Մեկնաբանություն

02.11.2012 12:50


Ծառուկյանի և Սարգսյանի միջև փոխզիջումը բացառված է

Ծառուկյանի և Սարգսյանի միջև փոխզիջումը բացառված է

Քանի դեռ «Բարգավաճ Հայաստանը» չի հրապարակայնացրել իր ներսում ընդունած որոշումը գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ, իշխանական քարոզչամեքենան հնարավորություն ունի շարունակել ստի ու կեղծիքի տարածումը։ Նրանց միակ ռեսուրսն է դա և բնական է, որ Բաղրամյան 26–ում պետք է ապավինեն այդ ռեսուրսին։

«Անկախ» մամուլը պարբերաբար գրում է, թե իբր Գագիկ Ծառուկյանը փոխվարչապետի և մի քանի նախարարի պաշտոն ստանալու դիմաց պարտավորվել է սատարել Սերժ Սարգսյանին։ Դա բլեֆ է։ Չկա՛ և չի՛ կարող լինել նման բան։ Ավելին՝ ԲՀԿ և ՀՀԿ առաջնորդների միջև փոխզիջումը բացառվում է, և ահա թե ինչու։

Ծառուկյանի ու Սարգսյանի մեկնարկային պայմանները

Շատերի մոտ է հարց առաջանում, թե ինչու ՞ պետք է Գագիկ Ծառուկյանը, ով խոշոր սեփականատեր է, ռիսկի դիմի, դեմ գնա իշխանությանը և նախագահական ընտրությունների ժամանակ մրցի Սերժ Սարգսյանի հետ։ Մյուս հուզող հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է Ծառուկյանը դիմադրի պետական մեքենային։

«Եթե Սերժ Սարգսյանն ուզենա, ապա կստիպի ԲՀԿ–ին ու կստանա անհրաժեշտ սատարումը, հետևաբար՝ այս ամենը խաղ է»,– համոզված են քաղաքական գործիչ կոչվածները, իրենց վերլուծաբան համարողները, դատարկամտությամբ տառապող քաղքենիները և քաղաքական առումով անմեղսունակները։

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանն այնքան ուժեղ չէ, որ կարողանա ԲՀԿ–ին ճնշել և իր ուզածը ստանալ։ «Սերժ ամենակարողի» մասին շրջանառվող պատմությունները դատարկ միֆեր են և այդ մասին ամենալավը գիտեն նախագահի շրջապատում։

Սերժի ձեռքում վարչական և ուժային լծակներ կան, բայց նախ նկատենք, որ դրանք կիսափլուզված վիճակում են, քանզի պետական կառավարման համակարգում էլ են զզված Բաղրամյան 26–ից տարածվող խարդավանքներից ու բանսարկություններից։ Դե իսկ ֆինանսական կարողությունների տեսանկյունից ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի ռեսուրսները համարժեք են, ընդ որում՝ Ծառուկյանի տնօրինած ֆինանսական ռեսուրսների աղբյուրը հայտնի է, մինչդեռ անկախ Հայաստանում մշտապես պետական պաշտոններ զբաղեցրած Սարգսյանը չի կարող հիմնավորել, թե որտեղից են գոյացել իր փողերը։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի տնօրինած գումարները կոռուպցիոն ծագում ունեն, քանզի հնարավոր չէ զուտ պետական պաշտոնյայի համեստ աշխատավարձով երկրի թիվ մեկ օլիգարխը դառնալ։

Ոմանք կարող են ասել, թե Ծառուկյանի սեփականությունը լեգիտիմ չէ և ուրեմն նրա փողերն էլ օրինական ծագում չունեն, բայց այդ դեպքում ոչ օրինական պետք է համարել բոլորիս սեփականությունը՝ 30 մետրանոց ապօրինի ավտոտնակից մինչև «առաջ տված» 10 մետրանոց պատշգամբ, մասնավոր խանութից մինչև քարի արտադրամաս, «Ջազվե» սրճարանների տիպի օբյեկտներից մինչև «ՍԱՍ» սուպերմարկետ։

Եվ այսպես, ռեսուրսային առումով այսօր ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն գրեթե հավասար ստարտային վիճակում են և հետևաբար՝ Սերժը չի կարող Ծառուկյանին պարտադրել մի բան, որը ԲՀԿ առաջնորդի շահերից չի բխում։ Սերժի վարչական լծակները ԲՀԿ–ի կողմից կոմպենսացվում են հասարակական քվեով։ Մնացած առումով ԲՀԿ–ն առջևում է. Սերժի զրոյական խարիզմայի կողքին ունենք հասարակության որոշակի շրջանակների մոտ առկա անսահման հարգանքն ու սերն առ Ծառուկյան։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու են այդ շերտերն ընդունում Ծառուկյանին։ Փաստն այն է, որ հասարակության այդ շերտը կա և այն մեծաքանակ է։

