Մեկնաբանություն

05.11.2012 09:41


«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ըստ «Gallup»–ի

«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ըստ «Gallup»–ի

Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանի թիմն սկսել է հանրային կարծիքի վրա ազդելու մանիպուլյացիոն գործիքների կիրառումը։ Գործի է դրվել «սոցիոլոգիան», որի նպատակն է գործող նախագահին ամենաբարձր վարկանիշով ներկայացնելը։

Վերջերս այդպիսի պատկեր լսարանին հրամցրեց տխրահռչակ «Gallup»–ը։ Ըստ այդ կազմակերպության տվյալների՝ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային նախագահական ընտրությունները, ապա հարցվածների 28 տոկոսն իր ձայնը կտար Սերժ Սարգսյանին, ով 9 տոկոսով առաջ է պոկված իրեն հաջորդող նախագահի մյուս հավանական թեկնածուից։ Ինչպես և սպասվում էր, իշխանամետ լրատվամիջոցներն ինտենսիվորեն տարածեցին տոկոսային «ավետիսը»։

Այն, որ այդ հարցումը գրասենյակային պայմաններում է անցկացվել, իսկ տոկոսներն էլ նախապես են պատվիրվել, ակնհայտ է։ Հարցման արդյունքներին ծանոթանալիս տպավորությունն այնպիսին է, որ ընդամենը խնդիր է դրված եղել Սերժ Սարգսյանին առաջինը ներկայացնել։

Միայն այն հանգամանքը, որ «Gallup»-ը ՀՅԴ–ական Վահան Հովհաննիսյանի և ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի վարկանիշային միավորները հավասար է ներկայացրել (մեկական տոկոս), իսկ ԱԺ ընտրությունների ժամանակ «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքով մի կերպ 5%-ի շեմը հաղթահարած և ներդաշինքային հայտնի իրադարձությունների արդյունքում ամբողջությամբ վարկաբեկված Րաֆֆի Հովհաննիսյանին ավելի բարձր տոկոս գրել (4%), քան Լևոն Տեր–Պետրոսյանին (3%), արդեն հուշում է, որ գործ ունենք զուտ թվային աճպարարության հետ, այլ ոչ թե իրական հարցումների։

Սակայն եթե մի պահ ենթադրենք, որ «Gallup»–ը ճիշտ թվեր է ներկայացրել, ապա շատ հետաքրքիր բան է ստացվում։ Կազմակերպությունն այդ ակամայից բացահայտել է «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի ներքին պոտենցիալը։

Սերժ Սարգսյանին տալով 28%՝ «Gallup»–ը, փաստորեն, ցույց է տվել, որ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանի» կյանքի կոչման պարագայում ՀՀԿ ղեկավարը ոչ մի շանս չունի և կպարտվի նախագահական ընտրությունների ժամանակ։

28%-ը ցույց է տալիս նաև, որ մեզ սպասվում է երկրորդ փուլ, ինչը բնական ճանապարհով կհանգեցնի «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանի», եթե, իհարկե, այդ ձևաչափը չհաջողվի ամբողջական տեսքի բերել դեռևս առաջին փուլից առաջ։

Դե ինչ, մեզ մնում է միան արձանագրել, որ անգամ իշխանության պատվերով անցկացված հարցումներով Սերժ Սարգսյանի գործերը լավ չեն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը