Մեկնաբանություն

03.11.2012 15:53


Սերժ Սարգսյանը կախված է Հովիկ Աբրահամյանից

Սերժ Սարգսյանը կախված է Հովիկ Աբրահամյանից

Ինչպես հայտնի է, ՀՀԿ–ում որոշել են գալիք նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի շտաբի պետ նշանակել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Ավելի ճիշտ՝ ՀՀԿ–ն «դակել» է Սերժ Սարգսյանի նախապես կայացրած որոշումը։

Սերժամետ լրատվամիջոցները շտապել են «վերլուծականներ» ներկայացնել և տարածել այն տեսակետը, թե իբր Գագիկ Ծառուկյանի խնամի Աբրահամյանի շտաբի պետ դառնալը ցույց է տալիս, որ ԲՀԿ առաջնորդը համաձայնության է եկել Սերժ Սարգսյանի հետ, և իբր դա նշանակում է, որ ԱԺ խոսնակը նախագահական ընտրությունների ժամանակ փաստացի լինելու է ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի միասնական շտաբի ղեկավարը։

Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։ Հովիկ Աբրահամյանին Սարգսյանը վստահել է իր շտաբը, որպեսզի ԱԺ խոսնակը երկփեղկված վիճակում հայտնվի և գոնե մասամբ աշխատի ՀՀԿ–ՕԵԿ զույգի կողմից պաշտպանվող թեկնածուի օգտին։ Եթե Սերժն իր շտաբի ղեկավար չնշանակեր Հ. Աբրահամյանին, ապա վերջինս լեգիտիմ հնարավորություն կստանար աշխատելու ԲՀԿ առաջնորդի համար։ Այսինքն՝ տեղի ունեցածը ճիշտ հակառակի մասին է վկայում, այն է՝ Ծառուկյանը նախագահական ընտրությունների ժամանակ ոչ թե սատարելու է Սարգսյանին, այլ իրենք լինելու են հակառակ ճամբարներում։

Աբրահամյանին նախընտրական շտաբի պետ նշանակելով՝ Ճակատային պայքարից սարսափող ու ԲՀԿ–ի պոտենցիալին լավ տիրապետող ՀՀԿ ղեկավարը փորձում է  «Տե՛ս՝ ես քո խնամուն ինչպիսի դերում եմ վստահել» թեմայով հաճոյանալ Գագիկ Ծառուկյանին։ Սերժն այդպիսով ուզում է ապահովագրվել և որոշակի զարգացումների դեպքում անձնական երաշխիքներ ստանալ։ Այսինքն՝ Սերժը հույս ունի, որ եթե իրեն չհաջողվի ընտրակեղծիքների միջոցով մնալ աթոռին, ապա Հովիկ Աբրահամյանը նախագահական ընտրություններից հետո կդառնա այն բուֆերը, ով թույլ չի տա իր քադաֆիացումը։

Պարզից էլ պարզ է, որ Սերժն իր վերընտրության հարցը լրիվ ուրիշ մարդկանց է վստահել, ու Հովիկը չէ, որ պետք է շտաբային աշխատանքով ձայն բերի իրեն։ ԱԺ վերջին ընտրություններն ասվածի վառ ապացույցն են։ Սերժի հույսը մայիսի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքն ու շրջիկ խմբերն էին, իսկ շտաբը բուտաֆորիկ դերակատարում ուներ։ Եվ ուրեմն, ԱԺ նախագահին Սերժը շտաբ է վստահում ու այս անգամ չի պահանջում պաշտոնից հրաժարվելու գնով ապացուցել իր հավատարմությունը, քանի որ հիմա լրիվ ուրիշ վիճակ է, և Սերժը մտավախություն ունի, որ լրիվ այլ զարգացումներ կարող են լինել։