Հասարակության մյուս շերտերը, որոնք վերապահում ունեն Ծառուկյանի կերպարի առումով, այդուհանդերձ ի դեմս նրա տեսնում են այս իշխանությունից ազատվելու միջոց։ Եվ ամենակարևորը՝ ԲՀԿ–ին իր գործընկեր է համարում հասարակության շարժիչ ուժը և փոփոխությունների գլխավոր պատվիրատուն՝ բուրժուազիան, ինչը նշանակում է, որ Ծառուկյանն ունի քաղաքական համախմբմանը նպաստող հսկայական ներուժ։

Անշու՛շտ կան շրջանակներ, որոնք պարզապես չեն ընդունում Ծառուկյանին, բայց դրանք եղանակ չստեղծող մարգինալ մարդիկ են, իսկ շատ դեպքերում՝ հաճախորդներ։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա մոտ, կրկնեմ, զրոյական վիճակ է։ Բացի իր նեղ շրջապատից՝ գործող նախագահը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ընդունված չէ այլ սուբյեկտների կողմից, այդ թվում՝ պետական ապարատում։

Քաղաքական նեկրոֆիլի հետ հնարավոր չէ համագործակցել

Երբ ԲՀԿ–ի հասարակական աջակցությունն ամրագրված չէր կոնկրետ թվով՝ ՀՀԿ ղեկավարը 2011թ. կարողացավ ստորագրություն կորզել Ծառուկյանից, բայց այս տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներն իրենց ազդեցությունը թողեցին կոալիցիոն հուշագրի բովանդակության վրա. ԲՀԿ–ն դուրս եկավ կոալիցիայից՝ դրանով իսկ պատռելով հուշագիրը։ Դա հնարավոր դարձավ նախևառաջ ընտրողի տված քվեի օգնությամբ։ Ի վերջո չպետք է մոռանալ, որ Ծառուկյանի թիմին ձայն է տվել մոտ կես միլիոն մարդ։ Այդ կես միլիոնն իրական մարդիկ են, այլ ոչ թե Սարգսյանի գլխավորած ցուցակին «ձայն» բերած շրջիկ խմբերի և կեղծ անձնագրերի հետևում թաքնված ընտրական «ֆեյքեր»։ Ժողովրդավարությունից ու հասարակական կարծիքից ամեն օր ճամարտակողները, չգիտես ինչու, հաշվի չեն առնում այս հանգամանքը և չեն ուզում նկատել, որ ԲՀԿ–ն այսօր ուժեղ է իր քվեով։

Սերժ Սարգսյանն ամենալավը գիտի ԲՀԿ–ի իրական կշռի մասին և այդ իսկ պատճառով էլ ուզում է չեզոքացնել այդ ուժին՝ սատարման կորզում ստանալու միջոցով։ Սարգսյանի նպատակը ԲՀԿ–ին ՕԵԿ–ացնելը, քաղաքական դաշտն ամայացնելն ու Հայկական Թուրքմենբաշի դառնալն է։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանին ԲՀԿ–ն ոչ թե որպես գործընկեր է պետք, այլ որպես քաղաքական դիակ։ Դա է պատճառը, որ փոխզիջում հնարավոր չէ Ծառուկյանի ու Սարգսյանի միջև։

«Ֆուտբոլասեր» նախագահը գործընկերային հարաբերություններ չի ընդունում և սեփական թուլությունից ելնելով՝ սարսափում է ինքնուրույն ուժերից ու մարդկանցից։

Առիթ ունեցել ենք գրելու, որ Սերժ Սարգսյանը տառապում է քաղաքական նեկրոֆիլիայով և իրեն լավ է զգում միայն քաղաքական դիակներով շրջապատված լինելու դեպքում։ Նրա ծրագիրը մասնավոր սեփականության վերաբաշխումն է ու «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելը, ինչը նշանակում է, որ Սերժի համար ընդունելի է միայն պատվիրատու–հաճախորդ հարաբերությունները, իսկ դա փոխզիջում չէ։

Հզոր վերլուծական կարողություններ պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ բոլշևիկյան մտածողությամբ առաջնորդվող Սերժ Սարգսյանին տեսականորեն կարող են սատարել Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր կամ գրեթե բոլոր սուբյեկտները բացի ԲՀԿ–ից, քանզի ԲՀԿ–ն բուրժուազիայի ներկայացուցիչ է, իսկ բոլշևիկների ու բուրժուազիայի միջև փոխզիջում չի կարող լինել։

