտյան արթնանա ու միկրոֆոն տեսնելուն պես հայտարարի՝ ես դեմ եմ ՀԱԿ–ի գծին։ Նրանք, ովքեր չեն ճանաչում այդ մարդուն, թող վատ չզգան, քանզի միայն «քոքված» լրագրողներն են տեղյակ «Հայրենիք և պատիվ» անունը կրող կուսակցության միակ ներկայացուցիչ Գառնիկից։ Նա ՀԱԿ–ի անդամ այն գաճաճ կուսակցությունների ղեկավարներից է, որոնց այս օրերին անխնա ու անվճար օգտագործում է սերժամետ մամուլը՝ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի վրա «քսի» տալու նպատակով։

Գառնիկին «Միշիկ.am» կայքը մասնագիտացրել է Տեր–Պետրոսյանի գծի դեմ խոսելու վրա։

 «Բա ի՞նչն է իր հենարանը, միանձնյա՝ որպես Լևոն Տեր–Պետրոսյան, ի՞նչ կարող է անել, եթե չլինեն կուսակցությունները,–ինքն իրեն մեծ դեմք համարելով՝ հայտարարել է Մարգարյանն ու ավելացրել,–ՀԱԿ–ԲՀԿ համագործակցության դեպքում մենք ՀԱԿ–ում անելիք չունենք»։

Ընթերցողին առաջարկում ենք ուշադրություն դարձնել ոչ թե Գառնիկի ձևակերպումների, այլ իր ղեկավարած կուսակցության մասին խոսելիս «մենք» հոգնակի դերանունն օգտագործելու հանգամանքի վրա։

Փաստորեն, պարզվում է, որ «Հայրենիք և պատիվ» կուսակցությունում, բացի Գառնիկից, էլի մարդիկ կան, ու դրա համար էլ նա օգտագործում է «մենք»–ը, մինչդեռ լրագրողներս բնության մեջ դեռ չենք հանդիպել մարդու, ով կներկայանա որպես Մարգարյանի կուսակից։ Անհայրենիք և անպատիվ մարդու որքան ասես տեսնում ենք, բայց Գառնիկի հետևորդ՝ դեռ չենք տեսել։ Ասել է թե՝ «մենք»–ի օգտագործումը «Հայրենիք և պատիվի» ղեկավարի կողմից, մեղմ ասած, գլուխգովանություն է, կամ էլ՝ Մարգարյանն իր մասին հոգնակի թվով խոսելու «խասիաթ» ունի։ Ինչևէ։

ՀԱԿ–ի ու ԲՀԿ–ի դեմ «ազնիվքյարփինջություն» է անում նաև մեկհոգանոց կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը, ով մինչև վերջերս «Լևոնի վկայի» կարգավիճակ ուներ, բայց արի ու տես, որ քաղաքագիտական վերլուծությունից հետո դարձավ «դատարկ դհոլների» հետևորդ։

Գառնիկից ու Սոսից շատ ավելի շուտ էր «ազնիվ քյարփինջ» դարձել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, ում ղեկավարած կառույցը, անշուշտ, շատ ավելի հզոր է, քան Գառնիկինն ու Սոսինը, քանզի Մակեյանի բանակում մի քանի տասնյակի հասնող հզոր թիմ կա։ Չար լեզուներն ասում են, թե Պետրոսն այլևս «ազնիվ քյարփինջ» չէ, այլ մի «կլաս» բարձրացել է, բայց դա արդեն էական չէ, քանզի տարբերություն չկա, թե մարդն ինչ կարգավիճակով է ծառայում Սերժին։

Ամփոփելով թեման՝ նկատենք, որ «ազնիվ քյարփինջից» դեպի «դատարկ դհոլ» մեկ քայլ է, և բոլորն էլ կարող են ի վերջո հայտնվել Գեղամյանի կողիքն, բայց արդեն՝ Գեղամյանի ստացածից մի զրո պակաս գնով և առանց մանդատի։ Այլ կերպ ասած՝ «ազնիվ քյարփինջը» նույն «դատարկ դհոլն» է, բայց առանց «զրոների»։ Ահա՛ թե ովքեր են դարձել «անկախ» մամուլի սիրելիները։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը