Լրահոս

12.06.2009 16:05


Համաշխարհային բանկը փոխհատուցո՞ւմ է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի դադարեցրած ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորումը

Համաշխարհային բանկը փոխհատուցո՞ւմ է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի դադարեցրած ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորումը

-Համաշխարհային բանկը նախապատրաստել և արդեն սկսել է իրագործել Հայաստանի գյուղական ճանապարհների՝ 25 մլն դոլար արժողությամբ ծրագիրը, որով նախատեսվում է Հայաստանի 16 բնակավայրերի ընդհանուր առմամբ 100 կիլոմետր ավտոճանապարհների վերականգնում։ Հաշվի առնելով, որ այս ոլորտում մեծ ներդրումներ են անհրաժեշտ, և որ գյուղական ճանապարհների վերականգնումը մեծ թվով աշխատատեղեր է ստեղծում, Համաշխարհային բանկը կշարունակի այս ոլորտում աշխատել։ Մտադիր ենք շուրջ 36 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնել՝ աշխատանքները որքան հնարավոր է շուտ, բայց ոչ՝ նախքան հաջորդ շինարարական սեզոնի սկիզբը, մեկնարկելու համար,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը՝ պատասխանելով «Հնարավո՞ր է, որ Համաշխարհային բանկը մասնակի կամ ամբողջովին ֆինանսավորի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի որոշմամբ դադարեցված ճանապարհաշինական աշխատանքները» հարցին։

Նա նաև նշել է, որ ՀԲ-ն առաջիկա 4 տարիներին Հայաստանին կտրամադրի 670-700 միլիոն դոլար, որը շուրջ 100 մլն-ով պակաս է ավելի վաղ հայտարարված գումարից։
Ա. Վարուդակիսը հայտարարել է նաև, այս տարվա ավարտին Հայաստանի տնտեսության անկումը կկազմի 9-9,5%, և որ հաջորդ տարվանից որոշակի աճ կնկատվի.

-2010թ. աճը կկազմի 1,5-2%, և այն կարագանա 2011-12 թթ.։ Իհարկե, սա կախված կլինի համաշխարհային տնտեսության վիճակից։

Այս խորագրի վերջին նյութերը