Եթե անգամ Սերժին հաջողվի ճնշել ԲՀԿ–ին ու 2013թ. նախագահական ընտրությունների համար սատարում կորզել, ապա դա կլինի ոչ թե փոխզիջում, այլ ԲՀԿ–ի կապիտուլյացիան և Ծառուկյանի ունեզրկումը։  Ասել է թե՝ Սարգսյան–Ծառուկյան «համագործակցությունը» լինելու է կողմերից մեկի (տվյալ դեպքում Ծառուկյանի ու նրա գլխավորած կառույցի) լիակատար ոչնչացման հաշվին։

Ինչպես հայտնի է, փոխզիջումը լինում է իրավահավասար կողմերի պարագայում։ Փոխզիջման դեպքում կողմերը, մեծ հաշվով, գոհ են լինում փոխզիջումային լուծումից։ Սերժ Սարգսյանի պատկերացրած փոխզիջումը դիմացինի դալլաքյանացումը կամ գեղամյանացումն է, իսկ դա, կրկնենք, փոխզիջում չէ։

«Ծառուկյանը Սարգսյանի հետ պայմանավորվել է ու սատարելու է ՀՀԿ ղեկավարին»։ Սերժահաճո այս վարկածին հավատացողներին կխնդրենիք բացատրել, թե ո՞րն է այդ դեպքում լինելու Ծառուկյանի շահը։

Սերժամետ մամուլը չի էլ թաքցնում, որ վերընտրվելու դեպքում Սարգսյանը գնալու է մասնավոր սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման։ Եվ ուրմեն, ինչու՞ պետք է Ծառուկյանը, շատ լավ իմանալվ այդ մասին, գնա Սարգսյանին սատարելու ճանապարհով։ Որպեսզի երաշիքներ ստանա, որ չի՞ կորցնելու սեփականությունը։ Ումի՞ց երաշխիքներ ստանա։ Սերժի՞ց։ Լա՜վ էլի։ Սերժը «քցում» է անգամ իրեն իշխանության բերած հավատարիմ  մարդկանց, էլ ուր մնաց հավատ ներշնչի երբեք Սերժի տակ չեղած ու եբեք Սերժի «մարդը» չեղած ԲՀԿ առաջնորդի մոտ, մանավանդ որ փորձը ցույց է տալիս, որ գործող նախագահը որևէ պայմանավորվածություն չի պահում ու խաղում է կեղտոտ կանոններով։ 

Սերժ Սարգսյանը փոխզիջումների ու գործընկերության լեզուն չի հասկանում։ Նա ագահ մարդ է, շրջապատված է ագահ մարդկանցով և ուզում է գերեզմանոցի վերածել քաղաքական դաշտն ու հավերժ իշխել։ Եվ ուրեմն, Սերժի հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով ու նրան հասարակական ուժով հեռացում պարտադրել։

Ներկայումս Հայաստանում ստեղծվել է մի աննախադեպ վիճակ, երբ խոշոր բիզնեսի և ընդհանրապես բիզնեսի բոլոր շերտերի մասնավոր շահն ու հանրային լայն շրջանակների շահերը 100 տոկոսով համընկնում են։ Երկուսն էլ ուզում են դրական փոփոխություններ և անվտանգ կյանք։ Սերժի վերարտադրությունը անվտանգ չի դարձնելու ո՛չ բիզնեսմենների, ո՛չ մյուսների կյանքը։ Երկրից շարունակվելու է մարդկանց ու կապիտալի արտահոսքը, ինչը բերելու է մեր պետության վերացմանը։ Այսինքն՝ Սերժի վերարտադրությանը Հայաստանի պարտությունն է լինելու, իսկ դա ձեռնտու չէ ՀՀ քաղաքացիներին։ Սերժին իշխանությունից հեռացնելն այդպիսով դառնում է ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայման։ Միայն դրանից հետո է հնարավոր համակարգային փոփոխությունների գնալ։

Սերժ Սարգսյանը թույլ է հրապարակային քաղաքական դաշտում և տեղի է տալիս  միայն ուժ տեսնելու դեպքում։ Վերջին չորս տարիների ընթացքում Ծառուկյանն ահագին փորձ է կուտակել այդ առումով ու դրա համար էլ օրերս հավաքել է իր թիմին՝ կոչ անելով գնալ հասարակական–քաղաքական լայն համախմբման ճանապարհով և պատրաստվել կոշտ պայքարի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը