Մեկնաբանություն

06.11.2012 14:51


Ովքեր և ինչու են աջակցում Սերժ Սարգսյանին

Ովքեր և ինչու են աջակցում Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանին պաշտոնապես աջակցում են մայիսի 6–ից հետո կոալիցիոն հուշագրով իրար հետ կապված ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը, ինչպես նաև բացահայտված հաճախորդ կուսակցությունների ղեկավարները։ Այստեղ որևէ անակնկալ չկա. այն ինչ արեց Սարգսյանն Արթուր Բաղդասարյանի ու նրա նմանների հետ, պարզապես պարտավոր էր «ամուսնանալ»։

Սերժ Սարգսյանն ունի նաև, այսպես ասած, թաքնված աջակցողներ, որոնց մի մասը գիտակցաբար, իսկ մյուս մասը չգիտակցելով է ստանձնել այդ դերը։ Սրանք արտաքուստ ընդդիմադիր են կամ «չեզոք» մարդիկ։

ՀՀԿ ղեկավարին գեղամյանավարի աջակցում են արամսարգսյանները և դավիթշահնազարյանները, ովքեր ընդդիմադիր հռետորաբանությամբ են հանդես գալիս, բայց քննադատության թիրախ են դարձնում ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին, և կատաղի պայքարում «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան»–ը կյանքի կոչելու դեմ։ Ի դեմս այդ մարդկանց՝ մենք գործ ունենք գիտակցված ձևով Սերժ Սարգսյանի օգտին աշխատողների հետ։

Քաղաքական դաշտը կեղտոտելով՝ Սերժին ծառայություններ են մատուցում նաև «անկախ» մամուլի միջոցները, նախագահականին կից գործող վերլուծաբանները և հավերժ իշխանամետ «խոսող գլուխները», որոնց վրա խնդիր է դրված հանրությանը համոզել, թե Սերժը չարյաց փոքրագույնն է։ Բնականաբար այդ ամենը վճարովի ծառայություն է, և կողմերը գիտեն, որ գործում են պատվիրատու–հաճախորդ տարբերակով։

Քաղաքական ու հասարակական դաշտում կան նաև անվճար հիմունքներով Սերժի ջրաղացին ակամա ջուր լցնողներ, ովքեր հիմնականում հետևյալ ձևակերպումներով են հանդես գալիս.

Ա. Սերժ Սարգսյանը վատ  է կառավարում, բայց միևնույն է՝ մնալու է իր պաշտոնին, քանի որ հնարավոր չէ ընտրակեղծիքների դեմն առնել,

Բ. Սերժ Սարգսյանը ձախողված նախագահ է, բայց այս պահին նրա այլընտրանքը չկա, ուստի պետք է սպասել, մինչև նոր սերունդ գա,

Գ. ԲՀԿ–ն երկար ժամանակ իշխանության մաս է կազմել, հետևաբար՝ չարժե Ծառուկյանի թիմի հետ համագործակցելով՝ գնալ իշխանափոխության,

Դ. Երեք նախագահների  մեջ Սերժը չարյաց փոքրագույնն է,

Զ. Այս իշխանության դեմ պետք է պայքարել քաղաքացիական շարժումներով, որոնք դեռ կայացած չեն, և ուրեմն պետք է սպասել, մինչև կայանան։

Սրանք այն հիմնական կոդերն են, որոնցով հանդես են գալիս յուրօրինակ ու անկախ երևալու ցանկություն ունեցող տարատեսակ դեմքերը, ովքեր չեն զգում կամ այնքան էլ չեն զգում, որ իրենց դիրքորոշմամբ, փաստացի, նպաստում են այս իշխանության վերարտադրմանը, քանզի հիասթափության, անելանելիության և ապատիայի մթնոլորտի ձևավորումը ձեռնտու է միայն Սերժ Սարգսյանին ու իր նեղ շրջապատին։

Անկախի կարգավիճակով և ընդդիմադիր դիրքերից նմանատիպ մտքեր հայտնողները պարզապես չեն հասկանում, որ եթե Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել, ապա իրենց այն հույսը, թե քաղաքացիական դեմքերը կաճեն ու տարիներ անց կդառնան լիդերներ, պարզապես չի արդարացվի, քանի որ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման և բոլշևիկյան գաղափարախոսության պարագայում կոչնչնացվի քաղաքական ու քաղաքացիական ցանկացած օջախ և շարժում, որոնք չեն տեղավորվի իշխանական ուղղահայացի մեջ։

Գերհզոր վերլուծական կարողություններ պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ այն դեմքերը, ովքեր այսօր ակամայից օգնում են Սերժին ու դրանով իսկ դարձել են «անկախ» մամուլի սիրելին, «Վերարտադրություն» օպերացիայից հետո այլևս դառնալու են անպիտան գործիքներ և վերածվեն «արտադրական» թափոնի։

Քաղաքական ու քաղաքացիական դաշտը կարող է զարգանալ միայն մրցակցային տնտեսության և հակակշիռների մեխանիզմով կառուցված պետական ինստիտուտների դեպքում։ Մնացածը բլեֆ խոսակցություններ են և ինքնախաբեություն։

Չպետք է մոռանալ, որ «ազնիվքյարփինջությունից» մինչև «դհոլություն» մեկ քայլ է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը