Մեկնաբանություն

03.11.2012 12:10


Րաֆֆիի հանգույն

Րաֆֆիի հանգույն

Նոյեմբերի 2–ը պատմական օր պետք է համարել։ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ասուլիս էր հրավիրել և անոնս արել այն մասին, որ 2013թ. նախագահական ընտրությունները ոչ միայն լարված, այլ նաև զվարճալի են լինելու։

Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նախագահական ընտրություններում առաջադրվելու իր որոշման որոշումը կայացնելու մասին և սպառնաց, որ դա առաջին ու վերջին անգամն է լինելու։  Իսկ մենք էլ կարծում էինք, թե տասը տարվա քաղաքացիության հարցը լուծելուց հետո Րաֆֆին հավերժ նախագահի թեկնածու կլինի ու ամեն ընտրության ժամանակ կուրախացնի բազմաչարչար հայ ժողովորդին, բայց չէ, Րաֆֆին որոշել է շատ երես չտալ մեզ ու առաջադրվել միայն մեկ անգամ այնպես, ինչպես երգարվեստի ներկայացուցիչներն են մոտ 5 անգամ «վերջին» համերգային շրջագայությունը կազմակերպում մեծ բեմը լքելուց առաջ։

Ուշագրավն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե մի հատ էլ նոյեմբերի 5–ին է ասուլիս հրավիրելու և խոսելու իր առաջադրման մասին։ Այսինքն՝ Րաֆֆին երեկ ասուլիս հրավիրեց, որպեսզի թափ հավաքի ու մի քանի օր անց հուժկու ձևով առաջադրվի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ժառանգություն» կուսակցությունն էլ կարող է համագումար հրավիրել ու առաջադրել Րաֆֆիին՝ մենք դեռ շատ կլսենք նրա առաջադրվելու և ինքնաառաջադրվելու մասին։

Այն, որ Րաֆֆին առաջադրվելու էր՝ որևէ կասկած չկար. մարդն այդքան սպասել էր այդ պահին։ Մնում է միայն պարզել, թե այս անգամ ու՞մ հետ է նա գաղտնի պայմանավորվածություններ ձեռքբերել, որպեսզի երկար չտառապենք՝ իմանալու համար, թե ումից է «քցվելու» և նեղանալու։

Հետաքրքրության առարկա  է նաև այն, թե այս անգամ ինչի՞ ֆոնին է պար գալու Րաֆֆին։ Ընտրությունները ձմռանն են, և ճիշտ կլինի, որ նա, անվտանգության նկատառումներից ելնելով, ոչ թե բուն Մասիսի, այլ Մասիսի նկարի ֆոնին սրտաճմլիկ իր ելույթներն ունենա և անտաղանդ թռչկոտի «գետի այն ափին, այն ափին» բառերի ներքո, իսկ բերանից ակնկալվող գոլորշու բացակայությունը կարելի է համակարգչային տեխնոլոգիաներով ստանալ։ Րաֆֆիին պետք է հետ պահել Արևմտյան Հայաստանի ուղղությամբ հունվար–փետրվար ամիսներին իր պահանջատեր հայացքը գցելուց, քանզի սարերի քամին կարող է մրսեցնել մեր փրկչի հոգնատանջ մարմինն, ու մենք զրկվենք քաղաքական հեռուստասերիալ դիտելու հնարավորությունից։ Դրա համար էլ խորհուրդ ենք տալիս հիմիկվանից Մասիսի մեծ նկար գտնել։

Մի շարք հանգամանքներից ելնելով՝ կարծում ենք նաև, որ «Ժառանգությունում» պետք է վերանայեն իրենց «Գալի՛ս ենք» կարգախոսը, քանզի կյանքը ցույց տվեց, որ նրանք ոչ թե գալիս, այլ տալի՛ս էին։ Ուրիշ բան չմտածեք։ Նկատի ունեմ այն, որ սուտ խոստումներ էին տալիս։ Օրինակ՝ խոստանում էին 50% ձայն հավաքել ԱԺ ընտրություններում, բայց պարզվեց, որ Սերժին սխալ էին հասկացել, ու ստացան մի զրո պակաս։

Եվ ուրեմն, այս անգամ պետք է հանդես գալ «Էլ չե՛նք գալու» կարգախոսով։ Այն լրիվ համահունչ կլինի Րաֆֆիի ասածներին՝ առաջին ու վերջին անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։

Մի խոսքով՝ սպասվող ուրախ կյանքը մեր Րաֆֆի Հովհաննիսյանն է տալու։ Մնում է միայն, որ հանկարծ չփոշմանի և անորոշ ժամանակով Ֆրեզնո չգնա։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ընտրողներին հետաքրքրում է այն հարցը, թե գալիք ընտրություններում ի՞նչ կերպարով է իրենց ներկայանալու Րաֆֆի Հավհաննիսյանը՝ բեղերո՞վ, թե՞ առանց։ Այս պահին, անշու՛շտ, դժվար է այդ հարցի պատասխանը գտնել, բայց կարող ենք հետևյալն ասել. եթե Րաֆֆին ընտրապայքարի մեջ մտնի ազգային ազատագրական բեղերը ետողորմյա արած, ուրեմն մարտական է տրամադրված, իսկ եթե «Ժառանգության» ղեկավարն անբեղ ու անմորուս թեկնածու լինի, ապա դա կնշանակի, որ նա հերթական անգամ հավատացել է «մարդամեկին» ու փոխվել։  

Այս խորագրի վերջին նյութերը