Պատահական չպետք է համարել այն հանգամանքը, որ Աբրահամյանին շտաբի պետ նշանակեցին այն բանից հետո, երբ Ծառուկյանը ԲՀԿ–ի նիստ հրավիրեց ու իր թիմին կոչ արեց պատրաստվել կոշտ պայքարի, ինչպես նաև հստակ «մեսիջ» ուղարկեց հանրությանն ու քաղաքական շրջանակներին, որ պատրաստ է ՀԱԿ–ի ու շահագրգիռ այլ ուժերի հետ համատեղ գնալ փոփոխությունների։ Ուժից վախեցող Սերժն անմիջապես արձագանքեց ԲՀԿ նիստին ու շտապեց խորհրդարանի ղեկավարին իր շտաբի պետ կարգել։

Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ չի կարողացել և չի կարողանալու խոչընդոտել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի կյանքի կոչմանը և հիմա փորձում է նահանջի տեղ թողնել իրեն, որպեսզի հեռանալու դեպքում հեռանա «ա լյա» Յուշչենկո կամ գոնե Շևարդնաձե, ինչը ճիշտ կլինի և՛ իր, և՛ հանրության համար։

Այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանին շտաբի պետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը բացահայտեց իր վախը, իսկ «անկախ» մամուլը հիմա պարզապես փորձում է քողածածկել այդ վախը՝ «մուտիլովկաներ» տարածելով, բայց դե դրանք կարող են ընդամենը համապատասխան սրտի մխիթարանք դառնալ Սերժի նեղ շրջապատի համար։ Ոչ ավելին։

Սերժ Սարգսյանն իր ճակատագրի տնօրինումն այլևս հանձնել է Հովիկ Աբրահամյանին, և այդ հանգամանքը հնարավոր չէ թաքցնել։ Իսկ այն, որ Աբրահամյանը հրապարակավ ցանկություն է հայտնում, թե լավ կլինի, որ ԲՀԿ–ն սատարի Սերժ Սարգսյանին, ևս մեկ ապացույցն է այն բանի, որ նման բան չի լինելու։ Այս իշխանություններն իրենց հարցերը միշտ փորձում են լուծել կուլիսներում, իսկ հրապարակային խոսքին դիմում են վերջում։ Վերջն արդեն եկել է, և Հովիկը միայն հույս է հայտնում, որ Ծառուկյանը կստարի Սերժին՝ պարզապես, այսպես ասած, էթիկայից ելնելով և շատ լավ իմանալով, որ իրեն շտաբի պետ են նշանակել, քանզի համոզվել են, որ սատարում չի սպասվում, այլ սպասվում է կոշտ պայքար, ինչից Սարգսյանը վախենում է այնպես, ինչպես սատանան խունկից։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ԱԺ վերջին ընտրություններից հետո Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցներն անընդհատ տեղեկացնում էին, թե իբր ԲՀԿ–ն մնալու է կոալիցիայում, պարզապես դրա դիմաց պահանջում է Սերժից Հովիկ Աբրահամյանին նշանակել ԱԺ նախագահ, սակայն ՀՀ նախագահը տեղի չի տալիս ու Ծառուկյանը կմնա կոալիցիայում առանց իր խնամու համար լավ գործ ապահովելով։ Դրանով ուզում էին վարկաբեկել ԲՀԿ առաջնորդին՝ ցույց տալով, թե իբր Ծառուկյանը ժողովրդից ձայն էր խնդրում ընդամենը իր ու իր խնամու համար յուղոտ  պաշտոններ պոկելու համար։

ԲՀԿ–ն, ինչպես տեսան բոլորը, կոալիցիայից դուրս եկավ, իսկ Հովիկ Աբրահամյանը, հակառակ իշխանամետ մամուլի վարկածի, դարձավ ԱԺ նախագահ։ Նկատենք, որ  Աբրահամյանը գլխավորեց խորհրդարանը ճիշտ այն նույն պատճառով, ինչ պատճառով որ այժմ դարձել է Սերժ Սարգսյանի շտաբի պետը։

Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնը 2–րդ անգամ հանձնելով՝ Սերժ Սարգսյանը հույս ուներ նրա միջոցով Գագիկ Ծառուկյանի թիմից ստանալ «նոր» կառավարության ծրագրի սատարում և լոյալ վերաբերմունք իշխանության հանդեպ, սակայն կյանքը ցույց տվեց, որ Աբրահամյանի հնարավորությունները խիստ գերագնահատված էին։

Այս խորագրի վերջին նյութերը